Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մասնակցել են Մուսա Լեռան հերոսամարտում շուրջ 4000 հայի կյանք փրկած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի գերեզմանից բերված հողի զետեղման, հուշաքարի բացման արարողությանը

Մայիս 26,2025 23:50

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Երկու երկրների ԱԳ նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այցի շրջանակում երկու երկրների պետական այրերի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի ետնամասում տեղի ունեցավ ֆրանսիացի Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարի հանդիսավոր բացումը՝ ի նշան երախտագիտության և Մուսա Լեռան հերոսամարտի 110 ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև ծովակալի հարազատները: Նշենք, որ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեն 1915 թ. Մուսա Լեռան հերոսամարտի ժամանակ զբաղեցրել է ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալի պաշտոնը և, վտանգելով զինվորականի իր հետագա ծառայությունն ու չսպասելով ֆրանսիական կառավարության հրամանին, միանձնյա որոշում է կայացրել օգնության հասնել անհավասար պայքարի մեջ գտնվող հայերին, ինչի շնորհիվ 4000-ից ավել մուսալեռցիներ փրկվել են և տեղափոխվել Եգիպտոս՝ Պորտ Սաիդ վրանաքաղաք:

ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանն իր խոսքում նշեց, որ այսօր պատմական օր է հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմության մեջ: Հայոց ցեղասպանությունից և Մուսա լեռան ինքնապաշտպանությունից 110 տարի անց, հայ ժողովուրդը իր երախտագիտությունն է հայտնում ցեղասպանության տարիներին շուրջ 4000 հայի փրկած ֆրանսիացի ծովակալին: Ավելի քան 13 տարվա դադարից հետո Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատին ավելացնում ենք Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի գերեզմանից բերված հողը և տեղադրում նրա հուշատախտակը: Դարթիժ դյու Ֆուռնեն լսելով բացառապես իր խղճի ձայնը, ցեղասպանվելուց փրկեց 4092 հայի, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում ֆրանսիացի մեծ մարդասերին:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշեց, որ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեին և Միջերկրական ծովում Ֆրանսիայի երրորդ նավախմբի նավաստիներին, որոնք նրա հրամանատարությամբ, փրկեցին ավելի քան 4000 հայի կյանք: Միաժամանակ հիշում ենք նաև Մուսա Լեռան հայերին, որոնք 1915 թ. Օսմանյան կայսրությունում գործադրված բռնագաղթի փոխարեն ընտրեցին դիմադրության ճանապարհը և կարողացան փրկվել:

ՀՀ ԱԳ նախարարն էլ իր խոսքում նշեց, որի իր համար այս միջոցառումը յուրահատուկ է, քանի որ ժամանակին Հայոց ցեղասպանության թեմայով զբաղվելիս ուսումնասիրել է նաև այն մարդկանց գործունեությունը, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ վտանգելով իրենց կյանքը օգնության ձեռք են մեկնել հայերին:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031