Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հյուրանկալել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քարտուղար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։ Գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ Եվրոպայի խորհրդի օժանդակության կարևորությունը։
Այս առումով ընդգծվել է հատկապես 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առնչությամբ ձեռնարկված քայլերի շարունակականության ապահովումը, ինչպես նաև մարզերում մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։
Անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համակարգմանն ուղղված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։ Կողմերը քննարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ մարդու իրավունքների ոլորտում ստեղծված նոր գործիքակազմերը Հայաստանում տեղայնացնելուն ուղղված քայլերը։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանն ուղղված աշխատանքներում Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ համագործակցությունը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ