Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին իր կարծիքը երբեւէ չի փոխել»․ Նաթան սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

Մայիս 28,2025 13:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եկեղեցին իր կարծիքը երբեւէ չի փոխել»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ Մայր աթոռը շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հոգեւոր դասը Սարդարապատի հուշահամալիր էր այցելել Նաթան Սրբազանի գլխավորությամբ։ Վեհափառ Հայրապետը երկրում չէ, Բեռնում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող Արցախի մշակութային ժառանգության պահպանման միջոցառմանն է մասնակցում։

Նաթան սրբազանն ասաց, որ հրավեր չեն ստացել՝ պետական դասի հետ մասնակցելու Սարդարապատի միջոցառումներին, բայց սա առաջին տարին չէ, որ հոգեւոր դասն առանձին է մասնակցում։ Ավելին՝ անցյալ տարի կատարվածից հետո հրավեր չէին էլ սպասում։

Հարցին՝ անցած տարի այս օրը, երբ Սարդարապատում Վեհափառին թույլ չէին տալիս այցելել հուշահամալիր, այժմ ի՞նչ փուլում են եկեղեցու եւ իշխանության հարաբերությունները, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մյուռոնօրհնեքի արարողություններին մասնակցեց, սրբազանը պատասխանեց․ «Նույն փուլում»։ Հստակեցնող հարցին՝ հարաբերություն չկա՞, պատասխանեց․ «Նույն փուլում․ հարաբերություններ այնքանով, ինչ-որ աշխատանքային»։ Դիտարկմանը, որ Վեհափառը չի մասնակցում պետական արարողակարգերին, սրբազանն արձագանքեց․ «Եթե չի մասնակցում, ուրեմն պատճառներ կան»։ Նա չմանրամասնեց՝ ի՞նչ պատճառներ են։

Նաթան սրբազանը չկարողացավ ասել, թե համընդհանուր ուրացման այս փուլում ո՞րն է Մայր Աթոռի՝ Արցախի էջը բաց պահելու տեսլականն, իր անձնական տեսլականն էլ չհրապարակեց։ Միայն ասաց․ «Ամեն պարագայում՝ չենք հուսալքվում, երբեւէ չենք մոռանում ու չենք մոռանա։ Իսկ թե ի՞նչ կլինի՝ որեւէ մեկը այսօր չի կարող ասել»։

Սրբազանը հայտարարեց՝ եկեղեցին միշտ ազգի համախմբման խնդրին է եղել, ջանք է դնում համախմբման՝ անկախ տարբեր կուսակցական պատկանելություններից, դրա համար էլ քաղաքականությամբ չի զբաղվել։ Նա նկատեց՝ բյուզանդական շրջանից, ապա մոնղոլ-թաթարական արշավանքներ եւ մինչ օրս, եկեղեցու նկատմամբ ոտնձգություններ են լինում եւ ասաց՝ «Երբեք եկեղեցին ծունկի չի իջնի մարդու առջեւ», հիշեցնելով Վազգեն կաթողիկոսի խոսքերը՝ «Եթե դու չես ուզում ծունկի իջնել Աստծո առաջ, ստիպված կլինես՝ մարդու առաջ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031