Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի տարած հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ խորհրդային տարիներին՝ 1968 թվականի մայիսին կառուցված հուշահամալիրում Փաշինյանը փնովում էր խորհրդային ժառանգությունը, հայտարարում, որ խորհրդային տարիներից պետականության նկատմամբ քամահրանք ենք ժառանգել։
«Իրենք պարբերաբար փոփոխել են իրենց մոտեցումները, մե՛կ խորհրդային շրջանին են հղում կատարում, մե՛կ հակադրվում ու ընդդեմ դրույթներ առաջ քաշում։ Սա ցույց է տալիս, որ իրենք իրականում փորձում են ամեն ինչ հարմարեցնել իրենց քաղաքական ուղեգծին ու պետք եղած ժամանակ օգտագործել այն, ինչ իրենց պետք է»,- «Հրապարակ»-ին ասում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանն ու հիշեցնում նույն Փաշինյանի թիմի պնդումներն այն մասին, թե, այսպես կոչված, «իրական Հայաստանը» Խորհրդային Հայաստանի սահմաններում է։
«Հիմա մենք ո՞նց հասկանանք՝ խորհրդային ժառանգության տակ իրենք ի՞նչն են հասկանում»,- հարցնում է մեր զրուցակիցն ու բացատրում. «Իրականում իշխանությունների խոսույթը համապատասխանում է 1920-ականների երկրորդ կեսի եւ 1930-ական թվականների առաջին կեսի բոլշեւիկյան ագիտպրոմի պաշտոնական քարոզչության ուլտրաձախ ու ուլտրամարքսիստական հայացքներին, որտեղ խոսք է գնում մասսաների կեղեքման մասին, եւ իրենց խոսույթն էլ անընդհատ եղել է այն, որ սովորական ժողովրդին կեղեքել են, իբրեւ թե իրենք են շատ հեռու դրանից»։ Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» կերպարը նույն բոլշեւիկյան թեզերով է մատուցվում, որը հիմնված է չարենցյան «Երկիր Նաիրի»-ի մոտեցումների վրա։
Մալխասյանի խոսքով՝ մինչեւ 1938 թվականը խորհրդային իշխանության ցանկությունն էլ նույնն էր, որ հայ ժողովուրդը Հայաստանն ընկալի որպես Խորհրդային Հայաստան՝ իր սահմաններով, իսկ Արեւմտյան Հայաստանն ընկալի որպես ցնորք։ Արդեն Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Խորհրդային Միությունը, պատմաբանի խոսքով, փոխեց իր մոտեցումները, իսկ 60-ականներին եղավ ազգային զարթոնքի շրջանը։
Կարդացեք նաև
Իրականում, ինչպես Միքայել Մալխասյանն է ասում, այս իշխանության գործունեության արդյունքում Հայաստանի ինքնիշխանությունն իջեցված է Խորհրդային Հայաստանի ամենավատ ժամանակների` 1920-ականների վերջի ու 30-ականների սկզբի գաղափարախոսական մակարդակին։ «Ինքնիշխանությունը չափվում է տարածքով, չափվում է նրանով, թե որքանով ես կարողանում քո սեփական տարածքի նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Եթե միջազգային իրավունքի տեսանկյունից նայում ենք պետության ինքնիշխանության բնորոշիչները, առաջինը տարածքի նկատմամբ վերահսկողությունն է, եթե դու չես կարողանում այն վերահսկել, եթե քո ԳՇ պետը հայտարարում է, որ քո տարածքից 200 ք/կմ օկուպացված է, երբ քո արտաքին գործերի նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ ընդունում է դա, ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը»,- տարակուսում է Միքայել Մալխասյանը` նկատելով, որ օրվա իշխանության նպատակն է՝ կեղծ պատրանք ստեղծել, թե Մոսկվայից անկախ որոշումներ են կայացվում Երեւանում։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: