Լրահոս
Օրվա լրահոսը

Թո՛ղ Մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի. ՀՀ նախագահի ուղերձը

Մայիս 28,2025 10:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։

1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառություն և ազատության, ինքնիշխանության սկզբունքների հենարան։

Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակականության կարևորագույն պայմանն է։ Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի Երրորդ Հանրապետության ստեղծում՝ դարձնելով Մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդներին միավորող խորհրդանշական օր։

Ներկայումս ինչպես և 107 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ՝ անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ և իրատեսական մտածողության, հանրային համերաշխության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջով։

Կրթությունն ու գիտությունը պետք է լինեն մեր զարգացման առանցքում՝ որպես երկարաժամկետ կայունության ու առաջընթացի գրավական։ Յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունը մեր պետության ու սերունդների առաջ մեր երկրի զարգացման շարժիչ ուժն է:

Թո՛ղ Մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի:

Շնորհավոր Հանրապետության տոնը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031