Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցի հազվադեպ այցելող ՀՀ վարչապետը պնդում է, թե «աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը»

Մայիս 29,2025 12:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ընդհանրապես, ձրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք։ Ոչ մի բան բացարձակապես անվճար չէ։ Այն, ինչ անվճար է, նշանակում է, որ արժեք չունի։ Ցանկացած արդյունքի համար պետք է վճարել, իսկ թե ո՞վ է վճարում՝ դա ուրիշ խնդիր է»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունն այսօր միաձայն ընդունեց Հայաստանում պետական անշարժ գույքի՝ վարձակալությամբ տրամադրելու մասին նախագիծը։ Վճարներն ուղղվելու են պետական բյուջե։ Վարձակալության վճարն էլ՝ պետական հիմնարկների համար, տրամադրվելու է բյուջեից։

«Այն, որ մենք նստած ենք այս աթոռների վրա, գին ունի, այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի, եթե չվճարվի, այդ աթոռը կկոտրվի, էլ չենք կարող նստել»,- ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաեւ եկեղեցիներին, մշակութային տարբեր օջախներին, որոնք նույնպես պետգույք են համարվում եւ քանդվում են։ Ըստ նրա, մեր եկեղեցիները «չուլանացված» են եւ ով ինչ ավելորդ գույք ունի, այնտեղ է պահում:

«Մենք մեր եկեղեցիներին էլ ենք նման կերպ վերաբերվում: Վերջերս մի քանի եկեղեցիներ, տաճարներ, բառիս բուն իմաստով, «տաճար» մոմ վառելու այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարց եմ տալիս՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ո՛չ Կառավարությունը, ո՛չ ՊՈԱԿ-ը: Մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի համար:

Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մտնում ես… Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը…

Ո՞նց կարելի է նման կերպ: Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները: Մեկ էլ՝ վա՛յ, համալիրում բան է եղել…»,- ասաց Փաշինյանը և այս համատեքստում նկատեց, որ եթե հիմա մեկն առաջարկի համալիրի գլխին խաչ դնել, կողջունվի գաղափարը:

Քննարկումը ծավալվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի վերապահումից, որը կարծում էր, որ դպրոցների եւ մշակութային օբյեկտների ճակատագիրն այս նախագծի համատեքստում, լրացուցիչ քննարկման առարկա պետք է դառնա

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարզահամերգային համալիրում կայացած հարսանիքին, որը հանրային հնչեղություն ստացավ։

«Աղմուկ բարձրացավ, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք. Այ, որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում-քայքայվում էր, և մենք այսքան միլիարդներ ենք դնում ու չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը, բա պե՞տք է տնտեսվարությամբ զբաղվել: Բա մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա,- ասաց նա:- Ընդհակառակը՝ պետք է քաջալերել: Այսօր Հայաստանից 100-ավոր ընտանիքներ գնում են, Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս, իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգն աշխատել, կարող են երաժիշտները հավելյալ գումար ստանալ, դիզայներները հավելյալ գումար ստանալ, ծառայություն մատուցողները հավելյալ գումար ստանալ, հավելյալ հարկ վճարել և հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենալ, չէ՛, եկեք ձեռք չտանք, չմոտենանք համալիրին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Եկեղեցին՝
    տեղ է, որտեղ մենք մկրտում ենք մեր նորածիններին, տեղ է, ուր աղոթում ենք մեր զոհվածների հոգու հանգստության համար, վայր է, ուր հայ կինը տարիներով մոմ է վառել իր զինվոր որդու համար, սրբություն է, որ պահպանել ենք նույնիսկ թուրքական յաթաղանի տակ։ Եվ եթե ինչ-որ տեղ ինչ-որ մեկն անուշադիր է եղել կամ սխալ է օգտագործել եկեղեցու տարածքը, դա չպետք է օգտագործել որպես հարթակ՝ խարանելու ամբողջ սուրբ հաստատությունը։
    Եկեղեցին մեր հավաքական հիշողության, պայքարի և ինքնության մարմնավորումն է։ Այն ոչ թե «չուլան» է, այլ հավատի տուն։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031