2024 թվականի ընթացքում հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ կիրառել է 3 մլրդ 46 մլն դրամից ավելի տուգանք: Բյուջե մուտքագրվել է 1 մլրդ 124 մլն դրամից ավելի գումար: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ մայիսի 27-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը:
Նախորդ տարի հարուցվել է 3 վարույթ, արդյունքում կիրառվել է 1 մլրդ 78 մլն դրամի տուգանք: 2024 թվականին բենզինի շուկայում մեծածավալ ուսումնասիրություն է կատարվել, եւ արվել են կարեւոր արձանագրումներ: Մասնավորապես, Ֆինանսների նախարարությանն է ներկայացվել բենզինի ակցիզային հարկի փոփոխության մասին արձանագրումը:
Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ առեւտրային ցանցերում հարուցված վարույթների արդյունքում շուրջ 4 մլրդ դրամի պարտք է մարվել:
Զեկուցողն անդրադարձել է պետական գնումների ոլորտի մշտադիտարկումներին, խոսել մի շարք ոլորտներում գերիշխող դիրքի չարաշահման հիմքով հարուցված վարույթների մասին, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:
Կարդացեք նաև
Հաղորդումը՝ այստեղ:
Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 29-ի ԱԺ հերթական նիստում:
Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ