Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք սովորեցինք գնահատել Հայաստանն ու նրա մշակույթը. UWC Դիլիջանում ավարտական արարողություն էր

Մայիս 27,2025 18:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դիլիջանի միջազգային դպրոցում՝ UWC Դիլիջանում մայիսի 24-ին ավարտական արարողություն էր: 80-ից ավելի երկրներից ուսանողները հրաժեշտ էին տալիս Դիլիջանին ու Հայաստանին, բայց խոստանում՝ ուր էլ լինեն, մնալու են Հայաստանի լավ բարեկամները:

Ի երախտագիտություն իրենց հյուրընկալած երկրի՝ ավարտական արդարությանը հնչում էին հայկական երգն ու պարը, երախտիքի խոսքեր էին ասվում նաև դպրոցի համահիմնադիրներին՝ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին և նրա կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին, որը որպես UWC Դիլիջան քոլեջի Կառավարիչների խորհրդի նախագահ, իր ողջ ջանքերը շարունակում է ներդրել դպրոցի զարգացման համար:

Արարողության հաջորդ օրը՝ մայիսի 25-ին Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն էր, որը նա արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացնում է Բաքվի բանտում:

«Այս սրահում մոտ 800 մարդ կա, և ավելի շատ մարդիկ մեզ հետևում են առցանց: Վերոնիկա, Դուք և Ռուբենը շոշափել եք այս սենյակում գտնվող յուրաքանչյուր մարդու կյանքը, և փոխել եք նրանցից շատերի ճակատագիրը իրենց ամբողջ կյանքի համար: Չեմ կարծում, որ երբևէ կկարողանանք լիարժեք չափել ձեր ազդեցությունը, բայց ձեր ժառանգությունը կապրի այն մարդկանց կյանքում, որոնց օգնել եք: Ռուբենը դեռ պահվում է Բաքվում՝ Արցախի ժողովրդի կողքին կանգնելու համար: Վաղը նրա ծննդյան օրն է, և մեր ուսուցիչները հատուկ ուղերձ են պատրաստել»,- նշեց UWC Դիլիջանի տնօրեն Ադամ Արմանսկին:

Ուսուցիչների պատրաստած ուղերձը չափազանց հուզիչ էր. սիրիահայ ուսուցչուհի Էլիզաբեթ Սեպետջյանի՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգի կատարումը, որի հնչունների տակ Ռուբեն Վարդանյանի կադրերն էին ցուցադրվում, հուզել էր ողջ դահլիճը.

««Ես զոհ չեմ, քանի որ սա իմ գիտակցված որոշում է»: Միայն անսասան խիզախություն ունեցող մեկը կարող է արտասանել այս խոսքերը: Մարդ, որը կամավոր զոհաբերում է իր ազատությունը՝ պաշտպանելու իր արժեքները: Այս տեսակի քաջությունը ծնվում է արդարության, ազատության և հայրենիքի նկատմամբ խորին սիրուց: Մեր ցանկությունը, մեր անսասան երազն այն է, որ Դուք, սիրելի՛ Ռուբեն, վերադառնաք այն երկիրը, որը պահում եք Ձեր սրտում»,- նշեց Սեպետջյանը:

 

Ավարտականն այս տարի անցկացվում էր «Դուք ինձ բարձրացնում եք » (“You raise me up”) խորագրով: «Դուք ինձ բարձրացնում եք» կարգախոսը միայն զգացողություն չէ, այն չափանիշ է: Այն մեզանից յուրաքանչյուրից խնդրում է մտածել՝ «Ինչպե՞ս կարող եմ մեկ ուրիշին բարձրացնել, վեր հանել: Ինչպե՞ս կարող եմ օգտագործել այն, ինչ ունեմ՝ իմ ժամանակը, իմ փորձառությունը, իմ ձայնը՝ օգնելու ուրիշ մեկին ավելի բարձր կանգնել»: Մեր նպատակն էր կառուցել դպրոց, որտեղ բոլորը հնարավորություն կունենան բարձրանալու: Դա նշանակում է ներդրում գերազանցության և արդարության մեջ, ներդրում ծրագրերում, որոնք մարտահրավեր են նետում և մարդկանց մեջ, ովքեր մտածում են փոփոխություն բերելու մասին: Դպրոցի զարգացման առաջին տասնամյակը հաղթահարած՝ եկեք շարունակենք լինել համայնք, որտեղ ոչ ոք միայնակ չի բարձրանում: Դուք ինձ բարձրացնում եք, և դրա համար շնորհակալ եմ»,-իր խոսքում նշեց Վերոնիկա Զոնաբենդը:

Ուսանողների հրաժեշտը նույնպես զգացմունքային էր: «Մենք սովորեցինք գնահատել Հայաստանն ու նրա մշակույթը»,- ասում էին նրանք:

UWC Դիլիջանը հիմնադրվել է բարերարներ Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից, որոնց համար կրթությունը միշտ ունեցել է առաջնահերթ նշանակություն, իսկ կրթական ոլորտի զարգացումը նրանց գործունեության ամենակարևոր ուղղությունն է: 

Նրանք ունեին տեսլական նպաստելու Հայաստանի՝ որպես համաշխարհային մակարդակով միջազգային կրթական և մշակութային կենտրոնի զարգացմանը: UWC Դիլիջանի շնորհիվ ձևավորվում է երիտասարդների մի մեծ միջազգային խումբ, ովքեր կկայանան և կդառնան ապագայի առաջնորդներ՝ ճանաչելով և գնահատելով Հայաստանը, ովքեր ողջ կյանքի ընթացքում հետաքրքրված կլինեն Հայաստանով:

Այսպիսով, UWC Դիլիջանի շնորհիվ հայ երեխաները ստանում եմ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, իսկ Դիլիջանում ուսանած оտարերկրացիները դառնում են Հայաստանի «դեսպանները»:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031