Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավալի իրողություն է, որ իշխանությունները ոչ միայն չեն պայքարում ապատեղեկատվության և թշնամական երկրների հիբրիդային ազդեցությունների տարածման դեմ, այլև բազմաթիվ դեպքերում հենց իրենք են այն տարածողները. «Փաստ»

Մայիս 29,2025 11:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անգամ զարգացած երկրները տեղեկատվական գրագիտության հետ կապված խնդիրների են բախվում, բայց հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ Հայաստանում տեղեկատվական դաստիարակութունը պետք է լինի համակարգային քաղաքականություն՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև լրատվական դաշտի ինստիտուցիոնալ վերափոխում։ Այստեղ պետության դերակատարությունն ուղղակի առանցքային է, քանի որ միայն պետությունն ունի բավարար ռեսուրսներ, հասանելիություն և օրենսդրական լծակներ՝ նման ռազմավարություն մշակելու, իրագործելու և վերահսկելու համար։ Այս տեսանկյունից տեղեկատվական դաշտի գլխավոր հարցն այլևս միայն «խոսքի ազատության» թեման չէ, այլ նաև այն, թե ինչպես ու ինչ հիմքերի վրա է ձևավորվում հասարակական օրակարգը, և պետական շահերի ապահովման տեսանկյունից որքանով է հանրությունը դիմադրունակ տեղեկատվական տարբեր հոսքերի նկատմամբ։

Այնուամենայնիվ, իրական պատկերը, ցավոք, մթագնում է, երբ տեսնում ենք, թե Փաշինյանի կառավարման 7 տարվա ընթացքում ինչ որակի տեղեկություն է սպառում հանրությունը, ինչ աղբյուրներից է օգտվում և ինչ մակարդակի մեդիագրագիտություն ունի միջին քաղաքացին։ Մեդիադաշտում շրջանառվող ամեն մի կեղծ տեղեկություն, մանիպուլ յացիոն մեթոդով «սիրուն փաթեթավորված իրականություն» ոչ միայն կարող է մոլորեցնել քաղաքացուն, այլև վերակազմավորել հասարակական գիտակցությունն այնպես, որ մարդիկ սկսեն չճանաչել իրենց իսկ երկիրը, չհասկանան իրենց պետական շահերն ու ապագայի ռազմավարական նպատակները։

Այս իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ հասարակության և պետության անվտանգության վրա սպառնալիքներն արդեն ոչ միայն ֆիզիկական բնույթ ունեն, այլ նաև զուտ տեղեկատվական։ Իրավիճակն առավել բարդ է դառնում, երբ պետությունը՝ ի դեմս օրվա իշխանությունների, ինքն է դառնում ապատեղեկատվական ուղերձների տարածող։ Սա ոչ միայն մարում է հանրության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, այլև քայքայում է հանրային իմունիտետը՝ դարձնելով հասարակությունը խոցելի արտաքին և ներքին ազդեցությունների առջև։ Ցավալի իրողություն է, որ ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն պայքարում ապատեղեկատվության և թշնամական երկրների հիբրիդային ազդեցությունների տարածման դեմ, այլև բազմաթիվ դեպքերում հենց իրենք են այն տարածողները՝ երբեմն ուղղակի, երբեմն էլ կիսով չափ՝ լռության կամ լղոզված մեկնաբանությունների միջոցով։ Բայց ամենավտանգավոր երևույթն այն է, որ որոշ դեպքերում իշխանավորները՝ Փաշինյանից սկսած, դառնում են ներքին լսարանում ադրբեջանական նարատիվները տարածողներ ու թիրախավորում են մեր ինքնության հետ կապված արժեքները։

Դրա հետ մեկտեղ էլ այն լրատվամիջոցները, որոնք քննադատում են իշխանությունների բացթողումները, շատ հաճախ դիտարկվում են որպես «թշնամական» կամ ուրիշի ջրաղացին ջուր լցնող։ Ավելին, իշխանություններն իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ մեդիատեռորը դարձրել են սովորական գործիք։ Այն, որ մեդիադաշտը միտումնավոր կերպով հագեցվում է ցածր պրոֆիլ ունեցող վերլուծաբաններով, որոնք ներկայացված չեն ակադեմիական դաշտում, չունեն փորձագիտական պրակտիկա և ի զորու չեն հարցերի խորքային ընկալման, ևս մի կարևոր մարտահրավեր է։

Այս ամենին զուգահեռ՝ իշխանական քարոզչամեքենան փորձում է կառուցել և տարածել կեղծ ու միակողմանի պատումներ, որոնք նպատակ ունեն փոխել հանրային ընկալումները և ստեղծել ֆիկտիվ կայունության, զարգացման կամ «խաղաղության դարաշրջանի» պատրանք։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031