Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ես մեծ հաճույքով էի ունկնդրում մեջբերումները, որոնք իմ ելույթից ներկայացնում էր հանրային մեղադրողը եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել: Բայց ես անհամբեր սպասում էի, թե ապացույց երբ է ներկայացվելու»

Մայիս 27,2025 16:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ այսօր շարունակվեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ գործով» հիմնական դատալսումների հերթական նիստը, որի ընթացքում հանրային մեղադրող Հայկ Ավետյանը շարունակեց գրավոր ապացույցների հետազոտումը:

Էդգար Ղազարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ բոլոր հղումները ոչ թե սկզբնաղբյուր հանդիսացող կայքերին են, այլ Էդգար Ղազարյանի անհատական էջին, ինչը հաստատում է իր վստահորդի՝ դատարանում հայտնած մոտեցումը, որ եղել է իր անձի նկատմամբ հատուկ վերաբերմունք: Եվ խնդրեց, որպեսզի դատարանն այս հանգամանքի վրա ուշադրություն դարձնի ապացույցները գնահատելիս:

Էդգար Ղազարյանը հայտարարեց. «Կարծում եմ՝ այստեղ ներկայացման հետ կապված խնդիր կա: Ես ՍԴ աշխատակազմի ղեկավար եմ եղել: Դրանից հետո էլ բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու ՍԴ-ի, ՍԴ-ի դեմ իրականացվող գործողությունների, սահմանադրական փոփոխությունների եւ այլնի մասին: Հետեւաբար, չի կարելի մեկնաբանել, որ ես ընդհանրապես ՍԴ-ի վերաբերյալ որեւէ կարծիք մինչ այդ չեմ արտահայտել: Խոսքը վերաբերում է նրան, թե ինչքանով կապ ունի, ենթադրենք, սեպտեմբերի 17-ի կամ օգոստոսի 28-ի հետ: Համենայն դեպս, ինչ որ ներկայացվել է, բացարձակապես կապ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների գործունեության կանոնակարգի՝ Սահմանադրության համապատասխանությանը վերաբերող գործի քննության հետ:

ՍԴ դատավորների, նրանց պաշտոնավարման օրինականության խնդիրների մասին ես բազմիցս եմ խոսել: Իսկ մեղադրանքը վերաբերում է այդ որոշման համատեքստում հնչեցված կարծիքներին եւ այլնին: Հետեւաբար, դրանք առ ոչինչ են: Այսինքն, որ ես գործածել եմ Սահմանադրական դատարան եզրույթը կամ դրա վերաբերյալ կարծիք եմ հայտնել, խոսքի իմ ազատության սահմանադրական իրավունքների շրջանակներում է եւ դա որեւէ կերպ չի կարելի դիտարկել հատկապես քրեական օրենսգրքի այն հոդվածով, որը վերաբերում է կոնկրետ դատավորների մասին չճշտված տեղեկություններ տարածելուն: Այնպես որ, դատարանի ուշադրությունն ուզում ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ առհասարակ ներկայացված ապացույցները մեղադրանքի հետ որեւէ կապ չունեն:

Ճիշտն ասած, ես մեծ հաճույքով էի ունկնդրում մեջբերումները, որոնք իմ ելույթից ներկայացնում էր հանրային մեղադրողը, եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել դրանք մեկ անգամ եւս իր ձայնի գեղեցիկ առոգանությամբ ներկայացնելու համար: Բայց ես անհամբեր սպասում էի, թե ապացույց երբ է ներկայացվելու: Եվ ցավում եմ, որ որեւէ ապացույց առայժմ չի ներկայացվել, որովհետեւ թե ինչ ելույթներ եմ ես ունեցել, պետք չէր դրանք ներկայացնել հատվածաբար: Դրանք մինչեւ հիմա համացանցում հասանելի են եւ ցանկացած մարդ կարող է ծանոթանալ: Խնդիրը հետեւյալն է. եթե դրանք ներկայացվում են որպես ապացույց, ի՞նչն է դրանով ապացուցվում: Ապացուցվում է, որ ես խոսե՞լ եմ: Այո, ես խոսել եմ: Իմ կարծիքով, հանրային մեղադրողը հիմա պետք է ներկայացներ, թե դա որքանով է հանդիսանում ապացույց այն մեղադրանքի հետ, որ կա, կամ քրեական օրենսգրքի այն հոդվածի հետ, որը կարող է դիտվել որպես ապացույց: Ցավոք, ես որեւէ ապացույցի չհանդիպեցի:

Բոլոր ներկայացված ապացույցները, որոնք հարգարժան հանրային մեղադրողը ներկայացրեց, դրանք ավարտվել են արդեն նոյեմբերի 14-ին: Այսինքն, նոյեմբերի 14-ից հետո այլեւս որեւէ ապացույց ձեռք չի բերվել: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ բոլոր ապացույցները միայն ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանի կողմից իր գրությանը կից ներկայացված տեսանյութերն են: Այսինքն, նախաքննական մարմինը սեփական ջանքերով որեւէ ապացույց չի ձեռք բերել, չի հետազոտել: Այսինքն, բավարարվել է միայն նրանով, ինչ ներկայացրել է Սամվել Առաքելյանը»,-արձանագրեց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031