Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական երկաթուղին կրկին երեխաների զվարճանքի վայր դարձնելու հարցը քաղաքապետարանի առաջիկա պլաններում ներառված չէ

Մայիս 30,2025 09:30

Երեխաների զվարճանքի սիրելի վայրերից մեկը՝ Երևանի մանկական երկաթուղին կվերադարձվի՞ երեխաներին, թե՞ ոչ: Երևանի քաղաքապետարանից այս հարցին ի պատասխան ընդգծում են, որ հիմք ընդունելով Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տրամադրելու քաղաքապետարանի նախաձեռնությունը՝ տվյալ տարածքի հետ կապված առաջիկա բոլոր ծրագրերը դիտարկվելու են նշված համատեքստում:

Մանկական երկաթուղու տարածքը հունիսի 18-ից կանցնի Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ, քանի որ Ձորափի փողոց 130 հասցեում գտնվող Մանկական երկաթուղու վարձակալ հանդիսացող «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվում է հենց այդ ժամանակ: Այնուհետև Երևանի քաղաքապետարանը կսկսի Հրազդան կիրճի Երևանի վարչական սահմաններում գտնվող տարածքները որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ պետական արգելավայրի կարգավիճակ ճանաչելու գործընթացը: Այս մասին նշել են քաղաքապետարանից, սակայն այն հարցը, թե այդ տարածքում ինչ ծրագրեր են իրականացվելու, որոնք հետաքրքիր կլինեն փոքրերին՝ Երևանի քաղաքապետարանից չեն հստակեցրել:

 

Ըստ Երևանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության՝ իրենք պատվիրել են «Հրազդան կիրճ» պլանավորվող պետական արգելավայրի տարածքի սահմանազատման, կենսաբազմազանության գույքագրման և թեմատիկ քարտեզագրման աշխատանքներ, որոնք ընթացքի մեջ են:

Դեռևս 2023թ Կառավարության նիստերից մեկի ընթացքում այն ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել էր Մանկական երկաթուղին բարեկարգելու՝ «ՌԻԴ» ՍՊ ընկերության մտադրության մասին: Նշենք, որ ընկերությունը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին: Իսկ այդ ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ ռուսաստանաբնակ գործարարը նպատակ ունի արդիականացնելու Երևանում գործող Մանկական երկաթուղին ու ընդգծել, որ նախագիծն առաջիկայում կմտնի կառավարություն։ Ըստ նախագծի՝ ընկերությունը պետք է նաև ճոպանուղի կառուցեր այդ տարածքում:

Սակայն մեկ տարի անց «ՌԻԴ» ՍՊԸ-ն հայտարարեց, որ ստիպված է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից՝ նշելով, որ 5 տարվա ընթացքում այդպես էլ չի կարողացել ՀՀ իշխանություններից ստանալ անհրաժեշտ հավանությունը՝ չնայած ներկայացված բազմաթիվ նախագծերին: Իսկ Երևանի քաղաքապետարանը մեկնաբանեց, որ «ՌԻԴ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված առաջարկը քաղաքաշինական տեսանկյունից համարվել է անընդունելի՝ քննարկվող տարածքի քաղաքաշինական կարևոր դիրքը հաշվի առնելով:

 

Հիշեցնենք, որ «ՌԻԴ» ընկերությունը ձեռնարկել էր նաև մեկ այլ նախագիծ՝ Արագած լեռան լանջին լեռնադահուկային նոր համալիր, նոր էկոգյուղ ու ջրամբար կառուցելու համար: Չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել այս նախագիծն ու Վարդենուտ և Արագած բնակավայրերի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող ավելի քան 113 հեկտար հողատարածքը գերակա շահ ճանաչել՝ մինչ օրս աշխատանքները չեն սկսվել: Վարդենուտ բնակավայրի ղեկավար Կամո Սահակյանի խոսքով՝ ընկերությունը 325-345 դրամ է առաջարկել բնակիչներին 1քմ հողի դիմաց, կամ էլ այլ վայրերում հողատարածք, սակայն որոշ բնակիչներ չեն համաձայնվել, դիմել են դատարան ու սպասում են դատարանի վճռին: Նշենք, որ այս նախագծի համար կառավարությունը ընկերությանը հատկացրել է ընդհանուր 4400 հեկտար տարածք՝ Վարդենուտ, Արագած, Շենավան, Արայի բնակավայրերից:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031