Լրահոս
Օրվա լրահոսը

Այց Երեւան, ապա` ռուս-թուրքական բանակցություններ Մոսկվայում

Մայիս 28,2025 12:00

«Տրանսպորտային կապերի եւ հաղորդակցությունների ապաշրջափակում», «տարածաշրջանի հետհակամարտային վերականգնում». Մոսկվա-Անկարա բանակցությունների օրակարգը հայտնի է

Մոսկվան եւ Անկարան հետաքրքրված են Հարավային Կովկասի խաղաղությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ մայիսի 26-27-ը մոսկովյան այցից առաջ։

Հաղորդագրության մեջ նշվել էր, որ կողմերը կքննարկեն երկկողմ եւ միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Կովկասում համագործակցության խորացման հարցը, «ներառյալ տրանսպորտային կապերի եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաեւ տարածաշրջանի հետհակամարտային վերականգնումը»։ «Ռուսաստանը եւ Թուրքիան շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ։ Կողմերի կարծիքով, դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով»,-արձանագրել էր Մոսկվան։ Ռուսական կողմը հույս էր հայտնել, որ նախարարների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումը կարեւոր ներդրում կլինի երկու պետությունների միջեւ կապերի խորացման, տարածաշրջանային անվտանգության ավելի կանխատեսելի ճարտարապետության ձեւավորման գործում:

Հաքան Ֆիդանը Ռուսաստան մեկնեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով, որն օրեր առաջ ժամանել էր Երեւան աշխատանքային այցով, բանակցել էր հայկական կողմի հետ։ Ռուսաստանյան ՏԱՍՍ-ը Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրին հղում անելով հայտնեց, որ Ֆիդանը Մոսկվայում ակնկալում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ ծրագրված էին Ֆիդանի հանդիպումները նաեւ Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, ինչպես նաեւ նշվում էր, որ Ֆիդանը կարող է հանդիպել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման գործում եւ պատրաստ է շարունակել կողմերին օգնություն տրամադրել նման փաստաթղթի մշակման եւ ստորագրման հարցում։ «Օրինակ՝ «Խաղաղության խաչմերուկն» իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրել, եւ մենք անկեղծորեն նրանց հաջողություններ ենք մաղթում այդ գործընթացում»,- ասել էր Լավրովը։ Նա հայտնել էր, որ հարցը Երեւան կատարած այցի ժամանակ քննարկել է ՀՀ վարչապետի եւ նախագահի հետ։ «Պարզ է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել օգնություն ցուցաբերել, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված են»,- նկատել է Լավրովը։

Բացի այդ, նա հավելել էր, որ անհրաժեշտ է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում. «Հակամարտությունների հաղթահարումը եւ այդ հակամարտությունների հետեւանքով տրանսպորտային ու տնտեսական կապերի վրա դրված սահմանափակումների վերացումը, անշուշտ, զգալիորեն կբարձրացնի տարածաշրջանի այս հատվածի եւ մեր ամբողջ տարածաշրջանի մրցունակությունը»։

Անցյալ շաբաթ նաեւ պաշտոնական Անկարան էր անդրադարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի թեմային: Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել էր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խորհուրդը մոտ 2.5 ժամ տեւած նիստ է անցկացրել՝ գնահատելու վերջին զարգացումները եւ «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» ուղղությամբ ընթացող գործընթացը։ Հանդիպումից հետո Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը եւս քննարկվել է։ «Խորհուրդը գոհունակություն է հայտնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Անկարան վերահաստատում է իր սպասումները, որ կապահովվեն անհրաժեշտ պայմանները վերջնական խաղաղության հաստատման համար, որը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին»,-ասվում էր հայտարարության մեջ։

Իսկ ահա պաշտոնական Բաքուն շարունակում է ճնշումները Երեւանի ուղղությամբ:

Պաշտոնական Երեւանը պետք է հստակորեն ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այս պահանջները տեղ էին գտել Թուրքիայում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցներին հղված նամակում։

«Արեւմտյան Ադրբեջան վերադարձը որպես մարդու իրավունքների գերակայության կարեւոր պայման» կոչվող համաժողովի մասնակիցներին դիմելով՝ Ալիեւը մասնավորապես պնդել էր. «Թյուրքական ժողովուրդների հանդեպ հայ հանրության ներսում խորապես արմատավորված ատելությունը, «Մեծ Հայաստանի» մասին երազանքները, այդ երկրի Սահմանադրության տեքստում Ադրբեջանին եւ Թուրքիային ուղղված տարածքային պահանջների առկայությունը, ինչպես նաեւ արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ժխտումը, ցավոք սրտի, խոչընդոտում են խաղաղության հաստատմանը»։ Ալիեւի պնդմամբ՝ Հայաստանը, հարեւան երկրներին ուղղված տարածքային պահանջներից հրաժարվելուց բացի, պետք է նաեւ քայլեր ձեռնարկի «ադրբեջանական հազարամյա մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ, թույլատրի այդ հարցով զբաղվող UNESCO-ի դիտորդական առաքելության գործունեությունը»։ Առանցքայինը, սակայն, ըստ Ալիեւի, իր հայրենակիցների՝ Հայաստան տեղափոխվելու, կամ ինչպես ինքն է ձեւակերպել՝ «վերադարձի» հարցն է։ «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այն հարցի շուրջ, թե երբ եւ ինչ պայմաններով են արեւմտյան ադրբեջանցիները կարողանալու վերադառնալ իրենց նախնիների հայրենիք։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունն այս հարցի քննարկման նպատակով կընդունի («Արեւմտյան Ադրբեջանի») համայնքի ներկայացուցիչներին», – ըստ «Ազատության», նշել է Ալիեւը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցն արդեն իսկ ընդգրկել է իր օրակարգում եւ դրանից հրաժարվելու մտադրություն չունի։ «Հարկ եմ համարում ընդգծել, որ արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանին ուղղված տարածքային պահանջ չէ։ Հայաստանը պետք է զերծ մնա այդ ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից։ Այս խնդիրն Ադրբեջանի օրակարգում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ վերադարձն իրականություն չի դարձել։ Իհարկե, իրենց հայրենիք վերադարձող արեւմտյան ադրբեջանցիներին նաեւ անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն»,- նշել է Ալիեւը։

Չնայած Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի» թեմայի արծարծումը տարածքային պահանջների չի հանգեցնելու, Ալիեւը հատուկ ընդգծում է՝ այս խնդիրը ծագել է այն պատճառով, որ «1920-ին Արեւմտյան Զանգեզուրն անջատվել է Ադրբեջանից եւ փոխանցվել է Հայաստանին, ինչի հետեւանքով կտրվել է կապը մեր երկրի անբաժան մասի՝ Նախիջեւանի հետ»։

Ալիեւի ուղերձը հրապարակվեց այն պահին, երբ նա Բուդապեշտում մասնակցում էր Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ եւ դիտորդ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական համաժողովին։ Դրա ընթացքում Հայաստանի հետ հարաբերություններին անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն՝ ընդգծելով, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումն օգտակար կլինի հատկապես թյուրքական աշխարհի համար։ «Ուրախալի է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը համաձայնեցրել է Հայաստանի հետ։ Եթե երկու երկրների միջեւ կայուն խաղաղություն հաստատվի, դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար», -ասել էր Էրդողանը։

Պաշտոնական Երեւանը հակադարձեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում «Արեւմտյան Ադրբեջան» չկա, «արեւմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջաններն են»: ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրեսի» խնդրանքով այսպես էր արձագանքել Ադրբեջանի նախագահի նշյալ հայտարարություններին։

Նկատենք, որ չնայած Հայաստանի նկատմամբ ակնհայտ տարածքային հավակնություններին, իր հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդամենը մի քանի տարի առաջ շրջանառության մեջ դրված այդ թեզին, նույն հարթության վրա դիտարկեց Արեւմտյան Հայաստանն ու Բաքվի առաջ քաշած «Արեւմտյան Ադրբեջան»-ը: «Հիմա մենք ինչքան նեղվում ենք եւ շատ ծանր ենք տանում եւ պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք Արեւմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են «Արեւմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, էդպես էլ ոնց որ ասում ենք Արեւմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»,- նշել էր Փաշինյանը:

Եվ մինչ Երեւանը Բաքվի հետ բանակցում է, Ալիեւի վարչակազմը «Արեւմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին զուգահեռ մահմեդական ներկայացուցչության «Երեւանի մասնաճյուղ՝ «ղազիյաթ» է ստեղծում»։ Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ՝ Կովկասի մահմեդականների վարչությունը այդ մասին որոշումը հրապարակել է հատուկ գումարված նիստում, որին մասնակցել են շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն, ինչպես նաեւ պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031