Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքի գրառումը.
«Ադրբեջանի քաղաքական մթնոլորտում կա լարվածություն, որը գուցե առաջին հայացքից նկատելի չէ, բայց դրա հիմքերը կան և սկսում են աստիճանաբար երևալ։
Դրանց թվում ամենահեշտ տեսանելիները քաղաքական ու կրոնական գործիչների և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձանց ձերբակալություններ են։ Ստացվել է այնպես, որ վերջին 2 տարվա ընթացքում ձերբակալվածների գերակշռող մասը երիտասարդներ են, աչքի են ընկել մինչ այդ համեմատաբար կիրթ խոսքով և պահվածքով, հետևաբար հանրությունը ինչքան էլ համեմատաբար դեռ պասիվ է իր բողոքի ձայնը լսելի դարձնելու առումով, սակայն Ալիևի քաղաքականությանը չի էլ աջակցում։
Մյուս կողմից այդ հատվածին աջակցող մարդկանց այս օրերին բորբոքել է այն, որ մայիսի 28-ին ընդառաջ Իլհամ Ալիևի կողմից համաներվածների ցանկում տեղ չեն գտել նշածս մարդիկ և, առհասարակ, համաներման ցուցակում քաղբանտարկյալների անուններ այս տարի տեղ չեն գտել։
Կարդացեք նաև
Արդյո՞ք այս լարվածությունը նկատում կամ ինտուիտիվ զգում է նաև Իլհամ Ալիևը։
Ամենայն հավանականությամբ Ալիևը կանխատեսում է ներքաղաքական ճոճք, և այդ ճոճքին ընդառաջ նախ մերժեց Ժողճակատի դիմումը Բաքվում մեծ հանրահավաք անցկացնելու առթիվ, ապա նաև տևական դադարից հետո սկսեց նորից թիրախավորել իր հիմնական քաղաքական հակառակորդներին՝ Ժողճակատին և Մուսավաթին՝ բավականին կոշտ բառապաշարով:
Այսպես, մայիսի 27-ին Արցախի Հանրապետությունից բռնազավթված Բերձորի գյուղերից մեկում Ալիևը հայտարարեց.
«Գիտեք, այն ժամանակ ապրածները շատ լավ են հիշում, թե Ադրբեջանում իշխանության համար ինչպիսի պայքար էր ընթանում։
Այդ ժամանակ իշխանության ձգտող Ժողճակատ-Մուսավաթ դաշինքը դավաճանություն և ստորություն գործեց, և մեր տարածքների օկուպացման մեջ նրանց նենգ բաժինը շատ մեծ է եղել։
Հենց Լաչինը օկուպացվելուց մեկ ամիս անց նրանք հասան իրենց նպատակին և եկան իշխանության, ինչը մեր երկրի համար մեծ աղետ դարձավ։
Իշխանության գալու համար տարածքները վաճառելն ու թշնամուն հանձնելը մեծ հանցագործություն է, մեծ դավաճանություն, ստորություն, վախկոտություն։
Բայց դա արդեն արձանագրվել է պատմության էջերում։ Մեր պատմության այդ սև էջն արդեն վաղուց փակվել է։
Այսօր Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունը ողջ տարածքի վրա։ Այսուհետ մայիս ամիսը լինելու է միայն տոնական ամիս՝ ձեզ համար, մեր բոլորի համար։ Շնորհակալություն»։
Շարունակելի…»: