Լրահոս
Օրվա լրահոսը

Հղիության ընդհատումները բացասաբար են ազդում ժողովրդագրական պատկերի վրա, պետությունն ու եկեղեցին պետք է համատեղ գործեն՝ բնակչության աճը խթանելու համար․ ժողովրդագրագետ

Փետրվար 28,2024 16:28

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2020-ական թվականների վերջից մեզ մոտ լինելու է արդեն սեղմված վերարտադրություն, այսինքն՝ մահացությունը ծնելիությանը գերազանցելու է։ Այս մասին տեղեկացնում է պատմական ժողովրդագրության մասնագետ, պ․գ․թ․, դոցենտ Միքայել Մալխասյանը։

Միքայել Մալխասյան

Նրա համոզմամբ՝ պետությունն ու եկեղեցին, անկախ քաղաքական տարաձայնություններից, պետք է համատեղ գործեն՝ բնակչության աճը խթանելու համար, որովհետև եկեղեցու դարերով մշակված նորմատիվների շնորհիվ՝ կայուն ընտանիքներ ենք ունեցել, և դարերի ընթացքում մեր ծնելիությունը բարձր է եղել։

Չնայած պետության կողմից ծնելիության խթանմանն ուղղված որոշ ծրագրերի ներդրմանը, Միքայել Մալխասյանը վստահ է, որ ժողովրդագրական անցման ներկայիս փուլում բարեկեցությունն ուղիղ չի ազդում մարդու՝ երեխա ունենալու որոշման վրա․ «Միայն գումար հատկացնելով հնարավոր չէ խթանել ծնելիությունը, աշխարհում չկա մի երկիր, որտեղ ծնելիության կտրուկ աճ գրանցվի այդ միջոցով»,-ընդգծում է նա ու հավելում, որ ժողովրդագրական քաղաքականության մեջ այդպիսի ֆինանսական ներմուծումները շատ կտրուկ ազդեցություն չեն գործում, 1-2 տարի ազդում են, հետո նվազում է ազդեցությունը։

Պատմական ժողովրդագրության մասնագետի խոսքով՝ մեր ընտանիքներում մեկ երրորդ են կազմում այն ամուսինները, որոնք առաջին երեխայի ծնունդից հետո հինգ տարվա կտրվածքով որոշում են, որ պետք է երկրորդ երեխան ունենան, այսինքն, ըստ բանախոսի՝ նույնիսկ երկրորդ երեխայի ծնունդը խրախուսման անհրաժեշտություն ունի Հայաստանում, բայց դա պետք է լինի ոչ միայն դրամական աջակցությամբ․ «Այս պարագայում, իհարկե, գումարային խրախուսումը որոշակի դեր կունենա՝ հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ անշարժ գույքի արժեքը նկատելի ցածր է, սակայն չի կարող ունիվերսալ լուծում լինել խնդրին, եթե հիմքում չդրվի բարոյահոգեբանական բաղադրիչը՝ մարդկանց մեջ չսերմանվի ընտանիքի արժևորումը»։

Միքայել Մալխասյանը վերլուծելով վիճակագրական տվյալները, ընդգծում է, որ ներկայումս մենք գտնվում ենք մի փուլում, երբ մեզ մոտ ծնելիությունը ամենևին բարձր չէ, մահացությունն էլ թեպետ կորոնավիրուսի համավարակից հետո ժամանակավոր նվազել է, սակայն դա ունի իր բացատրությունը, և առաջիկա տարիներին որոշակի աճ է նկատվելու․ «2020-2021թթ․ ռեկորդային բարձր մահացություն է գրանցվել և դա պայմանավորված է եղել երկու գործոնով՝ 2020թ․ պատերազմ և կորոնավիրուս, 2021թ․՝ կորոնավիրուս։ Այն մարդիկ ովքեր խրոնիկ հիվանդություններ ունեին, հատկապես տարեցները և դեռևս մի քանի տարի կարող էին ապրել՝ ապա կորոնավիրուսն արագացրեց այդ մարդկանց հիվանդությունը և բարձր մահացություն եղավ, թե տարեցների, թե միջին հասակի խրոնիկ հիվանդների շրջանում։ Իսկ 2020թ․ պատերազմին զոհվածները վերարտադրողական տարիքի տղամարդիկ են, և այդ կորուստը նկատելի ազդեցություն կունենա հետագա սերունդների վերարտադրության վրա»։

Այս համատեքստում պատմական ժողովրդագրության մասնագետը հիշատակում է, որ 2020թ․ կորուստը Սպիտակի երկրաշարժի կորուստից մեծ է եղել․ «Եթե 1988թ․ մեզ մոտ ծնելիությունը բարձր էր և կոմպենսացվել է այդ տարվա սոսկալի կորուստը, ապա՝ 2020թ․ Հայաստանում ծնելիությունը, եթե համեմատում ենք Սպիտակի երկրաշարժի տարվա հետ, մոտ 2,5 անգամ ավելի ցածր է եղել, հետևաբար կոմպենսացման հնարավորություն այլևս չի մնացել և 2020թ․ փակվել է բացասական հաշվեկշռով, այսինքն՝ մահերը ծնունդներից շատ են եղել։ 2021թ․ չնչին դրական է կազմել բալանսը, 2022թ․ մի փոքր բարելավվել է վիճակը, 2023թ․ մոտ 12000 պլյուս է կազմել, որը նախորդ տարիների համեմատ վատ չի, բայց այնպիսին չի, ինչը եղել է Խորհրդային վերջին տարիներին, կամ ինչպես օրինակ՝ 2010-ականների առաջին կեսին, երբ պատկերը համեմատաբար ավելի լավ էր՝ 44000-46000 կենդանի ծնունդներ էին գրանցվում»,-ասում է նա ու հավելում, որ հիմա, վերջին տարիներին, ծնելիությունը մնում է կայուն՝ 36000-ի շեմից մի փոքր է բարձր կենդանի ծնունդների թիվը, այսինքն՝ մենք գտնվում ենք մի ենթափուլում, որտեղ ծնելիությունը կայուն պահպանվելու է, իսկ մահացությունը նվազումից հետո կամաց-կամաց սկսելու է աճել։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է հիմնավորվում առաջիկայում մահացությունների թվի կանխատեսվող աճը, Միքայել Մալխասյանը նշում է, որ այն մարդիկ, ովքեր տարեց են դառնում՝ իրենց թվաքանակը շատ մեծ է․ «Մենք խոսում ենք Հայրենական մեծ պատերազմից հետո ծնվածների սերնդի մասին, երբ աստիճանաբար ծնունդներն ավելացել են՝ աճ է գրանցվել, հետևաբար մեծաթիվ սերունդ է լույս աշխարհ եկել։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր հեռացել են Հայաստանից կամ վաղաժամ են կյանքից հեռացել, բայց եթե կոպիտ հաշվարկ ենք անում, ակնհայտորեն, ունենք իրավիճակ, որ մեծ թվով մահեր են գրանցվելու»։

Նրա համոզմամբ՝ եթե կորոնավիրուսի ազդեցությունը չլիներ, որն արագացրեց շատ մարդկանց մահացությունը, մահացությունների թվի աճ կունենայինք 2022թ․-ին, 2023թ․-ին․ «Դրա հետևանքն էր, որ մահացության աճը 2023թ․ կտրուկ նվազեց՝ 24300 մահացություն է գրանցվել, բայց դա տարվող քաղաքականության արդյունք չէ, այլ բնական երևույթ է, համաշխարհային պատմության մեջ միշտ խոշոր համավարակային ցիկլերից հետո եղել է համեմատաբար ցածր մահացության շրջան, և եթե մենք ապրեինք միջնադարյան հասարակության պայմաններում մեզ մոտ նաև բարձր ծնելիություն կլիներ դրանից հետո»։

Ժողովրդագրական պատկերը հաշվի առնելիս մասնագետները դիտարկում են նաև միգրացիան։ Նշենք, որ 33 տարիների համագումարով Հայաստանում միգրացիայի բացասական մնացորդը կազմել է ավելի քան մեկ միլիոն։ Սակայն Միքայել Մալխասյանը համոզված է, որ ի տարբերություն բնական աճի՝ միգրացիան հնարավոր է կարգավորել․ «Եթե պետությունը նորմալ վերահսկելի սահմաններ ունի, օրենսդրությամբ հնարավոր է կարգավորել միգրացիան»,-ասում է նա։

Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների՝ վերջին տարիներին նկատելի է նաև հղիության ընդհատումների աճ, օրինակ, 2022թ.հղիության ընդհատումները գերազանցել են նախորդ երկու տարիների տվյալներին: 2022թ.շուրջ 11314 ընդհատում է կատարվել, մինչդեռ՝ 2021թ.՝ 11136, իսկ 2020թ.՝ 11219 (2023թ․ տվյալները դեռևս ամբողջացված չեն։)։

Պատմական ժողովրդագրության մասնագետից հետաքրքրվեցինք՝ արդյոք հղիության այս թվաքանակի ընդհատումները ազդեցություն ունե՞ն ժողովրդագրական պատկերի վրա։

«Եթե չոր նայեմ՝ դեմոգրաֆիայի տեսանկյունից, բնականաբար հղիության ընդհատումները բացասաբար են ազդում և այդ պատճառով մեզ մոտ ժողովրդագրական քաղաքականության մեջ պետք է լինի կարևոր էլեմենտ՝ հոգևոր բաղադրիչը։ Օրինակ՝ կաթոլիկ աշխարհը կամ ռուս ուղղափառ եկեղեցին, անգամ այն երկրները, որտեղ կրոնական բացարձակ ազատություն կա, կրոնական ավանդական կառույցները որոշակիորեն ներգրավված են ժողովրդագրական քաղաքականության մեջ՝ որդեծնության խորհուրդը բացատրելու, հղիության ընդհատում կատարելու որոշման հանգած կնոջ հետ զրուցելու և այլ մոտեցումներում»,-պատասխանեց Միքայել Մալխասյանը՝ հավելելով, որ այդ պարագայում հարց է առաջանում՝ սաղմը հղիության սկզբնական փուլում հանդիսանու՞մ է մարդ, թե՞ չի հանդիսանում, հոգի ունի՞, թե՞ չունի։

Նրա դիտարկմամբ՝ եթե մարդը մի փոքր կրոնական մտածելակերպ ունենա, ապա իր համար այդ հարցերը կարող են ակտուալ դառնալ․ «Այսինքն` հարցը մտնում է կրոնաբարոյագիտական դաշտ և համապատասխան ուղղությամբ քարոզչություն է տարվում, և այդ պարագայում մենք ունենում ենք ուրիշ միջավայր, որը հաշվի է առնվում նաև առողջապահական համակարգի օրենսդրական կարգավորումներում»,-մեկնաբանեց նա։

Միքայել Մալխասյանն ընդգծում է՝ Հայաստանում ժողովրդագրական քաղաքականություն մշակելիս եկեղեցուն չեն ներգրավվում, և եթե մարդը խնդրին, ոչ միայն զուտ առօրեական, ֆիզիկական, այլ բարոյական, հոգևոր արժևորման տեսանկյունից մոտենա պատկերն այլ կլինի․ «Անգամ Ռուսաստանում, որտեղ 25 տարի առաջ տարեկան կտրվածքով 6-7 մլն հղիության ընդհատում էր կատարվում, հիմա իրենց տարիներով աշխատանքի արդյունքում նվազեցրել են թիվը և կես մլն-ից էլ պակաս է այն կազմում»։

Միայն ֆինանսական աջակցությամբ ծնելիությունը խթանել չհաջողելու փաստարկներ ներկայացնելիս՝ նա հիշատակեց այն իրողությունը, որ տարիներ առաջ, երբ ծննդօգնության անվճար սերտիֆիկատ սկսեցին տալ, բժիշկները հեռուստաեթերում ասում էին, թե արդեն ծնելիության հետ կապված խնդիր չի լինի, ծննդի պահին մանկամահացություն գրեթե չի գրանցվի և այլն, մինչդեռ շարունակական դրական ազդեցություն, ըստ բանախոսի, չգրանցվեց․ «Երբ հետադարձ հայացքով նայում եմ՝ նույն անվճար ծննդօգնությունը ժամանակավոր կարևոր էֆեկտ ունեցավ՝ նվազեցնելով մանկամահացության և մայրական մահացության ցուցանիշները, բայց դրական ազդեցությունը չի շարունակվում»,-ընդգծում է Միքայել Մալխասյանն ու շեշտում, որ մի միջոցառումով ամբողջ քաղաքականությունը չի կարգավորվում, միջոցառումների շարք պետք է լինի, որի մեջ կարևոր էլեմենտ լինի՝ հոգևոր կամ սոցիալ-հոգեբանական, բարոյական բաղադրիչը, որովհետև մարդը ոչ միայն կենսաբանական, այլ նաև հոգևոր էակ է։

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829