«Մեր կոնյակագործներն ու գինեգործները խնդիրներ ունեն սահմանին։ Ամսից ավելի է՝ մեր մեքենաները կանգնած են Վրաստանի սահմանին, եւ չեն կարողանում բեռը հասցնել ՌԴ։ Չեն կարողանում հասցնել մի պարզ պատճառով՝ մրցակցության խաթարման հետեւանքով»,- ԱԺ հերթական նստաշրջանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման ներկայացման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա նշեց, որ մրցակցությունը խաթարվել է Հայաստանում, տեղափոխվել է Վրաստան եւ ստացել է այնպիսի տեսք, որ պետություններն այլեւս չեն կարողանում կարգավորել խնդիրը։ «Այսինքն՝ ձեւավորվել են որոշակի կլաններ, որոնք աշխատանքը կազմակերպում են այնտեղ, որտեղ իրենք շահ ունեն։ Եվ այն կազմակերպությունները, որոնք ՀՀ-ից կարողանում են պայմանավորվել այդ մաֆիոզ խմբավորումների հետ, նրանք կարողանում են իրենց ապրանքը տեղ հասցնել, իսկ բարեխիղճ գինեգործներն ու կոնյակագործները ամսից ավելի մնում են սահմանին կանգնած։ Հիմա սա մրցակցության հա՞րց է, թե՞ մրցակցության հարց չէ»,- նշեց Բագրատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, անդրադառնալով կոնյակ ու գինի արտահանողների խնդիրներին, ասաց․ «Մենք պատրաստակամ ենք որեւէ ձեւաչափով ներգրավվել ու օգնել մեր կառավարության գործընկերներին՝ այս թնջուկը լուծելու համար։ Ես հասկանում եմ ձեր հարցի շերտերը, դրանք բավական բարդ են, ձեւավորել տարիների ընթացքում եւ ինչ-որ մի պահի պետք է որոշակի լուծում ստանան։ Եվ լավ կլինի, որ այդ լուծումը լինի ինստիտուցիոնալ, որ մենք ամեն տարի տարբեր ապրանքների տեսքով այս խնդիրներին չհանդիպենք»։
Գեղամ Գեւորգյանը հավելեց, որ բենզինի ներկրման շուկայում եւս խնդիրներ կան։ «Բենզինի ներկրման հետ կապված աշխարհագրության փոփոխություն ունենք՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ։ Լոգիստիկ որոշակի խնդիրներ են առաջացել, հուսով եմ՝ այդ հարցն էլ կկարգավորվի։ Բենզինի մեծ մասը գալիս էր եվրոպական երկրներից, այնտեղ լոգիստիկայի խնդիրներ են առաջացել։ Իսկ խմիչք եւ սպիրտ արտադրող մեր տնտեսվարողները, այո, ունեն, լուրջ պրոբլեմ։ Կհավաքենք այդ տեղեկատվությունը եւ կքննարկենք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ