Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման նպատակներն են՝ բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ապահովել բյուջետային լրացուցիչ եկամուտների հոսք, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և շահերի բախման հնարավորությունները, ապահովել պետական մարմինների պատշաճ պատասխանատվությունը գույքի պահպանման և օգտագործման համար։ Օրենսդրական իրավական ակտերի փոփոխությունների ընդունման հիմքով համապատասխան կարգավորումներ կսահմանվեն նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերում։ Արդյունքում՝ կկանոնակարգվի պետական մարմինների, այդ թվում՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տնօրինվող գույքերը վերջիններիս կողմից վարձակալությամբ տրամադրելու գործընթացը, որի նպատակն է պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը՝ չօգտագործվող տարածքների բացահայտումը։
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ-ում ձևավորված գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում՝ գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի: Ըստ նախարարի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի ուսումնասիրությունների արդյունքում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ պետական մարմիններն ու կազմակերպությունները գույքն օգտագործում են ոչ արդյունավետ, որոշ դեպքերում՝ մասնակի, կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ: Ըստ այդմ՝ առաջարկում եք օրենսդրական նոր կարգավորում, որով պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալության Կառավարության սահմանած կարգով: Վարձատրությունից ստացված վճարներն ուղղվելու են պետական բյուջե:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա արվում է ֆինանսական հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու, կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Դավիթ Խուդաթյանը մանրամասնել է՝ առաջարկվող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում, և վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեից: Նախարարը նաև տեղեկացրել է, որ օրինագիծը մշակելիս ուսումնասիրվել է միջազգային մի շարք երկրների փորձ, մասնավորապես՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, որտեղ համանման կարգով է կառավարվում պետական գույքը:
Անդրադառնալով որոշմանը՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ որոշումը մի քանի նպատակ է հետապնդում. «Առաջինը տեղեկատվության թափանցիկությունն է որոշում կայացնելու համար, որպեսզի իմանաք, թե ցանկացած գերատեսչություն իրականում ինչպիսի ծախսեր է անում, որովհետև գույքի վարձակալությունը կամ զբաղեցնումը նույնպես ծախս է: Այդ ծախսերն այսօր մեր բյուջեում արտացոլված չեն: Երկրորդ նպատակը՝ մենք, երբեմն, գույք ենք տրամադրում տարբեր ՀԿ-ներին կամ այլ կառույցներին՝ որպես օժանդակություն իրենց գործունեությանը, այստեղ էլ այդ ծախսը չի երևում: Այս թափանցիկությունը և մեր վարած քաղաքականությունն ավելի պարզ դարձնելու համար պետք է ուղղակի գույքագրենք, արձանագրենք և հաշվենք և այդ հաշված գումարը տրամադրեք»:
Թեմայի վերաբերյալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է՝ սա ճիշտ որոշում է, որովհետև սա երաշխիք է, որ պետությունը մասնավորի հետ մրցակցություն է ունենալու: «Հակառակ դեպքում՝ մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին: Դա առավելապես առողջապահության, կրթության ոլորտներում է արտահայտվում: Որևէ խնդիր իրականության մեջ ծառայության մատուցման տիրույթում չկա, բայց մենք պետք է լավ հասկանանք, որ ծառայությունների ինքնարժեքը գնահատելիս ամենամեծ ներդրումը, որը գույքն է, մենք չենք հաշվում: Դա նշանակում է, որ մենք մասնավորի հետ անարդար մրցակցության մեջ ենք»,- ասել է Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այն բեռ չի առաջացնում որևէ պետական կազմակերպության համար առնվազն սկզբնական շրջանում. «Սկզբից ուղղակի հաշվապահական թղթակցություն են ապահովելու և պետբյուջեում արտացոլելու են ռեսուրսի այն արժեքը, որը պետական կառավարական տարբեր մարմիններն օգտագործում են»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը նաև սոցիալ-հոգեբանական դիտանկյունից և նշել, որ պետք է պետական գույքի նկատմամբ վերաբերմունքը փոխել. «Ոչ մի բան անվճար չէ, բացարձակապես ոչ մի բան անվճար չէ կամ այն, ինչ անվճար է, նշանակում է՝ այն արժեք չունի: Շատ կարևոր է, որ մենք հասկանանք՝ ցանկացած բանի համար կա վճար»:
Վարչապետն ընդգծել է՝ սա ևս բարեփոխում է, որ պետք է գնա, իր խնդրին հանդիպի, որի լուծման տարբերակը Կառավարությունը պետք է գտնի. «Բայց սա շատ կարևոր է նաև պետության և պետականության ընկալման տեսակետից, որ հասկանանք՝ ամեն ինչն արժեք ունի»:
Նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները
Կառավարության հավանությանն է արժանացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Հայկ Սարգսյանը, օրինագծով նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները, նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ։
«Ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինել իրենց կարիքներին համահունչ հիպոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով՝ ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Հաշվի առնելով նաև կարգավորման հարաբերությունների կարևորումը՝ առաջարկում եմ հավանություն տալ օրենքի նախագծին և դրա քննարկումը Ազգային ժողովի կողմից համարել անհետաձգելի»,-ասել է փոխնախարարը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծով առաջարկվող փոփոխությունները և ընդգծել, որ նախագծով երդման արարողության հետ կապված՝ 2 օրով է սահմանվելու արձակուրդի իրավունք: «Իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր կարգով ստանում են արձակուրդի հնարավորություն, որպեսզի չստացվի, որ ծառայողների մի մասը, որոնք կարողանում են հասնել այդ խնդրի լուծմանը, օգտվեն, մյուսները չօգտվեն: Այսինքն՝ բոլոր ժամկետային զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ: Արձակուրդի չափերը կախված են ծառայության բնույթից»,- ասել է վարչապետը:
Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել. «Գործող օրենսդրությամբ շարքային կազմը 10 օրով է արձակուրդ գնում, սերժանտական կազմը՝ 15 օրով 24 ամսվա ընթացքում: Առաջարկով՝ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա մեջ կունենան 30 օր արձակուրդ, իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները՝ 21 օր արձակուրդ»:
Հայկ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ նոր մեխանիզմի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած ու սպայական պաշտոնի նշանակված սպաները կարող են բնակարան ձեռք բերել իրենց ցանկությամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզում․ «Կապ չունի՝ բնակարանը Երևանում ձեռք կբերվի, թե մարզերում, մենք բոլորին նույն սահմանաչափն ենք տալիս։ Այս պահի դրությամբ կադաստրի միջինացված արժեքը նախատեսել ենք 80 քառակուսի մետր մակերեսի համար՝ շուրջ 35 միլիոն դրամի շրջանակներում»:
Կապահովվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքները
Հավանություն է տրվել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերին: Նախագծերով ներկայացվել են մի շարք կարգավորումներ, որոնց միջոցով կերաշխավորվի միջազգային պայմանագրերի նախատեսված նորմերի կիրարկումը ՀՀ-ում, կհստակեցվի տարբեր մարմինների միջև գործառույթների բաշխումը, ինչպես նաև օրենսդրորեն կամրագրվեն տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները: Մասնավորապես, նախագծերի փաթեթով ամրագրվել է փաստացի խնամակալ և հոգաբարձուի վերաբերյալ դրույթը, որը ժամանակավոր այլընտրանքային խնամքի ձև է՝ ուղղված երեխային լրացուցիչ տրավմայի չենթարկելուն այն դեպքերում, երբ կա մերձավոր ազգական, ով պատրաստակամ է ստանձնել երեխայի խնամքը հրատապ դեպքերում, երբ երեխան մնում է առանց ծնողական խնամքի, սակայն այլընտրանքային խնամքի կազմակերպման ֆորմալ գործընթացը դեռևս իրականացված չէ։ Ամրագրվել է երեխայի լավագույն շահերի պարտադիր ապահովումը նրան վերաբերող հարցերում, ներառյալ՝ որդեգրման ու խնամատարության դեպքում, և նախատեսվել են դրա կառուցակարգերը։ Հստակեցվել են երեխայի պաշտպանության համակարգում խնամակալության և հոգաբարձության մարմինների՝ համայնքի ղեկավարների, տարածքային կառավարման մարմինների և լիազոր մարմնի լիազորությունները և երեխայի պաշտպանության ընթացակարգերը: Նախատեսվել է ստեղծել երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդներ մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից երեխայի պաշտպանության գործառույթների իրականացմանն աջակցելու համար։ Սահմանվել է բռնության կամ դրա ռիսկի դեպքում պարտադիր ահազանգման պարտականությունը, ինչը հետագա կարգավորումներ սահմանելու հնարավորություն կընձեռի։ Սահմանվել են նաև որդեգրման դեպքում համադրման ընդհանուր դրույթներ, երկու փուլեր և այլ կարգավորումներ՝ Կառավարության որոշմամբ դրանք հետագայում առավել մանրամասնելու նպատակով։
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախագծերի փաթեթը մշակվել է համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար: Ըստ կարգավորումների՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով: Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունն այս պահին կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք:
«Օրինագծերով վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակմամբ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով: Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքներում վարձատրվող մասնագիտական գործառույթի, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասել է նախարարը:
Փաթեթով սահմանվել է նաև «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար: Փոփոխություններ ենք իրականացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55-ը դարձնում ենք 65: Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը: Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է՝ այս փաթեթով ևս մեկ անգամ արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ: «Սա շատ կարևոր արձանագրում է: Դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքն այդ առանձնահատկություններից մեկն է», – ասել է վարչապետը և հավելել, որ այս գործընթացի իրականացումն էլ հարթ չի լինելու՝ լինելու են մարտահրավերներ, որոնք պետք է ընթացիկ աշխատանքներով կարգավորել:
Ռիելթորական գործունեության նորմատիվ իրավական բազայի ձևավորում, ներդրում և կիրառում
Կառավարության հավանությանն է արժանացել «Ռիելթորական գործունեության մասին» և հարակից օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ ռիելթորական գործունեության զարգացման և կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու և ներդնելու ռիելթորական գործունեության վերաբերյալ օրենսդրություն, որի միջոցով ոլորտում կներդրվի միասնական պետական քաղաքականությունը: Օրենսդրության ներդրման խնդիրն է լինելու կարգավորել ռիելթորական ծառայությունների ոլորտը և հստակ սահմանել ռիելթորների, անշարժ գույքի կառավարիչների և պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները, անշարժ գույքի միջնորդական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման կարգը, ռիելթորական գործունեության ոլորտում պատասխանատվության սահմանումը: Սահմանվելու են նաև ռիելթորական գործունեության հիմնական հասկացությունները, օբյեկտները, սուբյեկտները, ռիելթորին և ռիելթորական կազմակերպությանը ներկայացվող պարտադիր նվազագույն պահանջներն ու սահմանափակումները: Կսահմանվեն նաև լիազոր մարմնի իրավասությունները: Օրենսդրությունն ուղղված է լինելու ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, ստվերից դուրս գալուն և պետական բյուջե մուտքերի ավելացմանը, անշարժ գույքի ոլորտում տեղեկատվության և ծառայությունների թափանցիկության, հուսալիության և հասանելիության ապահովմանը, անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ձևավորմանը և զարգացմանը: Ինչպես նաև կներդրվի ոլորտի մասնագետների, անշարժ գույքի սուբյեկտների և սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմ: Մշակվելու և ներդրվելու է Միասնական տեղեկատվական համակարգ (բազմակի ցուցակագրման համակարգ), որը հնարավորություն է տալու վերահսկել հանրապետությունում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների շարժը, ինչպես նաև ապահովելու է ծառայությունների մատուցման բարձր որակ ռիելթորի կողմից: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն ապահովվել որպես զսպող և կանխարգելիչ էֆեկտ օրենքով սահմանված կառուցակարգերը չխախտելու համար սահմանվում են պատասխանատվության նոր միջոցներ: Դրա համար առաջարկվում են պատասխանատվության նոր միջոցներ՝ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո անշարժ գույքերի վերաբերյալ տեղեկությունները միասնական տեղեկատվական համակարգում չմուտքագրելու, ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի կողմից առանց ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման ռիելթորական ծառայություններ մատուցելու համար:
Կխթանվի մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող սև մետաղների վերամշակումը
Հավանություն է տրվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը՝ ՀՀ Կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և դրանց պարունակությամբ թափոնների արտահանումը։ Նշված սահմանափակումներն ուղղված են տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Նիկոլ Դուման» ԱԿ, «Ձուլակենտրոն» ԲԲԸ ձուլարանները, կառուցվում ու վերակառուցվում են «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ, «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ ձուլարանները, որոնք միտված են ապահովելու հանրապետությունում մետալուրգիական ոլորտի ռազմավարական զարգացման տեսլականը։ Հանրապետությունում գործող և կառուցվող ձուլարանների արտադրական հնարավորությունները հնարավորություն կտան ավելացնել պողպատե ամրանների տեղական արտադրության ծավալները, ուստի՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել հավասար մրցակցային պայմաններ տեղական արտադրողների կողմից թողարկվող և երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջև։ Նախագծով առաջարկվում է ապրանքային համապատասխան խմբերին դասվող՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանելով պետական տուրք՝ բազային տուրքի 29-ապատիկի չափով։ Միաժամանակ, վերոնշյալ օրենքի 38-րդ հոդվածում փոփոխություն կատարելով նախատեսվում է ամրագրել նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չլինելու դրույթ՝ անկախ ներկրման գործընթացի փաստացի արդյունքներից։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) վերամշակումը, ստեղծել նոր աշխատատեղեր՝ ընդլայնելով արդյունաբերական հզորությունները, շուկայում ապահովել ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ։
Կլուծվեն անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շրջանակում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները
Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շրջանակներում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները լուծելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է՝ միջոցառման շրջանակներում վարկավորող ճանաչել նաև ՀՀ տարածքում լուծարային գործընթացում գտնվող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին, միջոցառման շրջանակում շահառու ճանաչվելու ժամանակահատվածում ՀԿԱ ծառայության կողմից անձանց անհուսալի վարկերի մասով շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցնել՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր: Առաջարկվում է նաև հստակեցնել, որ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, ՆԳ նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում: Նախատեսվում է աջակցության տրամադրումը ինքնաշխատ եղանակով դադարեցնել, եթե շահառու դառնալու ամսվանից հետո՝ 24 ամսվա ընթացքում շահառուն 3 ամիս անընդմեջ չի հաշվարկել եկամտային հարկ կամ այդ եռամսյա ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս հաշվարկել է 18750 դրամից պակաս եկամտային հարկ (հաշվի է առվել նվազագույն աշխատավարձից (ներառյալ 20 տոկոս եկամտային հարկը) հաշվարկված գումարի 20 տոկոսը): Որոշմամբ հստակեցվել են դիմումների մերժման հիմքերը և այլն:
Օրենսդրական այլ նախաձեռնություններ
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ՓԼ/ԱՖ դեմ պայքարին առնչվող օրենսդրական կարգավորումները ավելի կհամապատասխանեցվեն ՖԱԹՖ-ի հանձնարարականներով նախատեսված պահանջներին, կհարթվեն գործնականում բացահայտված որոշ իրավակիրառ խնդիրներ, կհստակեցվի հաշվետվություն տրամադրող անձանց՝ օրենքով նախատեսված պարտականությունների ծավալը: Նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվեն նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների, նշանակալից մասնակիցների, իրական շահառուների և նրանց փոխկապակցված անձանց անաղարտության ապահովման վերաբերյալ պահանջներ։
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերը (տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական նշանակության հողերից՝ արոտավայրերը) ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով (ելնելով վերջիններիս ծավալներից) դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրման հնարավորության հարցը: Միաժամանակ, վարձակալի համար սահմանելով հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու և այն ըստ գործառնական նշանակության օգտագործելու պարտավորություններ։ Նախագծով առաջարկվող կարգավորումը ներդրողի համար այլ հավասար պայմաններ չի պարտադրում, դրանով իսկ խթանելով երկարաժամկետ գյուղատնտեսական ներդրումային ծրագրերի իրականացումը, քանի որ ներդրողների կողմից ներդրումային ծրագրերի իրականացման գրավիչ և կարևոր պայմաններից է կատարած ներդրումների մասով սեփական վստահությունը և արդյունավետ կառավարումը։
Կապահովվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի պատշաճ իրականացումը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2025թ.-ի պետական բյուջեի փաստացի ձևավորված տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին ավելացնել ՀՀ Կառավարության թիրախում գտնվող 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի բյուջետավորումը 9,600,000.0 հազար դրամի չափով։ Գումարը կբաշխվի հետևյալ ուղղություններով․մանկապարտեզների հիմնանորոգում՝ 0.8 մլրդ դրամ, դպրոցների կառուցում՝ 0.5 մլրդ դրամ, դպրոցների նորոգում՝ 5.9 մլրդ դրամ, դպրոցների և մանկապարտեզների գույքով ապահովում՝ 2.4 մլրդ դրամ։
Գործադիրի որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը, մասնավորապես՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների իրականացումն ու նրա ստեղծագործական ժառանգության հանրահռչակումը ապահովելու համար: Նախատեսվում է նաև արտերկրում հայկական մշակույթի ներկայացում և հանրահռչակում՝ մշակութային դիվանագիտության համատեքստում, ինչպես նաև դասական երաժշտության ներկայացում ՀՀ մարզերում՝ մշակութային կյանքի ակտիվացման և մշակույթի ապակենտրոնացման համատեքստում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստում և իրականացում հանրության լայն զանգվածի ներգրավմամբ:
Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին
Կառավարությունը որոշել է Թոքաբանության ազգային կենտրոնը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին: Արդյունքում հնարավոր կլինի ունենալ՝ վարչական և լոգիստիկ գործընթացների կենտրոնացում, որը կնպաստի բուժման արդյունավետություն բարձրացմանը: Ռեսուրսները կօգտագործվեն ավելի խելամիտ` խուսափելով կրկնակի ծախսերից։ Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կկրճատի գործառնական ծախսերը, համատեղելով վարչական գործառույթները, բժշկական սարքավորումների և մարդկային ռեսուրսների համատեղ օգտագործումը։ Միավորված կենտրոնը կարող է ապահովել համալիր խնամք մեկ վայրում, ինչը կհեշտացնի բուժման կազմակերպումը և կբարելավի արդյունքները։ Կբարելավվի ախտորոշման, բուժումն ու վերահսկումը՝ լաբորատորիաների, հետազոտությունների և կլինիկական փորձառությունների միավորումը կարող են նպաստել վարակների վաղ հայտնաբերմանը և հետագա բուժման կազմակերպմանը: Բժշկական անձնակազմը կարող է անցնել վերապատրաստում և տուբերկուլոզի, և այլ վարակիչ հիվանդությունների գծով, ինչը կբարձրացնի անձնակազմի ճկունությունը տարբեր վարակներին և առողջապահական խնդիրներին արձագանքելու համար։ Հնարավորություն կստեղծվի լայնածավալ հետազոտություններ իրականացնելու համար` կապված շնչառական վարակների, համավարակների և հակամանրէային կայունության հետ։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կսահմանվեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքն ապահովող համակարգի գործունեության և դրա մշտադիտարկման, այդ սարքերի միջոցով ստացված տեսանյութերի հասանելիության, օգտագործման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ կարգավորումներ: Արդյունքում կապահովվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի պահանջները և բժշկական կազմակերպությունների համար կսահմանվեն օրենքից բխող այն պահանջները, որոնք վերջիններս պարտավոր կլինեն ապահովել իրենց կազմակերպությունների որոշ տարածքներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման դեպքում:
Հաստատվել են 2025/2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը
Կառավարությունը հաստատել է ՀՀ 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը: Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 180 տեղ, որից 144-ը առկա և 36-ը հեռակա: Նշված 180 տեղերից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 առկա և 13 հեռակա: Նախագծում 1-ով ավելացել է հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերի թիվը, սակայն այն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավվման անհրաժեշտություն չի առաջացնի, քանի որ հեռակա ուսուցմամբ սովորող ասպիրանտները կրթաթոշակ չեն ստանում, բացի այդ առկա ուսուցման համար հատկացված տեղերի թիվը պակասել է 56-ով: Արդյունքում՝ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը: Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
Թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն
Կառավարությունը սահմանել է ՀՀ թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն ՀՀ թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը: Որոշման ընդունման նպատակը պետության կողմից մշակութային արժեքների պետական վերահսկողության իրականացումն է: Ըստ այդմ՝ անկախ թանգարանի ուղղվածությունից և սեփականության ձևից, կարգի ընդունումը հնարավորություն կընձեռնի ստեղծել իրավական դաշտ թանգարանային առարկաների կամ հավաքածուների կառավարման և պահպանման գործընթացում: Շտեմարանը հնարավորություն կտա ապահովել միասնական վերահսկողություն, թափանցիկություն, հավաքագրում և վերլուծություն իրականացնելու համար:
Կապահովվի մշակութային արժեքների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունների պատշաճ իրականացումը
Գործադիրը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները: Որոշման ընդունումը կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը և վերոհիշյալ կազմակերպությունների կողմից պատշաճ մշակութային արժեքների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունների իրականացմանը: Ըստ հիմնավորման՝ մշակութային արժեքների արտահանման և ներմուծման գործընթացների իրավական կարգավորման խնդիրներից է նաև մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության ոլորտի բարեփոխումը: Ներկայում հանրապետությունում գործում են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններ, որոնք մինչ այժմ հավատարմագրված չեն: Առաջարկվող նոր իրավական ակտով մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի անցնելու հավատարմագրման գործընթաց, որի արդյունքում կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, հնարավորինս կբացառվի լիազորված պետական մարմին խախտումներով ու թերություններով փորձագիտական եզրակացությունների ներկայացումը և դրանց շրջանառումը: Որոշմամբ՝ ՀՀ-ում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները հինգ տարի ժամկետով կհավատարմագրվեն և կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:
Միջազգային համագործակցություն. OIML և BIPM անդամակցությունը կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկանիշը տեխնիկական ոլորտում
Գործադիրը հավանություն է տվել «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML) թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կապահովվի՝ Չափագիտության ոլորտում միջազգային երկու հեղինակավոր կառույցներին ՀՀ, հանձինս «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության ասոցացված և թղթակցային անդամ դառնալու գործընթացը։ Մասնավորապես, տնտեսական և առևտրային տեսանկյունից՝ կապահովի միջազգային առևտրի խթանումը, քանի որ OIML և BIPM անդամակցությունը երաշխավորում է չափումների միջազգային համադրելիությունը, ինչը կարևոր է արտահանման և ներմուծման գործընթացներում տեխնիկական խոչընդոտների նվազեցման համար: Կստեղծի հավասար մրցակցային պայմաններ, որի արդյունքում հայ արտադրողները հնարավորություն կստանան մուտք գործելու արտասահմանյան շուկաներ՝ առանց կրկնակի փորձարկումների կամ չափումների վկայագրերի: Կստեղծվի ներդրումների գրավչություն, քանի որ անդամակցության արդյունքում միջազգային չափագիտության պահանջներին համապատասխան չափման համակարգը կավելացնի վստահությունը տնտեսական միջավայրի նկատմամբ՝ նպաստելով ներդրումների ներգրավմանը. Անդամակցությամբ կապահովվի ոլորտի համապատասխանությունը ԵՄ պահանջներին։ Անդամակցությունը նպաստում է հայկական չափագիտական համակարգի ներդաշնակեցմանը տարածաշրջանային և միջազգային պահանջների հետ, կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկանիշը տեխնիկական ոլորտում:
Այլ որոշումներ. Երևանում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով
Գործադիրի որոշմամբ առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ Երևանի Արաբկիր Ն. Զարյան փողոց 22 շենք, 11 տարածք հասցեում գտնվող գույքը, որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 124,624,884.13 դրամ, օտարել դասական աճուրդով:
Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն 2025 թ. փետրվարի 3-ի վճռով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Բավական Գևորգյանի իրավահաջորդ Կարինե Նահապետյանի՝ Երևանի քաղաքապետի և Բավական Գևորգյանի միջև 02.05.2005թ. կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին: Վճռի հիման վրա 2025թ. մարտի 18-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևանի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող անշարժ գույքի նկատմամբ:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ հարկաբյուջետային և պետական պարտքի կառավարման քաղաքականությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ, մասնավորապես, արտարժութային պարտատոմսերի թողարկումից առաջացած լրացուցիչ մուտքերն ու արտարժութային պարտատոմսերի մարումից առաջացած խնայողությունները կայունացման դեպոզիտային հաշիվ ուղղելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ առաջարկվում է արտարժութային պարտատոմսերի մարման արդյունքում արձանագրված 8,921,347.76 հազար դրամի խնայողությունն ուղղել կայունացման դեպոզիտային հաշվի համալրմանը:
Գործադիրն ընդունել է «2025 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշում, որով հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 90 հազար հա հողատարածություններին, որից շուրջ 50 հազար հա Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:
Հունիսի 20-ին Երևանում «Միավորվելով հանուն սոցիալական արդարության. խթանելով մարդկային եղբայրությունը և արժանապատիվ աշխատանքը» խորագրով Սոցիալական արդարության 3-րդ միջազգային համաժողովի անցկացումն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ