«Այս նախագծի շրջանառության դնելու առաջին փուլից իշխանությունն ամեն ինչ արել է՝ այն ներկայացնելու որպես աշխարհաքաղաքական տարբեր բախումների ենթակա թեմաների համատեքստում: Անընդհատ փորձել են այդ թեման տանել մեկ ԱՄՆ, մեկ՝ ՌԴ, մեկ՝ եվրոպական ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մասին հայտարարության նախագծի մերժմանը՝ ասաց նախագծի համահեղինակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորը նկատեց, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացված իր մեկնաբանություններում շատ հստակ ասված էր, որ կա պատմական իրողություն՝ հաղթանակի 80-ամյակը, հաղթանակի նշման միջոցառումները, որոնց իշխանության տարբեր ներկայացուցիչներ բարձրագույն մակարդակով ներկայացել են. «Մենք արձանագրել ենք պատմական փաստերը, որոշակի ինստիտուցիոնալ կապ ենք տվել անցյալի ու ներկայի միջեւ: Արձանագրումներ ենք արել հայ ժողովրդի վիթխարի մասնակցությանը հայրենական պատերազմին ու առհասարակ ֆաշիզմի ու նացիզմի դեմ տարած հաղթանակում… թեման եղել է ֆաշիզմի ու նացիզմի դեմ տարած հաղթանակը: Իշխանությունը թե՛ հանձնաժողովի նիստում, թե՛ այսօրվա լիագումար նիստում անընդհատ փորձում է իր մերժումն արդարացնել լրիվ այլ համատեքստում: Ասում են՝ կապն ինչո՞վ կարող եք տալ Շուշիի ազատագրման եւ հայրենական պատերազմում տարած հաղթանակի: Ավելին եմ ասել՝ ուզո՞ւմ եք ուրիշ կապ էլ տամ, Սարդարապատի հետ էլ կապ տամ… այդ հաղթանակը, որը ծիլեր է դնում, այդ ծիլերը տարբեր փուլերում իրենց դրսեւորումները ստացել են: Ինչքան էլ այս իշխանությունը հայտարարի, որ Արցախը ադրբեջանական է, չի կարող պատմությունից մաքրել կամ խմբագրել Շուշիում տարած հաղթանակը: Անկախ նրանից, թե ինչքան ես ատում հայերին, ատում քո ժողովրդին, ինչքան է զրոյական քո մոտեցումը քո հայրենիքի նկատմամբ»:
Պատգամավորը վերջում ընդգծեց, որ իշխանությունն ամեն ինչ արեց, որ այս թեման հերթական անգամ դարձնի Արեւմուտք-ՌԴ հակազդեցության քննարկման առարկա ու ընդգծված իր վերաբերմունքը ցույց տա ՌԴ նկատմամբ, որը իրենց ներկայացրած տեքստի հետ որեւէ առնչություն չուներ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ