Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները փորձում են հավաստիացնել, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա, սակայն պետական համակարգում շարունակվում են, իսկ որոշ տեսանկյունից նույնիսկ ավելի կատարելագործված մակարդակի են հասել այն բացասական երևույթները, որոնք քար են գցում պետության զարգացման ապագայի վրա։ Խոսքը մի կողմից վերաբերում է իշխանության ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց ու ընկերությունների կողմից պետական բյուջեի միջոցների կասկածելի օգտագործմանը, ինչը ոչ միայն խաթարում է հանրային վստահությունը, այլև վտանգում է պետական ֆինանսական կայունությունը։
Մամուլում հրապարակված բազմաթիվ նյութերում ներկայացված են մի շարք դեպքեր, երբ պետական միջոցները ուղղվել են կասկածելի ծրագրերի իրականացմանը։ Հատկապես նշվում է այն մասին, որ պետական բյուջեից զգալի գումարներ են հատկացվել որոշ ընկերությունների, որոնք ուղղակիորեն կապված են իշխանության ներկայացուցիչների հետ։ Ու հատկապես կասկածելի է, որ պետական գնումների ոլորտում հայտարարված մրցույթներում հաղթող են դառնում հենց այդպիսի ընկերությունները։ Մեկ անձից գնումներն էլ դարձել են համընդհանուր պրակտիկա։
Մամուլի հրապարակումներում անդրադարձ է կատարվում նաև պետական բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործման կամ վատնման դեպքերին։ Մասնավորապես, նշվում է, որ որոշ պետական ծրագրեր իրականացվում են առանց պատշաճ հիմնավորման և հաշվետվության, ինչը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր և խաթարում է հանրային վստահությունը պետական կառույցների նկատմամբ։ Անվերջ կարելի է թվել այն միջոցառումների շարքը, որոնց կազմակերպման համար միլիոնավոր դրամներ են հատկացվել, սակայն դրանք այդպես էլ որևէ օգտակարություն չեն ապահովել հանրության համար։ Նույնիսկ դեպք ունեցանք, որ չկայացված միջոցառման համար էր հսկայական գումար տրամադրվել։ Օրինակ՝ կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել Սնուփ Դոգի չկայացած համերգի համար։ Սա ի՞նչ է, եթե ոչ հանրային միջոցների, շատ մեղմ ասած, անիմաստ վատնում։ Եվ ո՞վ է վստահ, որ այսպիսի գործարքներում ևս կոռուպցիոն ռիսկեր չկան։ Դժվար չէ պատկերացնել, թե 6 մլն դոլարով առողջապահության, կրթության կամ գիտության ոլորտում ինչքան խնդիրներ կարելի էր լուծել։ Այսպիսի դեպքերը վկայում են այն մասին, որ պետական ռեսուրսները հաճախ օգտագործվում են ոչ թե հանրային շահի, այլ անձնական կամ խմբային շահերի սպասարկման համար։
Հանրային միջոցների վատնման միտումը հատկապես մտահոգիչ է այն պարագայում, երբ պետական պարտքը շարունակաբար աճում է, իսկ սոցիալական խնդիրները՝ խորանում։
Հատկանշական է նաև, որ ներկայիս իշխանությունները, որոնք նախկինում ընդդիմադիր դիրքերից կոշտ քննադատում էին նախկին իշխանությունների կողմից պետական ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը, այժմ իրենց գործողություններով ոչ միայն կրկնում են նույն սխալները, այլև նորանոր ռեկորդներ են սահմանում։ Կարելի է պատկերացնել, որ այսօրվա պայմաններում Փաշինյանը լիներ ընդդիմադիր, ինչ տեղի կունենար։ Նա ԱԺ ամբիոնից բոցաշունչ ելույթներ կունենար ու քարը քարին չէր թողնի։ Սակայն այսօր այս ամբողջը տեղի է ունենում նրա իմացությամբ ու համաձայնությամբ…
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։