Լրահոս
Օրվա լրահոսը

Գծանկարների նրբագեղություն, տպագրության բարձր որակ. Հայաստանի առաջին Հանրապետության պաշտոնական թղթադրամները թվագրված են 1919 թվականով

Մայիս 28,2025 15:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Առաջին Հանրապետության թողարկած թղթադրամները ցուցադրվում են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում:

1918 թվականի մայիսի 28-ի անկախության հռչակումից անմիջապես հետո, նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնային խնդիրներից դարձավ սեփական ազգային արժույթն ունենալու և երկրում դրամական կանոնավոր շրջանառություն հաստատելու հարցը:

Եվ ահա, կառավարությանը կից ստեղծվում է աշխատանքային խումբ՝ նոր թղթադրամների էսքիզներն ու տպագրությունը նախապատրաստելու նպատակով: Այդ խմբի կազմում էին նկարիչներ Արշակ Ֆեթվաճյանը և Հակոբ Կոջոյանը, ֆինանսիստ Գրիգոր Ջաղեթյանը (հետագայում՝ ՀՀ ֆինանսների նախարար) և ինժեներ Գրիգոր Աղաբաբյանը: Հայկական թղթադրամների ընդհանուր գեղարվեստական գաղափարի և ձևանմուշների պատրաստման հեղինակը հանդիսացավ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը: Եվ դա պատահական չէր՝ այդ ժամանակ նա արդեն ճանաչված նկարիչ էր հայ իրականության մեջ:

Մեծ դժվարություններով թղթադրամները վերջապես 1920 թվականի սկզբին սկսեցին տպագրվել Անգլիայում, լոնդոնյան հանրահայտ «Վաթերլո և որդիներ» (“Waterlow & Sons Ltd”) ընկերության տպագրատանը: Իսկ ահա հայկական փոստային նամականիշները, որոնք արված էին թղթադրամների էսքիզների հիման վրա, Ֆեթվաճյանը տպագրել տվեց արդեն Փարիզի «Chassepot» ընկերության տպագրատանը:

Հայաստանի առաջին Հանրապետության պաշտոնական թղթադրամները թվագրված են 1919 թվականով և թողարկված են 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով: Նրանց վրա դրոշմված են այդ ժամանակ պաշտոնավարող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Հիմնական մակագրությունները հայերեն են, մասամբ կան նաև ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով մակագրություններ: Մասնագետների կարծիքով, այդ թղթադրամների թողարկումը զգալի կերպով տարբերվում է 1918-1924 թթ. Անդրկովկասի տարածաշրջանում իրականացված այլ թղթադրամների թողարկումներից՝ առաջին հերթին գծանկարների նրբագեղությամբ և տպագրության բարձր որակով:

Թղթադրամներից նմուշներ պահվում են նաև ՀԱԳ Արվեստի բաժնի ֆոնդերում։

Հայաստանի ազգային գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031