«Մոտ 1,5 ամիս է՝ կոնյակ արտադրող մեր գործարարների բեռների տարանցիկ տեղափոխումն ապօրինաբար խոչընդոտվում է Վրաստանի Հանրապետությունում»,- ԱԺ հերթական նստաշրջանում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ստիպված եմ եւս մեկ անգամ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն իր վրա վերցրել է պարտականություն նաեւ իր քաղաքացիների եւ արտադրողների շահերը պաշտպանելու։ Նախարարը մի քանի անգամ խոստացել է, որ այս հարցին լուծում կտրվի, բայց մինչեւ օրս որեւէ լուծման չի արժանացել։ Տնտեսվարողները կրում են միլիոնավոր դոլարների վնասներ, բացի այդ, ես նաեւ խաղողագործներից եմ դիմումներ ստանում, որ եթե այսպես շարունակվի, ստիպված կլինեն իրենց այգիները քանդել։ Մարդիկ պայմանավորվածություններ ունեն տարբեր խոշոր սուպերմարկետների եւ խանութների ցանցերի հետ, եւ այդ պայմանավորվածությունները չկատարելու պարագայում ստիպված են բավականին մեծ գումարներ վճարել, այսինքն՝ կանգնած են փակման շեմին։ Հազարավոր մեր քաղաքացիներին ի՞նչ պատասխան եք դուք տալիս, ասեք՝ ի՞նչ եք արձանագրել, կոնկրետ ու հստակ, որ մեր արտադրողներն իմանան՝ մինչեւ երբ է շարունակվելու այս իրավիճակը։ Կրկնեմ՝ դա տարանցիկ բեռ է, իրավունք չունեն տարանցիկ բեռը կանգնեցնել ու ամիսներ շարունակ այնտեղ պահել։ Որեւէ պատասխան չեն տալիս այդ մարդկանց, այս հարցի պատասխանը պիտի տաք»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։
Էդգար Զաքարյանը հարցերին չպատասխանեց:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փոխնախարարին հորդորեց գրավոր պատասխանել Գառնիկ Դանիելյանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ