Սյունիքը ունի կարեւոր ռազմավարական նշանակություն ոչ միայն ՀՀ համար, այլ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական տեսանկյունից:
«Հատկապես, երբ խոսք է գնում կոմունիկացիաների, դրանց ապաշրջափակման մասին, անկախ նրանից՝ մեզ ինչ է դեմ տալիս Ադրբեջանը, ինչպես է դա ամեն գնով պաշտպանում Թուրքիան, կոմունիկացիաները մի փուլում բացվելու են: Ու ՀՀ-ն որեւէ փուլում կարող է դառնալ այն խաչմերուկը, որի նկատմամբ հետաքրքրություն ունեն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ» ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով, պատահական չէ, որ մի քանի երկրներ, Սյունիքում հյուպատոսական ծառայություններ ունենալու հետաքրքրություն են դրսեւորել. «Որոշ երկրների համար եթե դա տնտեսական նշանակություն ունի, ապա աշխարհաքաղաքական կենտրոնների համար բավականին մեծ է քաղաքական մրցակցության ու հակազդեցության հարցը: Դրանով է պայմանավորված Սյունիքում մի քանի երկրների դիվանագիտական ներկայացվածություն ունենալու հետաքրքրությունը, որ յուրաքանչյուրն իր մասով կարողանա պաշտպանել իր տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական շահերը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ Փաշինյանի պնդումներին, թե պայմանագրի ստորագրումից հետո բոլոր խնդիրները կարող են լուծվել՝ պարոն Աբրահամյանը շարունակեց. «Ի՞նչ է գրված խաղաղության պայմանագրում: Հայտարարվեց պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, բայց այդ փաստաթուղթը չհրապարակվեց: Կա 17 կետանի փաստաթուղթ, որից երկուսն է հանրայնացվել, որեւէ մեկը չգիտի՝ այդ փաստաթղում ինչ է ներառված»:
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը չունի այլ տարբերակ, քան հրապարակել այդ փաստաթուղթը, որ մեր քաղաքացիների համար հստակ դառնա` իրականում ինչի մասին է խոսքը:
Հարցին՝ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող Արեւմտյան Ադրբեջանը իրատեսական ծրագի՞ր է, թե՞ Ադրբեջանի համար խաղաղության պայմանագիրը չստորագրելու պատրվակ, պատգամավորը պատասխանեց. «Ադրբեջանն այս իրավիճակում մի քանի խնդիր է լուծում: Սա մի կողմից հնարավորություն է ձգձգել բանակցային գործընթացը, որովհետեւ Ադրբեջանում դեռ չկա վերջնական պատասխան՝ արդյոք հնարավոր է Հայաստանից ավել բան քամել, երկրորդ՝ տարածքային նկրտումներն են ՀՀ նկատմամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ