Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր լիազորությունները տարածվում են բացառապես պետական մարմինների պաշտոնյաների վրա»․ Անահիտ Մանասյանը՝ Աննա Հակոբյանի որակումների մասին

Մայիս 29,2025 14:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում մեր երկրում սոցիալական ցանկացած շերտավորում, որը կարող է կապված լինել, այդ թվում Սահմանադրությամբ ամրագրված պարտավորությունների հետ։ Չի կարելի այնպիսի կարգավորումներ եւ իրավական դաշտ ստեղծել, որը առնվազն հանրային ընկալումների առումով, որեւէ պարտականության հետ կապված կարգավորումը փոխկապակցի անձի գույքային դրությամբ»,-կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Հարցը հնչել էր ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի մասին։ Ըստ դրա՝ հնարավորություն է ստեղծվում մեծ գումարներ վճարելով՝ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Անահիտ Մանասյանը նման նախագծի պարագայում խնդիր է տեսնում նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող ոչ կանոնադրական հարաբերությունների՝ էլ ավելի խորացման առնչությամբ։

Ըստ ՄԻՊ-ի՝ նախագիծը իր կառույցում նախապես չի քննարկվել, քանի որ ԱԺ պատգամավորները նման պարտավորություն չունեն։ Նախագիծն այժմ քննարկումների փուլում է, ՄԻՊ-ն էլ վստահեցնում է՝ կարգավորումները շատ ավելի մեծ եւ լայն են, քան աղմուկ բարձրացրած դրույթը։ Բայց եթե ուսումնասիրությունները էլ ավելի խնդրահարույց դրույթներ բացահայտեն, իր կառույցը կօգտագործի ՍԴ դիմելու հնարավորությունը։

Հարց հնչեց նաեւ Աննա Հակոբյանի գրառումների մասին, որտեղ նա քաղաքացիներին վիրավորում է՝ անվանելով՝ «ոջիլ», «տգետ», «էշ» ։

«Մեր լիազորությունները տարածվում են բացառապես պետական մարմինների պաշտոնյաների վրա։ Այս հարցում լիազորություն ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»,- պատասխանեց Անահիտ Մանասյանը՝ հորդորելով այդ կառույցից ստանալ հարցի պատասխանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031