«Այսօրվա կարեւոր խորհուրդներից մեկն այն է, որ այս հողը կռվով եւ արյունով է պաշտպանվել։ Երբ խոսում են նրա մասին, որ այս իրական Հայաստանն է, որ այս 29 743 քառակուսի կիլոմետր է եւ այլն, եկեք հիշենք այդ 29 743–ն էլ կռվով է պաշտպանվել»,- Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգողներից Ավետիք Չալաբյանը։
Նախաձեռնության անդամներն այսօր Ապարան քաղաքում մասնակցում էին Հայաստանի առաջին հանրապետության տոնակատարություններին։
«Անընդհատ մեր ժողովրդի գլուխը մտցնել, որ կռվելը վատ է, կռվելը վատ է․․․ մեր ժողովուրդը պետք է հիշի՝ իր այսօրվա ապրելու իրավունքը, իր անկախությունը, իր ազատությունը, ինքը կռվելով է հենց նվաճել։ Աստված չանի, իհարկե, եթե նոր կռիվ լինի, մեր ժողովուրդը պետք է միշտ պատրաստ լինի դիմագրավել թշնամուն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Խոսելով Հայաստանի առաջին հանրապետության խորհրդի եւ դասերի մասին, Ավետիք Չալաբյանն ասաց՝ այսօրվա խորհուրդը շատ կարեւոր է, հիմնաքարային է եւ կարելի է ասել, որ ժամանակի մեջ անանցանելի է․ «Տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը, Օսմանյան զորքերը երեք ամսում գրավել էին ամբողջ Արեւմտյան Հայաստանը, ռուսական զորքերի դուրս գալուց հետո ներխուժել էին արեւելյան Հայաստան եւ, ըստ էության, նպատակադրվել էին մինչեւ վերջ հասցնել հայ ժողովրդի բնաջնջման իրենց հրեշավոր ծրագիրը։ Եթե այդ ճակատամարտերում հայերը պարտվեին, վերջին մեր ամրոցը՝ Երեւանը, ընկնելու էր շրջապատման մեջ։ Մենք չգիտենք, թե այսօր այստեղ կանգնած կլինեի՞նք, թե՞ չէ, ընդհանրապես Հայաստան կլինե՞ր քարտեզի վրա, թե՝ չէ։ Սա իսկապես ճակատագրական պահ էր եւ մեր ժողովրդի բոլոր հատվածները այդ օրը կարողացան միավորվել։ Այդ օրը կռվել են եւ կանոնավոր ստորաբաժանումները հայկական նորաստեղծ բանակի, եւ կամավորները Արեւմտյան Հայաստանից եւ Արցախից եկած, եւ տեղական աշխարհազորը։ Մասնավորապես ապարանցիները 3.5-4 հազար աշխարհազորային են տվել։ Դա իրական համախմբման օրինակ էր»։
Օրվա երրորդ խորհուրդն, ըստ Ավետիք Չալաբյանի, երեք ճակատամարտերն են՝ Բաշ Ապարանը, Սարդարապատը եւ Ղարաքիլիսան․ «Կռվել են իսկապես գերակշիռ թուրքական զորքի դիմաց։ Բանակի հրամանատարությունը, ի դեմս Թովմաս Նազարբեկյանի, պատրաստ էր հանձնվել, բայց այդ պահին առաջ են եկել մարդիկ, ինչպիսիք են լեյտենանտ Գարեգին Նժդեհը, կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը, եզդի առաջնորդ Ջահանգիր Աղան, ապարանցի Սեդրակ Ջալալյանը․ մարդիկ, որոնք նույնիսկ ռազմական բարձր ղեկավարություն չեն եղել եւ ասել են՝ ոչ, այստեղ որոշվում է հայ ազգի ճակատագիրը, մենք չենք նահանջելու։ Ուստի այսօր մենք պետք է մեր գլուխը խոնարհենք այդ հերոսների սխրանքի առաջ, նրա առաջ, որ իրենք հրամանին չեն ենթարկվել, բայց հրամանին չենթարկվելով փրկել են մեր ազգը, մեզ բոլորից տվել են ապրելու իրավունք։ Կեցցեն այդ հերոսները եւ կեցցե Հայաստանի հանրապետությունը»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Հայաքվեի» էջից