Արդեն բազմիցս նշել եմ, որ Փաշինյանի երկրպագուների շարքերում կան, բացի լյումպենացված զանգվածից, միանգամայն գրագետ եւ կրթված մարդիկ: Օգտատերերից մեկը, որը ոչ միայն բարձրագույն կրթություն, այլ գիտական աստիճան ունի, ինձ հետ վիճելով («ինչպե՞ս կարելի է ասել, որ Փաշինյանից վատ ղեկավար մեր երկրում չի եղել եւ չի լինելու»), գրել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ավելի ինքնուրույն է, քան երբեւէ եւ, ընդհանրապես բոլոր ոլորտներն այսօր մեզ մոտ ծաղկում եւ փթթում են: Դե, այդ ամենն օրը վեց անգամ ասում են իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչները; Ուշագրավ է իմ ընդդիմախոսի մեկ այլ պնդում. տնտեսական ցուցանիշները Փաշինյանի օրոք բարելավվել են «մի քանի անգամ»:
Նիկոլական (ինչպես եւ հականիկոլական) աղանդի ադեպտների հետ վիճելը, բնականաբար, անիմաստ է: Պարզապես մի փոքրիկ տեղեկություն տամ: Վերցնում ենք այս տարվա հունվար-ապրիլի վերաբերյալ պաշտոնական՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները եւ համեմատում ենք դրանք անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: Արտահանումը նվազել է 60,4%-ով, իսկ ներմուծումը՝ 46,5%: Այս թվերն ազդել են նաեւ մշակող արդյունաբերության վրա, որի անկումը կազմել է -16,1%։ Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման անկման հիմնական պատճառն, ըստ տնտեսագետների, «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման (շուրջ 83.9%) եւ ներմուծման (շուրջ 86.2%) նվազումն է: Այս թվերը, ըստ տնտեսագետների, պայմանավորված են Ռուսաստանից ներկրված ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման սխեմայի հետ, որով 2022-ից հետո այդ ապրանքները Հայաստանի տարածքով հասնում էին ԱՄԷ և Չինաստան, եւ դրանով պայմանավորված տնտեսական աճ գրանցում Հայաստանի համար: Իսկ հիմա այդ սխեման չի գործում նույն թափով:
Ի դեպ, մասնագետներն արդեն 2-3 տարի զգուշացնում են, որ, ինչպես ասում են, «պապը միշտ փլավ չի ուտի». վաղ թե ուշ Ռուսաստանը կհարմարվի պատժամիջոցներին, կկարողանա դրանք ավելի ճարպիկ ձեւով շրջանցել եւ/կամ պատժամիջոցներն այսպես թե այնպես կթուլանան, եւ, հետեւաբար, չի կարելի տնտեսության զարգացման հարցում հույս դնել 2022-ից հետո առաջացած ժամանակավոր գործոնների վրա:
Կանխատեսելի է, որ տնտեսական վիճակը մոտակա 2-3 տարիների ընթացքում վատթարանալու է, եւ դրա հնարավոր հետեւանքները հայտնի են մեր նախորդ փորձից՝ սոցիալական լարվածություն ու արտագաղթ: Մարդիկ գնում են Հայաստանից ոչ միայն այն պատճառով, որ փախցնում են իրենց տղաներին բանակից, եւ ծառայությունից «օրինականորեն» փող մուծելով ազատելու «փայլուն գաղափարը» արտագաղթի դեմ պայքարելու միջոց չի կարող լինել: Մարդիկ, ինչպես 2018-ից առաջ, այսպես էլ դրանից հետո չեն տեսնում իրենց ապագան Հայաստանում՝ աշխատատեղերի բացակայության, աշխատանքը արժանապատվորեն չվարձատրելու, փոքր բիզնեսի համար նորմալ պայմաններ չստեղծելու, գյուղատնտեսության ողբալի վիճակի պատճառով:
Կարդացեք նաև
…Հա, մոռացա՝ կարեւոր բան է փոխվել. մարդկանց դեմքերին 7 տարի շարունակ ժպիտ է երեւում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ