Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը

Մայիս 29,2025 17:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կայացավ ևս մեկ, արդեն ավանդույթ դարձած բարեգործական ընթրիք, որին մասնակցեցին 25 ընտանիք (53 անհատ): Ընթրիքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է «Ստեղծենք միասին» խորագիրը կրող հերթական փուլային նախագծին, որի շահառուներն այս անգամ նորաստեղծ ընտանիքներն են։

ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ողջունելով բարեգործական ընթրիքի մասնակիցներին, ընդգծեց․
 «Ներկաներից շատերին առաջին անգամ եմ տեսնում, ինչը վկայում է այն մասին, որ բարեգործական ընթրիքների մշակույթը, որը մեծ դժվարությամբ փորձում ենք արմատավորել Հայաստանում, սկսում է իրեն արդարացնել։ Շուտով կներկայացնենք հիմնադրամի ծրագրերն ու ձեռքբերումները։ Քանի որ ես հաշվետու եմ ձեզնից յուրաքանչյուրի առջև, շատ եմ կարևորում, որ ծանոթանաք ծրագրերին ու գնահատեք դրանք։ Շնորհակալ եմ բոլորիցդ՝ «Իմ քայլը» հիմնադրամի ձեռքը սեղմելու համար»։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին Լենա Նազարյանը ներկաներին հիշեցրեց հիմնադրամի հիմնական գաղափարախոսության մասին՝ նշելով, որ
 «Մեր բոլոր ծրագրերի հիմքում մարդկային ներուժի բացահայտումն է, անհատի զարգացումը, սեփական միջոցներով ու գիտելիքներով առաջ գնալու հնարավորությունը։ Այս ծրագիրը հատկապես կարևոր է, որովհետև այսպիսով մենք հերթական սոցիալ-տնտեսական ծրագիրը չենք իրականացնում։ Մենք ձեռք ենք մեկնում նրանց, ովքեր ոչ թե պարզապես օգնություն, այլ՝ հնարավորություն են խնդրում մեզնից»։

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը սահիկաշարով ներկայացրեց միջազգային համագործակցությունները, իրականացված, իրականացվող ու նախատեսվող բոլոր ծրագրերը, թվային ցուցանիշները և միջազգային գործընկերների հետ վերջին տարիներին ստորագրված համագործակցության հուշագրերը։

«Հիմնադրամի սիրելի բարեկամ ընտանիքնե՛ր, «Իմ քայլը» հիմնադրամի մեծ ընտանիքի անդամնե՛ր, առանց ձեր ներդրման անհնար կլինեին այս բոլոր ձեռքբերումները։ Շնորհակալ ենք, որ հատկապես այսօր այստեղ եք ու ձեր ներկայությամբ՝ որպես արդեն կայացած և հաջողակ անհատներ, ձեռք եք մեկնում մեր սկսնակ հայրենակիցներին և իրենց ընտանիքներին՝ օգնելով կատարել առաջին քայլերը բիզնեսում», – դիմելով ներկաներին՝ նշեց տիկին Թօփալաքեանը։ Նա ավելացրեց․
«Մեր տարեկան նախատեսվող բյուջեն աճել է մոտ 650%-ով, իսկ շահառուների քանակը՝ 305%-ով։ Սա փաստում է, որ մեր առաքելության հավատացողների, հիմնադրամին սատարողների, հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատողների թիվը ևս աճել է, ինչը մեզ էլ ավելի է հզորացնում, ուժեղացնում ու մոտիվացնում առաջ գնալ, նորանոր ծրագրեր իրականացնել, ընդլայնել մեր գործունեությունը։ Այս առումով մենք մեզ իսկապես օրհնված ենք զգում»։

Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ, շփվել միմյանց հետ, քննարկել հիմնադրամի գործունեությունը, կիսվել իրենց ամենից շատ տպավորած ծրագրերով։ Հատկապես կարևորություն տրվեց հիմնադրամի միջազգային կապերին, Հայաստանում արտերկրից ձեռք բերված փորձի կիրառման հնարավորություններին, ինչն էլ հենց հիմնադրամի առանցքային նպատակներից է։

Բարեգործական ընթրիքի ամենահուզիչ պահը դարձավ Ռոման Հարությունյանի՝ «Բլյու Սքայ» կառուցապատող ընկերության ղեկավարի արձագանքը՝ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած մի զինվորի պատմությանը։ Երիտասարդը վարձով բնակվում է բարձրահարկ շենքում՝ առանց թեքահարթակի հնարավորության, քանի որ հարևանները համաձայնություն չէին տվել թեքահարթակ կառուցել շենքում։ Պարոն Հարությունյանը, ով հեշտությամբ չի հասել հաջողությունների իր կյանքում, տպավորված պատմությամբ՝ նոր բնակարան նվիրեց այդ ընտանիքին։

«Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրով «Իմ քայլը» հիմնադրամը նպատակ ունի ոչ միայն խթանել Հայաստանում փոքր ձեռնարկատիրության զարգացումը, այլև ձևավորել բարեգործության նոր մշակույթ և այն դարձնել ավանդույթ։ Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք։

Ինչպե՞ս դառնալ «Ստեղծենք միասին» նախագծի շահառու

Հիշեցնենք, որ «Ստեղծենք միասին» նախագծի հայտերի ընդունման փուլը սկսված է (վերջնաժամկետը՝ հունիսի 10): Նախագիծը նախատեսված է նորաստեղծ ընտանիքների համար, ովքեր ունեն բիզնես սկսելու կամ զարգացնելու գաղափար։

Ծրագրի շրջանակում շահառուները կստանան՝
 անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ,
անհատական բիզնես խորհրդատվություն,
դրամաշնորհ՝ բիզնես գաղափարը կյանքի կոչելու համար։

Չափորոշիչներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:

«Իմ քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031