«Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի հանձնառության ուղիղ ցուցադրությունն է հաշվետվողականության, արդարադատության և օրենքի գերակայության նկատմամբ»,- «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Աննա Վարդապետյանը, պատասխանելով «Արդարության պահպանումը. oրենքի գերակայության համաշխարհային հրամայականը» խորագրով պանելային քննարկումը համակարգողի՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Շեյլա Փայլանի՝ Հռոմի ստատուտի վավերացման կարևորության մասին հարցին, մասնավորապես, նշել է.
«Հռոմի ստատուտի վավերացումն իրավական ուղենիշ է, որը Հայաստանի հավատարմության հստակ արտահայտումն է հաշվետվողականության, արդարության և օրենքի գերակայության սկզբունքներին, ինչպես ներքին, այնպես էլ համաշխարհային մակարդակում:
Միջազգային արդարադատությունը կենսական դերակատարում ունի արդար և անվտանգ ապագայի ձևավորման գործում:
Կարդացեք նաև
Հայաստանի համար այս ներգրավվածությունն ամրապնդում է ինստիտուցիոնալ կարողություններն ու արմատավորում այն ուղերձը, որ անպատժելիություն չի կարող լինել որևէ մեկի համար որևէ վայրում:
Ժամանակակից պետության ինքնիշխանությունը պաշտպանված է ոչ միայն նրա սահմաններով ու բանակով, այլ նաև իրավական մեխանիզմների և ինստիտուտների ուժով ու հաստատակամությամբ: Իրավական գործիքները ձևավորում են իրավական ռազմավարություն, ստեղծում անվտանգության ճարտարապետություն՝ սպառնալիքներից պաշտպանվելու և դրանց արձագանքելու համար:
Հայաստանը ոչ միայն մասնակից է միջազգային արդարադատությանը, այլև ակտիվորեն ձևավորում և պահպանում է իր մոտեցումներն ու սկզբունքները, որոնք ներառվում են դատախազական գործունեության մեջ, իրավական բարեփոխումներում և ինստիտուցիոնալ մշակույթում:
Միջազգային արդարադատության հետ Դատախազության համագործակցությունն ապացույցն է այն բանի, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք կարծում են, որ խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանություն պահպանող վահանն արդարադատությունն է:
Դատախազությունն ու դատախազները կանգնած են արդարության համար պայքարի առաջնագծում և իրենց պարտականությունները կատարելիս առերեսվում են մարտահրավերների: Հայաստանի դատախազությունը հանձնառություն ունի ապահովելու հանրային վստահությունը օրենքի, արդարության և, ամենակարևորը՝ արդարության ապահովման նկատմամբ:
Արդարությունը վերացական ձգտում չէ: Այն ենթադրում է կարգապահություն, նպատակասլացություն և ստանձնած պարտականությունների պատշաճ կատարում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ