Կրակովը, Վրոցլավը, Վարշավան, Լյուբլինը , Գդանսկը, Պոզնանն, անշուշտ Լեհաստանի գեղեցկագույն քաղաքներից են եւ զբոսաշրջիկների սիրելի վայրերը, իսկ Լեհաստանը երկիր է՝ հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, հոյակերտ տաճարներով, հրաշալի ճարտարապետությամբ, լավագույն համալսարաններով: Ինքս քանիցս եղել եմ Լեհաստանում, հիացել տեղի արիստոկրատ մշակույթով, ու այս անգամ էլ որոշեցի ի թիվս իմ սիրելի լեհական այլ քաղաքների, այցելել նաեւ Լեհաստանի սահմանին գտնվող Զգորժելեց քաղաքը, որի մյուս կեսը գտնվում է Գերմանիայի տարածքում՝ արդեն Գյորլից անունով:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկու մասի բաժանված եւ երկու տարբեր պետությունների մաս կազմող քաղաքները բաժանված են Նեյսե գետով եւ իրար են կապվում փոքրիկ կամրջով: Այնպես որ՝ կարելի է ընդամենը մի քանի րոպե քայլել կամրջի վրայով ու Լեհաստանից անցնել Գերմանիա՝ առանց սահմանային վերահսկողության:
Լեհական Զգորժելեցը շուրջ 32 հազար բնակչություն ունի, գերմանական Գյորլիցը՝ մոտ 55 հազար: Զգորժելեցը ծածկված է կանաչով, մաքուր օդից քիչ է մնում գլուխդ պտտվի, իսկ հին շենքերն այստեղ հատուկենտ են: Երեկոյան 5-6-ից հետո ոչ լեհական Զգորժելեցի, ոչ Գյորլիցի փողոցներում մարդ չես գտնի, իսկ եթե պատահեն, ուրեմն զբոսաշրջիկներ են, շատ հաճախ՝ հարբած:
Կարդացեք նաև
Ի տարբերություն Զգորժելեցի, Գյորլիցում շուրջ 4000 պատմամշակութային հուշարձան կա, այստեղ հուշարձան շենքները ամենալավ պահպանվածն են ողջ կենտրոնական Եվրոպայում, Գյորլիցն ավելի գունեղ է, եւ այստեղ եւս բացակայում է մեծ քաղաքներին բնորոշ իրարանցումն ու աղմուկը: Գյորլիցը բնավ չի տուժել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այն մնացել է նույնքան գեղեցիկ եւ հեքիաթային, ինչպիսին ի սկզբանե եղել է:
Գյորլիցում բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, օրինակ Քվենտին Տարանտինոն այստեղ 2009-ին նկարել է իր «Անփառունակ սրիկաները»: Գյորլիցում են նկարահանվել նաեւ Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը», մասնակիորեն՝ Սթիվեն Դոլդրիի «Ընթերցողը» եւ Բրայան Պերսիվալի «Գրքի գողը»:
Գյորլիցում է ծնվել փիլիսոփա, աստվածաբան Յակոբ Բյոմեն, ում տունը մնացել է լեհական մասում, ինչպես նաեւ գերմանական ֆուտբոլի նախկին կիսապաշտպան, լեգենդար ֆուտբոլիս Միխայել Բալակը: Ի դեպ, գերմանացիները Գյորլիցից քայլելով գալիս են լեհական մաս՝ Զգորժելեց, որտեղ սրճարանները, սնունդը եւ ծխախոտն ավելի մատչելի են, իսկ լեհ երիտասարդությունը զվարճանքների համար գնում է Գյորլից:
Լեհական մասում հիմնականում նախընտրում են խոսել լեհերեն, իսկ գերմանական մասում՝ նաեւ անգլերեն: Լեհաստան այցելած զբոսաշրջիկը, կարծում ենք չպետք է բաց թողնի Զգորժելեց-Գյորլիցով հիանալու հնարավորությունը: Այստեղ յուրատեսակ հանդարտություն է, խաղաղություն, ասես քայլելիս լինես «դարերի միջով», այլ Եվրոպա է, որը նման չէ մեր տեսածներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի