«Մենք որևէ մասնակցի չենք մերժել մասնակցության հայտը։ Քրեյգ Օլիֆանթը մեզ տեղեկացրեց, որ տեխնիկական` օդանավի տոմսի հետ կապված խնդիր է ունեցել, բաց է թողել օդանավը, այդ իսկ պատճառով չի կարողացել ժամանել։ Ցավում ենք շատ դրա համար, որովհետև Քրեյգ Օլիֆանթը համարվում է բավական հեղինակավոր, վերլուծաբան և էքսպերտ, հատկապես մեր ռեգիոնի մասով, և մենք կուզեինք, որ մեր դիվանագիտական ֆորումը՝ «Երևանյան երկխոսությունը» լիներ այն հարթակը, որտեղ քննարկվեին բոլոր այն հարցերը, որոնք և մենք ենք համարում խրթին, և մեր ռեգիոնի մյուս մասնակիցներ են համարում խրթին»,- լրագրողների հետ զրույցում երեկ տեղեկացրել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ մի շարք իրավապաշտպաններ եւ քաղհասարակության ներկայացուցիչներ խստորեն դատապարտել էին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու Քրեյգ Օլիֆանթի այցը Հայաստան, որն այս տարվա ապրիլ ամսին օկուպացված Ստեփանակերտում մասնակցել էր ադրբեջանական «Նոր աշխարհակարգին դեմ հանդիման» ֆորումին. «Մինչ հայ իրավապաշտպաններն ու քաղհասարակության անդամները բոլոր ջանքերը գործադրում են խստորեն դատապարտելու նման անձանց այցը էթնիկ զտումների ենթարկված Արցախ եւ, առավել եւս, նման միջոցառումների անցկացումը այնտեղ, ՀՀ ԱԳՆ-ն ինքն է հրավիրում այդ անձանց Երեւան՝ լուռ ընդունելով եւ ողջունելով նման այցերի թույլատրելիությունը»:
Արցախի նախկին պետնախարար, «Արցախ» միության ղեկավար Արտակ Բեգլարյանը բացատրել էր, թե ինչու էին անընդունելի համարում Օլիֆանթի մասնակցությունը երևանյան ֆորումին. «Գլխավոր խնդիրն այն է՝ արդյոք Հայաստանի Հանրապետության իշխանության համար ընդունելի՞ է, որ Ադրբեջանը լեգիտիմացնում է Արցախի օկուպացիան և, առնվազն Հայաստանի իշխանությունների տերմիններով ասած, էթնիկ զտումը: Իրենք՝ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և մնացածը, բազմիցս են հայտարարել, որ, իրենց տերմինաբանությամբ ասած, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ տեղի է ունեցել էթնիկ զտում»:
«Երևանյան երկխոսության» պանելային քննարկմանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մասնակցում էր նաեւ Ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան (լուսանկարում), որն Արցախյան պատերազմի ժամանակ Քարվաճառում է եղել և որի մուտքը արգելված էր: Դավիթ Կարապետյանն ասել է. «Իմ տեղեկություններով, նա անցյալ անգամ խախտել էր հավատարմագրման կարգը եւ, ըստ այդմ, չէր հավատարմագրվել: Սակայն այս անգամ պատշաճ հավատարմագրման պրոցեսն անցնելուց հետո նրա մուտքը Հայաստան, իհարկե, թույլատրվել է»:
Կարդացեք նաև
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր. «Միայն Հայաստանում են կարող ինչ-որ մեկի մուտքը երկիր արգելել, միջազգային սկանդալ հարուցել ու դրանից մի երկու-երեք տարի անց ոչ միայն նույն անձին հրավիրել գլխավոր դիվանագիտական ֆորումին, այլև բանախոս դարձնել բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ պանելային քննարկմանը»:
«Ես ուզում եմ շատ հստակորեն նշել, որ Հայաստանը երբևէ չի սահմանափակել որևէ, հատկապես էքսպերտային շրջանակներից, մարդկանց մուտքը Հայաստան, որոնք այցելել են Ադրբեջան։ Ոչ նախկինում, ոչ ներկայումս չի սահմանափակվել Ադրբեջան այցելած որևէ էքսպերտի մուտքը Հայաստան։ Մենք պետք է կարողանանք աշխատել եւ պետք է աշխատենք նաև այն մարդկանց և հատկապես վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ, որոնք հնարավոր է՝ ունեն այլ կարծիք, դիրքորոշում մի շարք հարցերի վերաբերյալ։
Այս նմանատիպ ֆորումները և համաժողովները նաև նպատակ ունեն բացատրելու Հայաստանի կառավարության, Հայաստանի դիրքորոշումները շատ ավելի ամրապնդելու էն մարդկանց և էքսպերտային ոլորտի ներկայացուցիչների մոտ, ում հետ մենք աշխատում ենք և ով ընդհանրապես հետաքրքրված է մեր ռեգիոնով։ Մենք հակված չենք Հայաստան հրավիրել միայն այն մարդկանց, ովքեր սիրում են Հայաստանը և գոհ են այն քաղաքականությամբ, որ վարում է Հայաստանը։ Մենք մեր քաղաքականությունը ուզում ենք բացատրել ավելի շատ, ավելի մեծ շերտերի»,–ասել է ԱԳՆ գլխավոր քարտուղարը։