Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում բնակվող ՌԴ մի քանի քաղաքացիներ՝ Տատյանա Ա․-ն․ Ալյոնա Ն․-ն և Օլգա Կ․-ն բողոք են ներկայացրել այն մասին, որ այդ նույն թաղամասում բնակվող մի քանի հայ երեխաներ ծեծի են ենթարկել իրենց տղաներին, ֆիզիկական ցավ պատճառել նրանց։ Ալյոնա Ն․-ի որդին էլ, ըստ նրա բողոքի, ստացել է մարմնական վնասվածքներ։
Ոստիկանությունը վերոհիշյալ կանանց դիմումների վերաբերյալ գրություն էր ստացել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից։ Նշենք, որ նրանք ռուս զինվորականների կանայք են, երեքն էլ չեն աշխատում, նրանց զավակները սովորում են 8-րդ զինվորական թաղամասում գտնվող ռուսական դպրոցում։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ժամանակ պարզվել է, որ մայիսի 21-ին, ժամը 22-ի սահմաններում ռուսական վերոնշյալ դպրոցի մոտակայքում 5-6-րդ դասարաններում սովորող 4 հայ տղաներ, որոնցից երկուսը եղբայրներ են, վիճաբանել են ռուսական դպրոցի 3-րդ դասարանում սովորող ռուս տղաների հետ, վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Նրանք բոլորը նույն թաղի երեխաներ են, բացի երկու եղբայրներից՝ բոլորը սովորում են նույն դպրոցում։
Գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։