Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման համար Հայաստանում չկան համապատասխան պայմաններ. «Ա1+»

Մայիս 29,2025 23:13

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն Արմեն Ամիրջանյանը։

-Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն առաջարկեց Հայաստանի կառավարությանը համագործակցել միջուկային էներգետիկայի ոլորտում։ Ինչ հարցերի շուրջ կարող է մեր երկիրը համագործակցել Սլովակիայի հետ։

– Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առաջարկը հիմնված է Հայաստանի և Սլովակիայի ատոմային էլեկտրակայանների տեխնոլոգիական ընդհանրությունների վրա։ Այո՛, մեր երկրներն ունեն նման ռեակտորներ՝ VVER (ՎՎԷՌ) տիպի, ինչը լավ հիմք է արդյունավետ ու փոխշահավետ տեխնիկական համագործակցության համար։ Նշեմ, որ ՀՀ-ն ու Սլովակիան ունեն միջուկային ոլորտում համագործակցության երկարատև փորձ․ այն սկսվել է դեռևս ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերաթողարկման ժամանակ և  մինչ օրս շարունակվում է։

Սլովակիան բավականին մեծ փորձ ունի ռադիոակտիվ թափոնների կառավարման և ԱԷԿ-ների շահագործումից հանելու բնագավառում, որը խիստ կարևոր է մեզ համար, քանի որ 2036 ին ՀՀ-ն կկանգնի ՀԱԷԿ-ի շահագործումից հանման ու արդյունքում առաջացած ռադիոակտիվ թափոնների կառավարման խնդրի առաջ։

Մեր համագործակցությունը կարող է ներառել հետևյալ ուղղությունները՝ աշխատած միջուկային վառելիքի երկարաժամկետ կառավարում, ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների կայուն և անվտանգ կառավարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում, մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը, ՀԱԷԿ ի շահագործումից հանում։

-Հայաստանում կուտակվել և կուտակվում է աշխատած միջուկային վառելիք։ Ինչպե՞ս են պահվում այդ վառելիքն ու այլ ռադիոակտիվ թափոնները։

– Այո՛, Հայաստանում կուտակվել է որոշակի քանակությամբ աշխատած միջուկային վառելիք, որը ԽՍՀՄ փլուզումից ու ՀՀ անկախացումից ի վեր չի արտահանվել երկրից։ Սա պայմանավորված է մի շարք գործոններով՝ փոխադրման տեխնիկական, ֆինանսական և իրավական բարդություններով։ Բացի այդ, վերամշակման ենթարկվելու դեպքում վառելիքից կհանվեն որոշ արժեքավոր տարրեր, իսկ առաջացած բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնները պետք է վերադարձվեն ՀՀ։ Մինչդեռ նման բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման համար Հայաստանում չկան համապատասխան պայմաններ։

ՀՀ օրենսդրության համաձայն՝ աշխատած միջուկային վառելիքը չի դասակարգվում որպես ռադիոակտիվ թափոն, և այդ պատճառով դրա նկատմամբ չեն կիրառվում ռադիոակտիվ թափոնների կառավարման պահանջները, ինչպիսիք են վերամշակումը կամ թաղումը երկրաբանական ֆորմացիաներում կառուցված հատուկ գերեզմանոցներում։

Ներկայումս ՀԱԷԿ-ի շահագործման արդյունքում առաջացած աշխատած միջուկային վառելիքը հավաքվում և անվտանգ պահվում է ՀԱԷԿ-ի հարթակում կառուցված հատուկ պահեստարաններում։ Դրա կառավարումն իրականացվում է միջազգային անվտանգության չափանիշներին համապատասխան՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորող մարմնի, ինչպես նաև ԱԷՄԳ-ի համապատասխան վերահսկողությամբ և մշտադիտարկմամբ։

-Ինչքան ժամանակ ռադիոակտիվ թափոնները պիտի մնան պահեստարաններում, և ընդհանրապես, ինչքան կարող է Հայաստանը դրանք պահել։

– Ռադիոակտիվ թափոնների՝ պահեստարաններում պահումը ժամանակավոր բնույթ է կրում։ ՌԹ-ների անվտանգ կառավարումը միայն դրանց պահելը չէ։ Այն ենթադրում է մի շարք գործընթացներ․ թափոնների վերամշակում, պահման, փոխադրման կամ թաղման համար վերջնական փաթեթավորում, պահեստարաններում պահում, փոխադրում ու որպես վերջնական փուլ՝ համապատասխան գերեզմանոցներում դրանց թաղումը։ Նաև՝ համապատասխան օրենսդրության ստեղծումը։

Այս պահին ՀՀ-ում առկա և առաջացող ռադիոակտիվ թափոնները չեն վերամշակվում և չեն բերվում անվտանգ պահման համար միջազգային անվտանգության պահանջներին համապատասխան վիճակի։ ՀԱԷԿ-ի շահագործման արդյունքում առաջացած ռադիոակտիվ թափոնները՝ առանց վերջնական մշակման, պահվում են ՀԱԷԿ-ի պահեստարաններում, իսկ առողջապահության, գյուղատնտեսության, արդյունաբերության, գիտահետազոտական, և այլ ոչ միջուկային բնագավառներից առաջացած «ինստիտուցիոնալ» ռադիոակտիվ թափոնները՝ «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի կողմից շահագործվող պահեստարաններում։

ՀԱԷԿ-ի շահագործման արդյունքում առաջացող ռադիոակտիվ թափոններում կան երկար ապրող իզոտոպներ, որոնք հարյուրավոր տարիներ վտանգավոր են լինելու մարդկանց և շրջակա միջավայրի համար, և պահանջվելու է դարերի ընթացքում մշտական կառավարում։ Սակայն ցավոք ՀՀ-ում չկան նման շահագործման ժամկետով ո՛չ պահեստարաններ, ո՛չ գերեզմանոցներ։ Չկա նաև պետության կողմից թափոնների անվտանգ կառավարման հարցին միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցում։

Պետք է նշել, որ ՀԱԷԿ-ի տարածքում առկա պահեստարանները նախագծված են հաշվի առնելով ռեակտորի շահագործման ժամկետները։ Պահեստարաններում պահեստավորման տարածք կա, սակայն դրանց շահագործման անվտանգությունը և ազատ տարածքների առկայությունը գնահատված է միայն մինչև 2026թ․-ը։ ՀՀ կառավարությունը պլանավորում է երկարաձգել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը ևս 10 տարով՝ մինչև 2036թ․-ը, սակայն այս դեպքում ՀԱԷԿ-ի պահեստարանների անվտանգությունը հարցականի տակ է, և դրանք կարող են չբավականացնել։

Նման իրավիճակ է նաև «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պահեստարանում կուտակված «ինստիտուցիոնալ» տեսակի թափոնների մասով, որոնք շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից նույնպես վտանգավոր են, քանի որ պահվում են առանց տարանջատման, վերամշակման ու համապատասխան փաթեթավորման։ ՓԲԸ-ն ներկայում կատարում է միայն ՌԹ-ների ժամանակավոր պահման սահմանափակ գործառույթ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031