Տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը, որ նպաստել էր ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ստեղծմանը, նպատակ ունենալով կրճատել ավելորդ դաշնային ծախսերը, հայտարարել է պետական պաշտոնը թողնելու որոշման մասին։
«Քանի որ որպես կառավարական հատուկ ծառայողի՝ իմ պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ անարդյունավետ ծախսերը կրճատելու ինձ տրված հնարավորության համար», – X-ում գրել է նա։
Մասկը նշել է՝ կասկած չունի իր ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի «առաքելության» ապագայի հարցում։
«Ժամանակի ընթացքում այն միայն կամրապնդվի՝ դառնալով կառավարության կենսակերպ», – նշել է Մասկը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ իր գլխավորած դեպարտամենտի ջանքերով խնայվել է 160 միլիարդ դոլար, մինչդեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստանում էր մինչև 2 տրիլիոն դոլար խնայելու մասին։
Աշխատավարձը՝զրո, իշխանությունը՝ մեծ
Ավելի վաղ Newsweek-ը հաղորդել էր, որ ըստ Սպիտակ տան փաստաթղթերի՝ Իլոն Մասկը աշխատավարձ չի ստանում DOGE-ում իր խորհրդատվական աշխատանքի համար։ Ըստ փաստաթղթերի՝ նրա ներգրավվածությունն անվճար է: