Լրահոս
Օրվա լրահոսը

Անցել է 2 ամիս, եւ ցմահների ծեծի գործով մեղադրյալ չկա. «Հրապարակ»

Մայիս 30,2025 11:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5-րդ հարկում ապրիլի 3-ին ցմահ դատապարտյալների հանդեպ իրականացված  ծեծուջարդը եւս անհետեւանք է մնալու: Մեր հարցին, թե դեպքի հետ կապված կա՞ վարույթ, Քննչական կոմիտեի խոսնակը պատասխանեց. «Քրեական վարույթ կա նախաձեռնված: Այս պահին մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ չկա: Նախաքննությունը շարունակվում է»:
Հայտնի է, որ ցմահներին ծեծի են ենթարկել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները, որոնց գործառույթների մեջ է մտնում «անհնազանդներին» հնազանդեցնելը: Թե հատկապես ովքեր են այդ օրը՝ ապրիլի 3-ին, մտել ցմահների խուց եւ հաշվեհարդար տեսել նրանց հետ, գաղտնի տվյալ չէ, եւ հեշտությամբ այն կարելի էր պարզել: Բայց անցել է 2 ամիս, եւ մեղադրյալ չկա:

Հիշեցնենք․ դեպքը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սոցցանցերում` ապրիլի 3-ին, բարձրաձայնել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Նա գրել էր, որ  դատապարտյալները ծեծված ընկած են հատակին, եւ նրանց որեւէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Պատճառը եղել է այն, որ ցմահներից մեկին առեւանգել են խցից եւ բռնության են ենթարկել` պատճառաբանելով, թե նրան այլ խուց են տեղափոխում եւ այնտեղ «չնախատեսված խուզարկություն են անցկացնելու»: Մյուսներն էլ փորձել են կանչել վարչակազմի ներկայացուցիչներին, հարվածել են դռներին, այսպես ասած` բունտ է բարձրացել, որին էլ հաջորդել է ծեծը:

Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ Քրեակատարողական ծառայության պաշտոնյաները եւս պետք է հետեւեն այս գործի ընթացքին, որովհետեւ դատապարտյալները որեւէ մեղք չեն ունեցել: «Հիմա ՔԿԾ պետը, նախարարը այցելել են ու խոստացել են, որ տեղաշարժ է լինելու ցմահների ռեժիմի փոփոխության հարցում, որը տարիներ շարունակ մեռյալ կետում է: 2019 թվին ընդունվել է օրենք` ռեժիմի փոփոխության վերաբերյալ, բայց 6 տարվա ընթացքում 4 ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել, իսկ պայմանական վաղաժամկետով ցմահներին չեն ազատում` ոչ մեկին: Տարիներ շարունակ նրանք դիմում են պայմանական ազատման համար, եւ բոլորը մերժվում են, այն դեպքում, երբ ամենակարգապահներն են ցմահները եւ տեսանելիորեն առանձնանում են իրենց դրական վարքագծով: Սա, կարծում եմ՝ քաղաքական որոշման հետեւանք է, այն, որ մարդկանց դատարանները չեն ազատում»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031