Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում․ ԱԳՆ-ից վերահաստատում են ՀՀ պաշտոնական դիրքորոշումը

Մայիս 27,2025 18:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը եւ նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից եւ բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր։ Այս մասին փոխանցում են Արտաքին գործերի նախարարությունից՝ մեր հարցմանն ի պատասխան։

Ինչպես նշել էինք ապրիլի 26-ին տպագրված «Ճանաչումը ե՞րբ դարձավ ՀՀ օրակարգի մաս, եւ ի՞նչ դեր ունի այն այսօր. Ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ ՀՀ չորս իշխանությունների օրոք» հոդվածում, ԱԳՆ ապրիլի 14-ին ուղարկված հարցմանը դեռեւս չէին պատասխանել։

Այժմ ստացված պատասխանում արտաքին գերատեսչությունից ընդգծում են՝ Հայաստանը ցեղասպանության կանխման օրակարգի մասնակից է, չնայած որ միաժամանակ վերահաստատում են նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հայկական դիվանագիտության առաջնահերթություն չէ։

«Ինչպես նշվել է ս․թ․ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարության կողմից տարածված հայտարարությունում, Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Ցեղասպանության կանխարգելման օրակարգի նախաձեռնություններում, մասնավորապես այն ջանքերում, որոնք միտված են նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերելուն, դրանց արագ արձագանքելուն, կանխարգելելուն եւ այդ հանցագործությունները բացառելուն։

Ի շարունակություն նախորդ տարիներին ընդունված բանաձեւերի՝ 2024 թ․ ապրիլին եւս ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւը։ Հայաստանը շարունակում է նախաձեռնել եւ կազմակերպել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորում միջոցառումը՝ միտված ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղմանը (այն տեղի է ունեցել 2015, 2016, 2018, 2022 եւ 2024 թվականներին)։

Այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլեւս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության», – նշվում է ԱԳՆ-ի լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Սարգսյանից ստացված պատասխան նամակում։

 

Համատեքստ

 

Գերատեսչությունից նաեւ հղում են կատարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մարտի 13-ի եւ ապրիլի 17-ի հարցազրույցներին, որտեղ պաշտոնյաները թուրքական մամուլի ներկայացուցիչներին հայտնում են, որ Ցեղասպանության ճանաչումը ՀՀ առաջնահերթություն չէ։

Հիշեցնենք․ Կառավարության գործող ծրագրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդման համատեքստում, առաջնահերթություն է որակվում։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031