ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող «Աստանա միջազգային համաժողովի» ընթացքում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկմանը մասնակցել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակակիր Ռայե Կվոն Չուն, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Բակիտ Սիդիկով, Լոնդոնի ֆոնդային բորսայում Իսլամական ֆինանսների ղեկավար Մուստաֆա Ադիլը, Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Կասինովը և «Մասդարի» ԱՊՀ տնօրեն Աբդուլլահ Զայեդը։
Պանելային նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիայի տնտեսական ապագային, էներգետիկ նորարարություններին, ջրի կայուն կառավարմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների ապահովմանը և մի շարք այլ թեմաների։
Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր ոլորտներում Հայաստանն այսօր ունի ամենամեծ ներուժը Եվրասիական տարածաշրջանում հարևանների հետ համագործակցությունը խորացնելու համար՝ Գևորգ Պապոյանը մատնանշել է՝
🔸ենթակառուցվածքային ինտեգրումը՝ այս համատեքստում առանձնացնելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը,
🔸էներգետիկան և կայուն փոխակերպումը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը ընդլայնել համագործակցությունը վերականգնվող էներգիայի աղբյուրների, ջրածնային տեխնոլոգիաների և էներգաարդյունավետ լուծումների ոլորտում,
🔸նորարարությունն ու մարդկային կապիտալը՝ նշելով, որ Հայաստանը ներդրումներ է կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում։
Կարդացեք նաև
«Հայաստանը տարածաշրջանային գործընկերության մեջ եղել է, կա և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու (win-win) ռազմավարությանը, և այսօր, երբ շահերի և հնարավորությունների համաշխարհային քարտեզը փոփոխվում է, Եվրասիան պետք է դառնա ստեղծարարության և վստահության տարածք։ Մենք պատրաստ ենք լինել այս ապագայի մի մասը՝ ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և վստահության քաղաքականության հարցում», – նշել է նախարարը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն