Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղը գրավիչ չէ երիտասարդների համար»․ «Չամիչ» հյուրատան հիմնադիրները Դեբետում փորձելու են ժամանցի հնարավորություններ ստեղծել

Մայիս 27,2025 22:02

«2019-ի ամռանը որոշեցինք, որ ուզում ենք զբաղվել տուրիզմով և Լոռու մարզում ցանկանում ենք հող կամ տուն գնել, որ դա դառնա մեր բիզնեսը։ Եվ վեց ամիս փնտրտուքի մեջ էի, թե որտեղ կարելի է տուն գնել։ Գալիս, նայում էի, հետո Լիլիթին ասում էի՝ արի, միասին գնանք, քո կարծիքն ասա։ Սեպտեմբերին եկանք Դեբետ` գետի ափին հող նայելու: Գյուղամիջում մի տաքսիստ ասաց՝ եկեք, տանեմ՝ մի տուն ցույց տամ ձեզ։ Բարձրացանք, նայեցինք այս տունը, որտեղ հիմա մեր հյուրատունն է։ Լիլիթը տեսավ ու ասաց՝ այս տունն եմ ուզում»,-պատմում է «Չամիչ» հյուրատան հիմնադիր Դավիթ Կարմիրշալյանը։

Լիլիթ Չիտչյանն ու Դավիթ Կարմիրշալյանը Երևանից են։ Լոռու բնությունը սիրելով, նաև հաշվի առնելով, որ Դեբետում, Թումանյանում այն ժամանակ դասական իմաստով հյուրատներ չկային, 2020-ին որոշեցին հենց Դեբետում հիմնել իրենց հյուրատունը, որն անվանել են «Չամիչ»։ Լիլիթը մեզ ցույց տվեց այն տան նկարը, որը ժամանակին գնել են և դարձրել հյուրատուն։ Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են որոշել «Չամիչ» կոչել, Լիլիթը պատմեց․ «Շատ արևոտ տուն էր, Դավիթին ասացի՝ արի անունը չամիչ դնենք, «Չամիչ» բենդն էլ կգա, կնվագի։ Այն ժամանակ չէինք էլ պատկերացնում, որ Քովիդ պիտի լինի, ամեն ինչ փակվի և այլն։ Դավիթն ասաց՝ ի՞նչ չամիչ, չամիչ- չարազ, էդ լավ չի, բայց համաձայնեց։ Մեծ հաշվով՝ շատ մարդիկ հիմա զուտ քշում, գալիս են, որ տեսնեն՝ ի՞նչ տեղ է «Չամիչը»․ անունը կանչում է։ Մենք կարողանում ենք անվան հետ խաղալ»։ Դավիթն էլ ասաց՝ նպատակ ունեն այլ համայնքներում ևս «Չամիչ»-ներ բացել։

 

Լիլիթը հիշեց՝ նախկին գյուղապետն ասում էր՝ ինչո՞ւ եք այս տունը գնում, գետի ափին լավ հողեր կան, տաղավարներ կսարքեք, խորոված, քյաբաբ կմատուցեք․ «Ես ասացի՝ չեմ ուզում, ես պատկերացնում եմ՝ պատշգամբ, մարդիկ նստած սուրճ են խմում, մյուս կողմում աշխատում են, մեկ ուրիշ անկյունում պառկած հանգստանում։ Այսինքն՝ հիմա դուք տեսնում եք այն, ինչ այն ժամանակ ես պատկերացնում էի»։

«Չամիչ» հյուրատունը 2021-ից մեկնարկած Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար (ԼԻԼԱ) ծրագրի շահառուներից է։ Ծրագրի նպատակն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման միջոցով երկրի գյուղական բնակչության կենսապայմանների ապահովումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: ԼԻԼԱ ծրագիրը գործում է Տավուշի, Լոռվա, Վայոց ձորի և Սյունիքի 7 խոշորացված համայնքներում։ ՀՀ Լոռու մարզում ծրագրի շահառուներն են Թումանյան խոշորացված համայնքի Մարց, Ահնիձոր Լոռուտ, Դսեղ բնակավայրերը, Փամբակ Խոշորացված համայնքի Եղեգնուտ, Մարգահովիտ և Դեբետ բնակավայրերը։

Այս ծրագրի շրջանակներում «Չամիչ» հյուրատանը կառուցվել է ռեստորանային հատված։ Լիլիթ Չիտչյանն ասաց․ «Դա մեզ համար կարևոր խնդիր է լուծել։ Այսօր կարողանում ենք փակ սրահում 60-70 անձի միաժամանակ հյուրընկալել, ինչը «Չամիչի» համար լրացուցիչ եկամտի հնարավորություն է։ Այդտեղ կարողանում ենք անցկացնել դասընթացներ, աշխատաժողովներ։ Արդեն ունենք նման պատվերներ»։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ներկայացուցիչ, LILA ծրագրի տնտեսական բաղադրիչի համակարգող Ալլա Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այս բաղադրիչի շրջանակում նպատակ ունենք թիրախային բնակավայրերի բնակիչների համար ստեղծել այլընտրանքային եկամտի աղբյուր՝ կայուն և ներառական զբոսաշրջության, վայրի հավաքչության և տեղական գյուղմթերքի արտադրության ու մատակարարման միջոցով՝ դեպի հյուրընկալության ոլորտ։

Այս պահին ունենք 31 շահառու տնտեսական բաղադրիչի շրջանակներում, որից 11-ը մեզ մոտ ընդգրկված են՝ որպես գյուղմթերքի մատակարարներ և ևս 20 գործընկեր ունենք, որոնք հյուրընկալության, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ են։ Քանի որ ծրագիրը բնապահպանական է, առանցքային է բնապահպանական և ներառական բիզնես լինելը։ Կարևոր պայման է եղել բիզնեսի համար, որ նրանք հնարավորինս քիչ ազդեցության ունենան բնության վրա և հնարավորինս շատ տեղացիների ներառեն իրենց աշխատանքներում։ Մենք փորձել ենք զարգացնել նաև սննդի մատակարարման արժեշղթան, և գործընկեր բիզնեսների համար կարևոր պայման է եղել, որ իրենց գյուղմթերքը հնարավորինս մթերեն գյուղից կամ մարզից՝ այլընտրանքային եկամտի աղբյուր ստեղծելով իրենց համայնքներում։ Կարևորել ենք նաև, որ բիզնեսն իր ներդրումն ունենա նաև համայնքի զարգացման, աշխատատեղերի ստեղծման հարցում, ներգրավեն տեղի կադրերին, ոչ թե Երևանից բերեն կադրեր»։

Լոռու մարզում ծրագրի կողմից ներդրվել է մոտ 300 հազար շվեյցարական ֆրանկ ենթակառուցվածքների ընդլայնման, դրանց զարգացման, կարողությունների զարգացման, ճանաչողական այցերի հյուրընկալման, միջազգային ցուցահանդեսների մասնակցության, շահառուների հմտությունների զարգացման դասընթացների և այլ միջոցառումների համար։ Ըստ Ալլա Ղազարյանի՝ կարևորվել է նաև կանանց ներգրավվածությունը բիզնես գործընթացներում։

Օրինակ՝ «Չամիչ» հյուրատունն ունի 6 աշխատակից, որոնք համայնքից են։ Դավիթ Կարմիրշալյանն ասաց՝ մինչև նախորդ տարի ավելի շատ էին օգտվում տեղի գյուղմթերքից․ «Ուղղակի այս պահին օրենքը թույլ չի տալիս, որ մենք կարողանանք ամբողջ ծավալով կաթ ու միս գնել գյուղացուց։ Ստիպված պետք է սերտիֆիկացված կազմակերպություններից գնենք։ Բանջարեղենն ամբողջովին գյուղացուց կարողանում ենք գնել»։ Լիլիթն էլ հավելեց՝ բոլոր խոտաբույսերը գնվում են տեղի և այլ համայնքների՝ հավաքչություն անող կանանցից․ «Այս մարդիկ շուկային գրեթե հասանելիություն չունեն։ Գյուղում մի կին կա, գիտի՝ ինչ հավաքի, գնելու ենք։ Մենք գնում ենք՝ եթե մարդիկ իրենց բակից հավաքում են կանաչեղենը»։

Հունիսի 14-ին «Չամիչը» կնշի հիմնադրման 5-ամյակը։ Այդ օրը համերգային ծրագիր ու հյուրասիրություն է նախատեսված։ Դավիթը պատմեց՝ զարգացման ճանապարհին շատ դժվարությունների են հանդիպել, հիմա էլ շարունակում են լուծել դրանք․ «Առնչվել ենք ջրի, լույսի, աշխատողներ գտնելու խնդիրներին։ Այսօր էլ ջրի խնդիր ունենք․ ջուր կա, բայց դեռ չենք կարող ասել՝ մաքուր է խմելու համար․ սարերից է գալիս։ Սա ամբողջ թաղի խնդիրն է։ Ինչպես բոլոր տարածքներում, երբ քամի, կայծակ է լինում, անձրև գալիս, լույսն անջատվում է, քանի որ լարերը հին են։ Մենք էլ այդ խնդիրն ունենք։ Այս տարի արևային պանելներ դրեցինք, հետագայում նաև հնարավորություն պետք է ստեղծենք, որ կարողանանք տեղում մեր արտադրանքը ստեղծել, երբ լույս չի լինում»։

Լիլիթն էլ հավելեց․ «Աշխատող գտնելու խնդիրը կա բոլոր համայնքներում։ Նաև բազմաթիվ կարծրատիպային և ոչ կարծրատիպային խնդիրներ կան․ օրինակ՝ հնարավոր է՝ թույլ չտան՝ կանայք աշխատեն սպասարկման ոլորտում, մարդիկ չունեն հմտություններ, չեն աշխատել երբևէ, ունեն վախեր։ Դրա համար ունենք կադրերի բազա, որ կարողանանք արագ համալրել նրանց, քանի որ մարդիկ չունեն կոլեկտիվում աշխատելու փորձ, հնարավոր է՝ գան, ասեն՝ մենք վաղը աշխատանքի չենք գալիս, կամ նեղանան, տասն օրով հեռախոսին չպատասխանեն և այլն»։

Այժմ «Չամիչում» փնտրում են անգլերենի տիրապետող երիտասարդի, սակայն չեն կարողանում գտնել։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ երիտասարդները չեն ցանկանում մնալ և համայնքում աշխատել, Լիլիթը պատասխանեց․ «Աղջիկների մեծ մասը 18-19 տարեկանում ամուսնանում է կամ քաղաքում սովորում և մնում է այնտեղ։ Շնորհակալ լինենք, եթե «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը մեզ կադրեր առաջարկի, քանի որ իրենք ունեն ոչ ֆորմալ ծրագրեր։ Ինձ թվում է գյուղը գրավիչ չէ երիտասարդների համար։ Դեբետում երիտասարդների համար ժամանցի, կրթամշակութային միջոցառումների հնարավորություն համարյա չկա։ Վանաձորը մոտ է, բոլորը գնում են այնտեղ։ Պլաններ ունենք «Այլ կերպի» ակումբ հիմնել Դեբետում»։

Մեր հարցին՝ ո՞րն է պատճառը, որ ՀՀ-ում հյուրատներն ու հյուրանոցները բարձր գներ են սահմանել, Դավիթն ի պատասխան նշեց մի քանի պատճառներ՝ թանկացումներ, դոլար-եվրո-դրամ փոխարժեքի տատանումներ և այլն։

Լիլիթն այս առումով կարծում է, որ հյուրատները պետք է ճկուն գնային քաղաքականություն վարեն։ Վստահեցրեց՝ եթե հիմա իրենք հյուրեր ունենան, հաստատ գնացուցակից զեղչ են անելու, որպեսզի իրենց սենյակները դատարկ չմնան․ «Մարդուն պետք է վաճառել փորձառություն․ դա թանկ բան չէ։ Մեր հյուրատներին պետք է ճկունություն սովորեցնենք։ Ծրագրով մեզ սովորեցնում են ճկունություն, այնպիսի գնային քաղաքականություն վարել, որ լցնես հյուրատունդ զեղչով, քան դատարկ նստես։ Եղել են դեպքեր, երբ ուշ գիշերին հյուրեր ենք ունեցել, բայց ազատ սենյակ չենք ունեցել, զանգել ենք գործընկեր հյուրատների, սակայն նրանք զեղչ չեն արել, ուստի հյուրեր են կորցրել»։

Լիլիթը վստահեցրեց՝ իրենց համար կարևորն իրենց վարկանիշն է, սնունդն ու մաքրությունը։ Ճոխություններ չունեն։ Կարևորում են մաքուր, որակյալ անկողինն ու թարմ սնունդը։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031