Ազգային-ժողովրդավարական բևեռի պատվիրակությունը մայիսի 11-ից 17-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում էր Ժողովրդավարության միջազգային վեհաժողովին, որի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր ելույթներ են հնչել և հանդիպումներ են տեղի ունեցել։
Բևեռի պատվիրակությունը պատիվ է ունեցել հանդիպելու ի թիվս այլոց, Բելգիայի վարչապետ Բարտ Դը Ուիվերի հետ, որը վեհաժողովի ընթացքում ամենանշանակալի ելույթներից մեկը ունեցավ։ Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի խնդրանքով և պարոն Դը Ուիվերի թույլտվությամբ ԱԺԲ-ն ներկայացնում է Բելգիայի վարչապետի այդ ուշագրավ ելույթի թարգմանությունը։
ԲԵԼԳԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԲԱՐՏ ԴԸ ՈՒԵՎԵՐԻ ԵԼՈՒՅԹԸ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ,
15 ՄԱՅԻՍԻ 2025, ԲՐՅՈՒՍԵԼ
Պարոն նախագահ,
Տիկնայք և պարոնայք՝ ձեր բոլոր համապատասխան գործառույթներով, տիտղոսներով և կարողություններով,
Սիրելի ընկերներ,
Կարդացեք նաև
Ես իսկապես պատվի արժանացա այստեղ լինելով, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արժանապատիվ Սթիվեն Հարփերին՝ ինձ հրավիրելու համար:
Ես նաև խոստանում եմ հակիրճ լինել: Սակայն ես նաև քաղաքական գործիչ եմ, և մենք խոստումներ տալիս պերճախոս ենք: Բայց դրանք այդքան էլ լավ չենք պահում: Եթե ես չափազանց երկար խոսեմ, և դուք զայրանաք ու բողոքներ ունենաք, խնդրում եմ ձեր կարծիքը ձեւավորել և ուղարկել այն Սթիվեն Հարփերին:
Սիրելի ընկերներ,
Այս գեղեցիկ, արևոտ երեկոյան ես ցանկանում եմ ձեզ մի կարճ մտավոր ճամփորդության տանել: Եվ չնայած դա անսովոր է ինձ համար, ես ցանկանում եմ ապագայի վերաբերյալ հույսի խոսքեր հնչեցնել:
Ես արդեն լսում եմ ձեզանից ոմանց մտածումները. հույսով լցված լինե՞լ ապագայի հանդեպ: Լինելով պահպանողականներ, արդյո՞ք մենք չպետք է հույսեր փայփայենք միայն կապված անցյալի հետ: Հատկապես այսպիսի ժամանակներում, երբ աշխարհաքաղաքական խառնաշփոթը, մեր ժողովրդավարական արժեքների նկատմամբ սպառնալիքները և տնտեսական անորոշությունը ճնշում են բոլոր կողմերից:
Թույլ տվեք վստահեցնել ձեզ: Ես վարչապետն եմ մի երկրի, որի նախորդ կանաչ եւ ձախ կառավարության կողմից թողնված ֆինանսական ժառանգությունը նման է նավաբեկության: Տիտանիկի չափի նավաբեկության: Իմ առջև ծառացած խնդիրը ոչ այլ ինչ է, քան այդ խորտակված նավը օվկիանոսի հատակից հանելը և այն կրկին նավարկելի դարձնելը: Եվ ես պետք է դա անեմ փոթորկոտ եղանակին: Այսպիսով, այո, ես սուր կերպով գիտակցում եմ մեր ժամանակների ծանրությունը:
Բայց այսօր ես ցանկանում եմ նավարկել մեկ այլ ուղղությամբ և թողնել օրվա քաղաքական պայքարը: Փոխարենը ես ցանկանում եմ անդրադառնալ մեր հիմնական արժեքներին՝ որպես պահպանողականներ և դասական ազատականներ: Որտե՞ղ ենք մենք կանգնած այսօր:
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ինձ հրավիրեցին բանավիճելու տեղական ֆլամանդացի հայտնի փիլիսոփա Մարտեն Բուդրիի հետ, ով ներկայացրեց իր վերջին գիրքը, որի վերնագիրն է «Լուսավորականության դավաճանությունը»: Դրանում նա պնդում է, որ 1960-ականներից սկսած, առաջադիմական շարժումը գնալով ավելի շատ է շրջվել Լուսավորականության հիմնական արժեքների դեմ:
Չնայած Բուդրին դեռևս համարում է իրեն առաջադիմական, նա ողբում է, թե ինչպես են ձախերը լքել ունիվերսալիզմի իդեալները և առաջընթացի հավատը, և նույնիսկ ակտիվորեն պայքարում են դրանց դեմ: Դրանց տեղում, ասում է նա, կան նոր կուռքեր, որոնց պետք է պաշտել. զոհի սրբազնությունը, բնապահպանական ահաբեկչությունը, հետարդիական(պոստմոդեռն) ժարգոնը և արևմտյան ինքնատելությունը:
Ձախերը այժմ կարծում են, որ արդիականությունը(մոդեռնիզմը) ընդամենը անցյալում հզորներին տվել է ավելի շատ ուժ՝ իրենց զոհերի հետ անելու սարսափելի բաներ: Արդիականության թունավոր ծառի յուրաքանչյուր պտուղ պետք է փտած լինի: Մեր ինքնությունը, հետևաբար, սուտ է, որը պետք է մերժվի: Եվ քանի դեռ մենք՝ Արևմուտքը, չենք ինքնաոչնչացվել, ուրեմն կշարունակենք ոչնչացնել աշխարհը: Փոխաբերական և նույնիսկ բառացի իմաստով:
Բուդրին կոչ է անում իր առաջադիմական գործընկերներին վերականգնել հավատը առաջընթացի նկատմամբ: Նա պաշտպանում է տեխնոլոգիական նորարարությունը, ուժեղ տնտեսությունները և շուկաները, համընդհանուր մարդու իրավունքները, անձնական ազատությունները և ազատական ժողովրդավարությունը՝ ոչ թե որպես սպառնալիքներ, այլ որպես բարելավման շարժիչներ:
Բանավեճից հետո որպես շնորհակալություն Բուդրին ինձ տվեց իր գրքի մի օրինակ: Ձոնի մեջ նա գրել է, որ կարծում է, թե պահպանողականները երբեմն ավելի լավ դաշնակիցներ են իր մտածողության համար, քան իր առաջադիմական ընկերները:
Սիրելի ընկերներ,
Այն, ինչ նա գրել է իր ձոնի մեջ, դա ընդամենը նրա ընկալումը չէ: Դա պարզապես ճշմարտությունն է:
Եւ ես նրան հարցրեցի. եթե քո առաջադիմական ընկերները լքել են արդիականության եկեղեցին, և դու քարոզում ես դատարկ լսարանում, արդյոք ժամանակը չէ՞ նայելու հայելու մեջ և ընդունելու, որ ուրիշ անելիք չկա, քան մեր պահպանողական շարքերին միանալը:
Նրա պատասխանը հետեւյալն էր. «Ոչ, որովհետև ես դեռ հավատում եմ փոփոխությանը: Պահպանողականները պարզապես քամելեոններ են: Նրանք փոխվում են դանդաղ, դժկամորեն: Եթե կարդաք Հայեկին, կտեսնեք, թե ինչու ես երբեք չեմ կարող ինձ պահպանողական անվանել»:
Ես պետք է ընդունեմ, որ նրա խոսքերը արձագանք գտան իմ մեջ: Փաստորեն, վերաձևակերպելով մեր սիրելի համահիմնադրի՝ Մարգարետ Թետչերի խոսքերը, «Հայեկն է գրել մեր հավատամքը»: Այսպիսով, ես վերադարձա Հայեկի կարճ, բայց ոգևորիչ էսսեին՝ «Ինչու ես պահպանողական չեմ»:
Ես կարդացի այն, և նրա որոշ քննադատությունները պատմականորեն արդարացված են: Նա մեղադրում էր պահպանողականներին տնտեսական ուժերի ըմբռնման պակասի համար:
Ցավոք, դա մասամբ ճիշտ է նաև այսօր: Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ որոշ պահպանողական կուսակցություններ երբեմն վարում են այնպիսի քաղաքականություն, որը հակասում է ազատ շուկայի կարիքներին: Նրանք թույլ են տալիս իրենց գայթակղվել պրոտեկցիոնիզմով և սակագներով: Ըստ Հայեկի, և իմ կարծիքով էլ, սա սարսափելի սխալ է:
Ես նաև կարող եմ հասկանալ Հայեկի պնդումը, որ պահպանողականները հավատում են, որ պատշաճ մարդիկ չպետք է չափազանց շատ սահմանափակվեն կանոններով: Բայց հետո նա կապում է դա հեղինակության հանդեպ մեր ենթադրյալ սիրահարվածությանը և գերանձանց նկատմամբ հավատին:
Դրա հետ իրականում այնքան էլ համաձայն չեմ: Նույնիսկ անարխիստ Բակունինը հարգում էր կոշկակարի հեղինակությունը: Այսպիսով, ինչո՞ւ մենք չպետք է հարգենք:
Սակայն, ինձ ամենաշատը ցնցեց Հայեկի հիմնական փաստարկը իրեն պահպանողական չանվանելու մասին:
Դա այն է, որ մենք՝ պահպանողականներս, վախ ունենք փոփոխությունից: Նորի նկատմամբ անվստահություն: Եվ այսպիսով ես մտածում եմ. արդյոք սա ճի՞շտ է: Եվ արդյոք դա դեռ ճի՞շտ է:
Լուսավորականությունը սկսվեց որպես շարժում, որն արմատավորված էր բանական մտքի, գիտական և տնտեսական առաջընթացի մեջ: Բայց տասնութերորդ դարի կեսերից սկսած, այն աստիճանաբար սկսեց ներկայացնել ինչ-որ շատ ավելի ընդգրկուն բան. բարոյական, քաղաքական և սոցիալական կարգի արմատական փոխակերպում:
Անշուշտ, ճիշտ է, որ պահպանողականները զգույշ էին, երբեմն նույնիսկ վախեցած այս հեղաշրջման հետ առերեսումից: Բայց ճիշտ չէ, որ պահպանողականները ամբողջովին հրաժարվել էին փոփոխությունից: Ինչպես գրել է Էդմունդ Բըրքը. «Պետությունը առանց որոշ փոփոխության միջոցների, զուրկ է իր իսկ պահպանման միջոցներից»: Այսպիսով, մենք ընդունում ենք փոփոխությունը, որովհետև գնահատում ենք այն, ինչը պետք է պահպանվի: Կամ այլ կերպ ասած՝ Tene quod bene(1):
Հայեկից մեկ դար առաջ Բենջամին Դիզրայելին ասել է հետևյալը. «Առաջադիմական երկրում փոփոխությունը մշտական է: Հիմնական հարցն այն չէ, թե արդյոք դուք պետք է դիմադրեք փոփոխությանը, այլ թե արդյոք այդ փոփոխությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով մարդկանց բարքերը, սովորույթները, օրենքները և ավանդույթները: Կամ թե արդյոք այն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով վերացական սկզբունքները և կամայական ու ընդհանուր ուսմունքները»:
Դիզրայելիից շատ առաջ Օգոստոս կայսրն արդեն արտահայտել էր այս իմաստությունը: Փոփոխությունը անհրաժեշտ է, բայց այն պետք է հարգի mos maiorum(2)-ը՝ մեր նախնիների ավանդույթները:
Սիրելի ընկերներ,
Ինձ միշտ գրավել է գնացքի պատկերը: Լուսավորությունից ի վեր, առաջադիմականները ցանկացել են խաղալ արագընթաց էքսպրեսի հետ: Նրանք չեն կանգնում որևէ կայարանում. նրանք նախընտրում են սլանալ առաջ, դեպի հեռավոր, անորոշ նպատակակետ: Այն ամենը, ինչ նրանք գիտեն, հետեւյալն է. մենք դեռ տեղ չենք հասել: Ինչ էլ նրանց հարցնեք՝ «դեռ տեղ չենք հասել»: Բայց որտե՞ղ է այդ «տեղը»:
Պահպանողականները, ի հակադրություն, չեն ցանկանում անշարժ մնալ, բայց մենք ընտրում ենք ավելի դանդաղ գնացքը: Որովհետև մենք գնահատում ենք տեսարանը, երբեմն կանգ ենք առնում ոտքերը ձգելու և հետազոտելու համար: Մենք միշտ հիշում ենք, թե ով է մեզ հետ և ուր ենք իսկապես ցանկանում գնալ: Մենք պահում ենք մեր ձեռքերը ղեկին, որպեսզի չշեղվենք:
Պահպանողականությունը քարացած չէ: Այն զարգանում է՝ անընդհատ, բայց նուրբ կերպով: Եվ դա պետք է այդպես լինի:
Վերադառնալով Հայեկին. ես համաձայն չեմ , որ մենք վախ ունենք փոփոխությունից: Ինչից մենք վախենում ենք, դա փոփոխությունն է հանուն փոփոխության: Դա կարևոր տարբերություն է: Ինչպես Օգոստոսը, Բըրքը և Դիզրայելին, մենք հավատում ենք ճիշտ տեսակի փոփոխությանը:
1960-ականներից ի վեր, երբ Հայեկը գրեց իր քննադատությունը, առաջադիմական շարժման ներսում տեղի է ունեցել Կոպեռնիկոսյան տեղաշարժ: Փոխակերպման իրենց տենդագին որոնումների մեջ, առաջադիմական արագընթաց գնացքը միացրել է ինքնաոչնչացման կոճակը և նախասահմանված է շեղվելուն և ոչնչացման:
Հնարավոր է, որ Հայեկը դեռ մասամբ ճիշտ էր 1960-ականներին: Բայց այսօր նա հիմնականում սխալ է: Պահպանողական գնացքը այդ ժամանակից ի վեր վստահորեն հասել է Լուսավորական արդիականության և առաջընթացի հավատի կայարան:
Այնտեղ մենք հանդիպում ենք շփոթված լիբերալների և կողմնորոշումը կորցրած այլ առաջադիմականների, որոնք նայում են արագընթաց գնացքի փոշուն, որը որոտալով անցել է նրանց կողքով, հետապնդելով Հայտնության (Ապոկալիպսիսի) տեսիլքներ, ինքնամերժում, պոստմոդեռն խելագարություն, նորարարության նկատմամբ թշնամություն, բարգավաճման մերժում, աճի նվազեցում, woke(3)-ային հիմարություն և այլն:
Արդիականությունը, որը մի ժամանակ նրանց իդեալն էր, դավաճանվել է այն համոզմունքով, որ անցյալը պետք է մերժվի, և որ արևմտյան ապաշխարությունը մեր միակ ապագան է: Նրանք լքել են Լուսավորականության դրոշը:
Այսպիսով, սիրելի ընկերներ,
Իմ ուղերձը ձեզ հետեւյալն է. Եկեք վերցնենք այդ դրոշը: Լուսավորական պահպանողականությունը ոչ միայն լավագույն պատասխանն է մեր ժամանակների մարտահրավերներին: Դա միակ պատասխանն է, որովհետև մեր ԴՆԹ-ում է ընդունել և պահպանել այն, ինչն աշխատում է հասարակության համար:
Հենց Լուսավորական պահպանողականությունն է կանգնած մեր և երկու դիստոպիական ծայրահեղությունների միջև. մի կողմից ավտորիտարիզմը, իսկ մյուս կողմից՝ լիովին ատոմիզացված հասարակության պոստմոդեռն Götterdämmerung(4)-ը:
Դրանք են այն ճանապարհները, որոնք տանում են դեպի բռնապետություն, կամ դեպի Հոբսյան աշխարհ, որտեղ բոլորը պատերազմի մեջ են բոլորի դեմ, և ամենից վեր՝ իրենք իրենց դեմ. Bellum nostrum contra nos ipsos(5).
Աշխարհի մնացած մասը ժպիտով դիտում է, թե ինչպես են արևմտյան և ազատական ժողովրդավարությունները խեղաթյուրում իրենք իրենց: Իհարկե, նրանց արձագանքն այն է, որ նրանք ցանկանում են տեսնել դրա զարգացումը: Եվ ձախակողմյան պատասխանն այն է, որ մենք պետք է իսկապես խեղաթյուրենք մեզ մինչև մահ:
Եթե դա առաջադիմական է, ապա լավ: Բայց դա նշանակում է, որ արդիականության ժառանգությունն այժմ պատկանում է մեզ՝ պահպանողականներին: Այն մերն է՝ վերցնելու համար:
Ովքե՞ր են տեխնոլոգիական նորարարության և տնտեսական աճի չեմպիոնները: Պահպանողականները: Ո՞վ է պաշտպանում ուժեղ և ազատ շուկաները: Պահպանողականները:
Ո՞վ է հավատում մարդու համընդհանուր իրավունքներին, անձնական ազատությանը և ազատական ժողովրդավարությանը:
Պահպանողականները: Ո՞վ ունի վստահելիություն՝ պատմելու մեր անցյալի պատմությունը, բոլոր թերություններով և ձախողումներով հանդերձ, միևնույն ժամանակ հիշելով, որ մենք կանգնած չենք հանցագործների ուսերին, այլ կանգնած ենք հսկաների ուսերին և, հետևաբար, կարող ենք նայել նույնիսկ ավելի հեռու՝ դեպի պայծառ ապագա:
Ո՞վ, եթե ոչ պահպանողականները:
Եկեք ընդունենք Լուսավորականությունը, որպես պահպանողականներ, և պաշտպանենք Արդիականության սկզբունքները: Բայց եկեք շարունակենք հետևել մեր փառահեղ նախորդների հետքերին և ցուցաբերենք համեստություն, արժանապատվություն և ազնվություն:
Եկեք համատեղենք առաջընթացը քաղաքացիական ոգու շեշտադրմամբ, ընդհանուր արժեքների անհրաժեշտությամբ և համայնքի կառուցման կարևորությամբ:
Եթե մենք անենք դա, պահպանողական ապագան ավելի լավը կլինի, քան անցյալը: Այդ ապագայում մեր երեխաները կունենան ավելի մեծ բարգավաճում, ավելի լավ առողջություն, ավելի լիարժեք հնարավորություններ և ավելի հարուստ կյանք, քան մենք ինքներս ենք ճանաչել: Սա է ճանապարհը: Սա է մեր ճանապարհը:
Սիրելի ընկերներ,
Ազատություն: Արդարություն: Բարգավաճում: Ժողովրդավարություն: Իրավունքի գերակայություն: Այս արժեքները ուղղորդել են Ժողովրդավարության միջազգային միությանը (ԺՄՄ-ին) իր հիմնադրումից ի վեր, և այսօր դրանք ավելի էական են, քան երբևէ:
Մեր վերևում այսօր առկա ամպերը նման են նրանց, որոնք կախված էին աշխարհի վրա 1983 թվականին, երբ ծնվեց ԺՄՄ-ն: Մեր հիմնադիրները փարոս վառեցին խավարի մեջ: Եկեք պահենք այդ բոցը կենդանի:
Եվ վերջում. իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրեցին այս միջոցառումը: Եվ իմ շնորհակալությունը բոլորին, ովքեր այստեղ են՝ մասնակցելու և ինձ լսելու համար:
1. «Պահիր այն, ինչ լավ է» (լատիներեն առած)
2.«նախնիների խորհուրդները» (լատիներեն)
3.«արթնացած» (անգլերեն, «հասարակական արդարության մասին ավելորդ զգուշություն»)
4.«Աստվածների մթնշաղը» գերմաներեն, Վագների օպերայի անվանումը)
5.«Մեր պատերազմը մեր դեմ» (լատիներեն)
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ,
15 ՄԱՅԻՍԻ 2025, ԲՐՅՈՒՍԵԼ
Հեղինակի անձնական թույլտվությամբ
թարգմանությունը՝ Գարեգին Չուգասզյանի