«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ դատախազությունը հետաձգում էր նիստերը, որպեսզի հասկանա, թե այն որ գործի վրա ինչ ազդեցություն է ունենալու։
Այս մասին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված հարցազրույցի ժամանակ ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Միհրան Բուլղադարյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն ապրիլի 16-ին սահմանադրական էր ճանաչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, բայց միաժամանակ մեկնաբանել էր, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել իր պաշտոնավարման շրջանում։ ՍԴ-ի այս մեկնաբանությունից հետո Դատախազությունն առաջին անգամ՝ մայիսի 27-ին հրաժարվեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ հայցից, քանի որ ապօրինի գնահատված գույքը ձեռք էր բերվել մինչև պաշտոնավարումը։
Միհրան Բուլղադարյանի կարծիքով՝ առաջիկայում Դատախազությունը նույն հիմքով կվերանայի քննած շատ գործեր և կհրաժարվի որոշներից։ Բայց եթե անգամ Դատախազությունը ոչինչ չձեռնարկի, ՍԴ-ի այդ մեկնաբանությունը գնահատականի է արժանանալու նաև գործերը քննող դատարանների կողմից, քանի որ այն ուղենշային է։
Կարդացեք նաև
Իրավաբանի խոսքով՝ ՍԴ-ի այս որոշումից հետո ոչ միայն Դատախազությունը, այլև դատարանները պետք է վերանայեն իրենց մոտեցումները ապօրինի ծագում ունեցող գույքերին վերաբերող գործերի նկատմամբ։ Դատախազությունը պետք է քննի և դատարան ուղարկի հատկապես այն գործերը, որոնց ապացուցողական բազան շատ ուժեղ է։ Հակառակ պարագայում պետությունը կարող է շատ ավելին վճարել։
Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում հատկապես քաղաքական հնչեղություն ստացած գործերին՝ իրավաբանը հավելեց, որ 2026 թ․ այդ թեման թե ընդդիմության, թե իշխանության կողմից ավելի շատ կօգտագործվի։
«Այն անձինք, որոնք քաղաքականությամբ են զբաղվում, փորձելու են այս վարույթներով իրենց համար քաղաքական կապիտալ ձևավորել։ Արդեն տեսնում ենք, որ այն հաջորդ տարի դառնալու է նախընտրական քարոզչության մեկ ամբողջական մաս»,- հավելեց նա։