Իսրայելի անկախության 77-րդ ամյակի կապակցությամբ եւ Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման նպատակով Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոել Լիոնի եւ Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի համատեղ ջանքերով կազմակերպված երեկույթը մեկտեղել էր Հայաստանում տարբեր երկրների դեսպանների, Հայաստանի կառավարության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների, մտավորականների ու քաղաքական գործիչների:
Ողջունելով ներկաներին՝ Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը ասաց, որ այսօր իրենք ոչ միայն նշում են տարեդարձ, այլ նաեւ պատվիրան, որ Իսրայելի ժողովուրդը ապրում է եւ տոկուն կերպով դիմակայում: Նա նշեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ահաբեկիչները ներթափանցեցին Իսրայելի համայնքներ՝ սպանելով, բռնաբարելով, այրելով ամբողջ ընտանիքներ: «Նրանք առեւանգեցին ավելի քան 250 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ եւ օտարերկրյա քաղաքացիներ՝ նրանց որպես պատանդներ քարշ տալով Գազա: Այսօր մինչ մենք այստեղ հավաքվել ենք տոնելու, 58 պատանդ դեռեւս մնում է անազատության մեջ: Արդեն 599 օր է, ինչ նրանք պահվում են Գազայի զնդաններում: Նրանց դեմքերը դաջված են մեր սրտերում: Մենք հանգիստ չենք առնի եւ պատերազմը չի կարող ավարտվել, քանի դեռ նրանք չեն վերադարձել»,-պատանդների վերաբերյալ իր երկրի հստակ դիրքորոշումն արտահայտեց նորին գերազանցություն դեսպանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ