Լրահոս
Օրվա լրահոսը

«Որմնանկարները վանդալիզմի են ենթարկվել ու կշարունակեն ենթարկվել, եւ փոխանակ այս ամենը վերականգնվի ու պահպանվի, մատնված են անտարբերության». Մանուկ Սուքիասյանը՝ Էրեբունի ամրոցի մասին

Մայիս 29,2025 15:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Որմնանկարները վանդալիզմի են ենթարկվել ու կշարունակեն ենթարկվել, եւ փոխանակ այս ամենը վերականգնվի ու պահպանվի, մատնված են անտարբերության, անուշադրության, բարձիթողի վիճակում են գտնվում: Օրվա իշխանությունները կրում են սրա պատասխանատվությունը»,- ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, որը նույն դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի հետ Էրեբունի ամրոցի տարածք էր ժամանել ահազանգի հետքերով: Ամրոցի հսկիչը մտահոգություն հայտնեց, որ ամրոցի պատը մի օր կարող է փլվել եւ մարդկանց թողնել տակը:

«Միգուցե շատերն ասեն՝ բայց սա 7 տարում չի եղել, նախկինում էլ է եղել: Ավելի վատ, որ պայքարելով արատավոր երեւույթների դեմ՝ եկել ես իշխանության եւ արատավոր երեւույթների դրսեւորումները չես վերացնում: Այդ դեպքում հարց է առաջանում՝ բա դու ինչո՞վ ես տարբերվում նախորդներից: Երեւանի քաղաքապետարանի շքեղաշուք համերգները, միջոցառումները, ճառերն ու կենացները գրոշի արժեք չունեն այս խորապատկերին, եթե նման վիճակ է այստեղ… Երեւանի քաղաքապետ լինելը միայն հանդիսավոր խոսքեր ու ճառեր չի ենթադրում, դա կոնկրետ գործողություն է, իսկ սրանք ոչ միայն խոստումները չեն կատարում, դեռ մի բան էլ նպաստում են հարեւան երկրի հռետորաբանությանը, ուզում են հերքել կապը Ուրարտուի հետ»,-հավելեց Մանուկ Սուքիասյանը:

Նա նշեց, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում անմխիթար վիճակ է, տնօրինություն չկա, ծրագրերը կասեցված են: Նրա ձեւակերպմամբ, կա կառավարման լրջագույն ճգնաժամ, ջուր չլինելու հետեւանքով տարածքը ոչ թե սիզամարգերով է պատված, այլ տատասկով, տարածքը չունի տեսահսկման համակարգ:

«Իսկ չվերահսկվող տարածքը պարարտ հող է, որ զանազան անցանկալի երեւույթներ տեղի ունենան… Եթե ես դրսից հյուր ունենամ, կտատանվեմ այստեղ բերել: Ցավոք, ուրիշներն իրենց եղածն են սարքում, իսկ մենք մեր եղածը չենք կարողանում ճիշտ մատուցել»,- ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031