Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենք կորան առհասարակ ու որոշեցին, որ այդ բուժման, դեղերի գումարը, առողջական խնդրի լուծումները մենակով պետք է կրեմ. Հերմինե Մոնս

Մայիս 26,2025 23:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սցենարիստ, հաղորդավար Հերմինե Մոնսը մտահոգված է՝ իր անչափահաս որդուն՝ Նարեկ Հովհաննիսյանին, վրաերթի ենթարկած վարորդը վերաքննիչ դատարանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի սահմանած պատիժը:

Մեր զրուցակցի պատմելով՝ 2022-ի օգոստոսի 20-ին է որդին Պարոնյան- Լեո խաչմերուկի հետիոտնի համար նախատեսված անցման վրա, կանաչ լույսի տակ ճանապարհն անցնելիս վրաերթի ենթարկվել:

Վթարի արդյունքում տղան ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ՝ գանգոսկրի փակ կոտրվածք՝ ծոծրակոսկրից մինչև վերին գանգափոս, ուղեղի սալջարդ (ճզմվածք), ուղեղի ցնցում:

«Վթարից 5 օր հետո եմ գտել վրաերթ կատարողին, քննիչների միջոցով: Իրենց ասելով՝ իբրեւ թե 5 օր տառապել են մեզ փնտրելով, չեն իմացել՝ երեխեն, որ հիվանդանոցում է այս փոքր Հայաստանում: Մի կերպ գտած վարորդից, մի կերպ էլ կարողացել եմ «պոկել» միայն հիվանդանոցի դուրս գրման ծախսը», – Aravot.am-ի հետ զրույցում պատմում է Հերմինեն:

Նրա խոսքով՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո որդուն վթարի ենթարկած վարորդն ուղղակի կորել է, որդու բուժման հետագա ամբողջ ծախսը թողել իր ուսերին. «Իրենք կորան առհասարակ ու որոշեցին, որ այդ բուժման, դեղերի գումարը, առողջական խնդրի լուծումները մենակով պետք է կրեմ: Ընդ որում՝ մենակով էլ մեծացնում եմ երկու երեխաներիս ու վարձով ապրելով: Աշխատանքս, ամեն ինչ թողել եմ, որ տեր կանգնեմ երեխայիս, որովհետեւ նրան արգելված էր վազել, թռնել, խփել, նյարդային սուր բաներ ուներ՝ լույսից, աղմուկից, լուրջ տրավմա էր տարել գլխի հետ կապված»:

Անչափահաս տղային լուրջ վնասվածքներ պատճառած 60 անց վարորդին առաջին ատյանի դատարանը ճանաչել է մեղավոր ու ընդամենը երեք տարով զրկել վարորդական իրավունքից, իսկ որպես ֆինանսական փոխհատուցում տղային պատճառած այդքան լուրջ վնասվածքների դիմաց դատարանը սահմանել է ընդամենը 400,000 դրամ փոխհատուցում: Մինչդեռ Հերմինեի խոսքով, ինքը մոտ 2 միլիոն դրամի ծախս է արել միայն հիվանդանոցներում:

Մեր զրուցակցի խոսքով՝ դատաքննության ընթացքում իր պահանջն է եղել՝ վարորդին ընդհանրապես զրկել վարորդական իրավունքից՝ հաշվի առնելով, որ նա մինչեւ վերջ չի ընդունել իր մեղավորությունը:

Մեր զրուցակցի խոսքով, առաջին ատյանի դատարանի սահմանած այդքան մեղմ պատիժն էլ վարորդը շատ է համարել ու վերաքննիչ բողոք ներկայացրել:

Հերմինեն այդ մասին տեղեկացել է մի քանի օր առաջ՝ Վերաքննիչ դատարանից ուղարկված ծանուցումից:

Վարորդը պահանջում է իրեն անմեղ ճանաչել ու վերադարձնել վարորդական իրավունքը. «Առաջինը ես պետք է լինեի բողոքողը ու դիմեի Վերաքննիչ դատարան: Իսկ ինչու չդիմեցի, որովհետեւ երկու տարի միայն առաջին ատյանի դատարանում դատը տեւեց ու իմ ամբողջ առողջությունը գնաց այդ դատական նիստերի պատճառով: Դուրս եկավ, որ հայտնվել եմ մի պտույտի մեջ, որտեղ դուրս չի գալիս նույնիսկ փաստաբանի գումարը: Ընդամենը դատարանը վճռում է 400.000 դրամ երեխային պատճառված վնասի դիմաց փոխհատուցում: Մտածեցի՝ եթե հիմա էլ Վերաքննիչ դատարան դիմեմ, իմ երեխայի բուժման հարցերով ո՞վ պիտի զբաղվի: Հասկացա՝ կորցնելու եմ ժամանակս ու ավելի մեծ գումար: Դրա համար որոշեցի թողնեմ իրենց խղճին այդ վճիռն էլ, դատն էլ, կպնեմ աշխատեմ, որ երեխուս ոտքի հանեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031