Այս տարի կառավարությունը ներդնելու է մի ծրագիր, որով կենսաթոշակի տարիքը մեկ տարով բարձրանում է:
Պարզվում է՝ կենսաթոշակի կամավոր հետաձգման գաղափարը քննարկվել է վաղուց՝ դեռ 20 թվականին, սակայն ոչ մի կերպ միս ու արյուն չի դառնում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը վստահեցնում է՝ դեռ իր նախարար եղած շրջանում խոսել են այս մոդելի շուրջ: Ըստ նրա, նորարարության իմաստն այն է, որ կան մարդիկ, որոնք թոշակի տարիքը լրանալուց հետո էլ դեռեւս շարունակում են աշխատել եւ ցանկություն ունեն աշխատելու, ստանում են բարձր աշխատավարձ եւ փաստացի թոշակի կարիք չունեն: «Եթե մարդը 63-ի փոխարեն 64 տարեկանում է գնում թոշակի եւ այդ մեկ տարվա թոշակը չի ստանում, հետո այս մեկ տարվա չստացած թոշակը ստանում է հետագա տարիներին: Օրինակ, հետագայում 10 տոկոս ավել է թոշակ ստանում», – պարզաբանում է նախկին նախարարը:
Նա դժվարացավ ասել, թե որքանով է բարձրանում հետագայում մեկ տարի ուշ թոշակի անցածի ամսական կենսաթոշակը՝ 1000, 10 հազար, թե 15 հազար դրամով:
Բայց թոշակառուների մեծամասնությունն այսօր կարողանում է շարունակել աշխատել, ստանալ աշխատավարձ եւ միաժամանակ՝ կենսաթոշակ: Հետեւապես, ամեն ամիս ստացվող լրացուցիչ գումարը նրան չի խանգարի: Ինչո՞ւ պետք է աշխատող թոշակառուն հրաժարվի այդ լրացուցիչ գումարներից: Հանուն ապագա բարձր թոշակի՞: «Սա վերաբերում է նրանց, ովքեր ստանում են բարձր աշխատավարձ եւ այդ պահին թոշակի կարիք չունեն: Բայց մարդը պետք է ունենա բավականաչափ մոտիվացիա, այսինքն՝ իմանա, որ այդ մեկ տարվա փոխարեն նրա կենսաթոշակը շատ ավելի բարձր կլինի, գոնե մի 15 տոկոս: Դրական փոփոխություն է, բայց հաշվարկների խնդիր կա»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը: