Օրերս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիայում Ուկրաինայից ժամանած կոմպոզիտոր Կառմելլա Ցեպկոլենկոյի հետ հանդիպմամբ մեկնարկեց «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» (Crossroads / Contemporary music day in Armenia) միջազգային 8-րդ փառատոնը (գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյան)։ Այն հայաստանյան համերգային և ուսումնական միջավայրում արդի երաժշտության հետևողականորեն հանրահռչակող եզակի հարթակներից է։
Փառատոնի պաշտոնական հյուր-կոմպոզիտոր՝ «Երկու օր, երկու գիշեր»-ի անփոխարինելի գեղարվեստական ղեկավար Կառմելա Ցեպկոլենկոն ներկայացրեց Օդեսայում կայացած «Երկու օր, երկու գիշեր» 21-րդ միջազգային ֆորումը, որը ժամանակակից երաժշտական ստեղծագործության ամենահայտնի եվրոպական հարթակն է։ Ի դեպ, կազմակերպիչներին այս տարի ևս չէր խանգարել երկրի ռազմական իրավիճակը։ Օդեսայի ֆորումը ցույց տվեց Ուկրաինայի տարբեր սերնդի կոմպոզիտորներին, իսկ տարվա առանձնահատկությունը՝ նոր սերնդի կոմպոզիտորների հետ ծանոթացումն էր։
Նշենք, որ «Երկու օր, երկու գիշեր» փառատոնի տարբեր տարիներին մասնակցություն են ունեցել կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանը, Միքայել Կոկժաևը, հրավիրվել է տեսաբան Ծովինար Մովսիսյանը։
Հանդիպմանը ներկա Միքայել Կոկժաևը հատուկ ընդգծեց, որ Կառմելա Ցեպկոլենկոյի ղեկավարությամբ ֆորումը միշտ իրականացվում է բարձր մակարդակով։
Կարդացեք նաև
Իսկ ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը նշեց, թե Երևանի և Կիևի, Օդեսայի կոնսերվատորիաների միջև համագործակցությունը սկսվել է 1999 թվականից և «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային 8-րդ փառատոնը կապերն ակտիվացնելու քայլերից մեկը կլինի։
Ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանն էլ պատվավոր հյուրին հանձնեց ԵՊԿ-100 հոբելյանական մեդալը։
Տեղեկացնենք, որ «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային 8-րդ փառատոնը դարձել է Հայաստանում առաջին նախաձեռնությունը, որն արժանացել է ակադեմիական երաժշտության ամենահեղինակավոր «Ernst Von Siemens Musikstiftung» ֆոնդի միակ մրցակցային մրցանակին:
Արդեն տեղի է ունեցել 1-ին համերգը, որին մասնակցեց փառատոնի ռեզիդենտ «Ասոնանս» անսամբլը (գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյան)։ Հնչեցին Տիգրան Մանսուրյանի, Կառմելլա Ցեպկոլենկոյի, Ջուլիանո Բրակկիի, Արամ Հովհաննիսյանի, Ռուբեն Անտոնյանի և Դյորդ Կուրտագի ստեղծագործությունները, նաև Կ․ Ցեպկոլենկոյի՝ փառատոնի պատվերով և «Ernst von Siemens» երաժշտական հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծված ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։
Մեզ հետ զրույցում կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը հայտնեց, որ հայ կոմպոզիտորական մի քանի սերունդ ներկայացնող ստեղծագործությունները և պրեմիերաները կկատարի փառատոնի գաղափարով ծնունդ առած «Ensemble Boomerang»-ը, որը ներկայացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներին:
Մեր զրուցակիցն ասաց նաև, որ կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիայում կայացել է Ցեպկոլենկոյի վարպետության դասը, որն, ի դեպ, «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային 8-րդ փառատոնի վարպետության առաջին դասն էր:
Պարոն Հովհաննիսյանը մանրամասնորեն ներկայացրեց հյուրին. «Օդեսայի կոմպոզիտորական դպրոցում կրթություն ստացած երաժիշտն իր ուսումը շարունակել է աշխարհի առաջատար երաժշտական կենտրոններում։ Շնորհիվ ժամանակակից երաժշտությանն անդավաճան նվիրումի ու կազմակերպչական տաղանդի, 1995 թվականից մինչ օրս, Օդեսայում իր ղեկավարությամբ անցկացվում է «Նոր երաժշտության երկու օր և երկու գիշեր» միջազգային փառատոնը։ Նա ղեկավարում է Նոր երաժշտության Ասոցիացիան, որը մաս է կազմում Արդի երաժշտության միջազգային միության (ICM)»:
Հավելեց նաև, թե կոմպոզիտորը ուկրաինական ժամանակակից ստեղծագործական դպրոցի ու կրթական ոլորտի ակտիվ ներկայացուցիչներից է և իր աշխատանքում հենվում է ուկրաինական կոմպոզիտորական դպրոցի նվաճումների և եվրոպական լավագույն զարգացումների վրա, իսկ ուսուցման մեջ ակտիվորեն կիրառում է սեփական մեթոդը՝ «Երաժշտական նյութի սցենարային մշակում»։
Կոմպոզիտորը մանկավարժական գիտությունների թեկնածու է, Մոսկվայում պաշտպանել է «Կոմպոզիցիայի դասարանում ուսումնական աշխատանքի ձևերի և մեթոդների կատարելագործում. երաժշտական նյութի «սցենարային» մշակման խնդրի շուրջ» ատենախոսությունը։ Կառմելլա Ցեպկոլենկոյի վարպետության դասերն անցնում են աշխարհի տարբեր ուսումնական հաստատություններում։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ