ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունել է նոր կրիպտո օրենսդրական փաթեթը, որը լրջորեն վնասելու է ոլորտում գործող կազմակերպությունների և նորաստեղծ ստարտափների զարգացումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը: Կից ներկայացնում ենք հայտարարության տեքստը:
«Web3 Հայաստան հիմնադրամը և համայնքը խորին հիասթափություն են հայտնում՝ նշելով, որ չնայած բազմիցս բարձրացված մտահոգություններին, առաջարկություններին և երկխոսության փորձերին՝ օրենսդիրը անտեսեց ոլորտի մասնագետների ձայնը։
Սա մեկ քայլ հետ է երկրի տեխնոլոգիական առաջընթացի համար՝ այն դեպքում, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ ընտրում են բաց և համապարփակ մոտեցում՝ խթանելով նորարարությունը և գրավելով ներդրումներ։
Այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում հանձնվել։ Համայնքը շարունակելու է իր պայքարը՝ ավելի արդար, ներառական և գերժամանակակից իրավական դաշտի համար, որը կնպաստի Հայաստանի վերածմանը առաջատար Web3 կենտրոններից մեկի տարածաշրջանում։
Մենք կրկին կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին միանալ համայնքին՝ բարձրաձայնելու այս հարցը, ցույց տալու ոլորտի իրական ներուժը և ապահովելու հավասար հնարավորություններ բոլորի համար»։
Մամուլի հաղորդագրություն