Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործի քննությունը: Ջալալ Հարությունյանը նոր պաշտպան ներգրավվեց՝ Աշոտ Ապրեսյանին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար և դատապարտել 5.5 տարվա ազատազրկման: Հարությունյանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պահանջելով իրեն արդարացնել:
Նոր փաստաբանը հայտնեց, որ դատարանի կազմին ինքնաբացարկի միջնորդություն չունի, բայց մեղադրող դատախազ Նավասարդյանի վերաբերյալ իր պաշտպանյալը լուրջ մտահոգություններ է հայտնել. «Իմ պաշտպանյալը լուրջ մտահոգություններ ունի նրա անաչառության վերաբերյալ, ներկայացրել է որոշակի բանավոր փաստեր եւ խնդրել, որ նախապատրաստեմ բացարկի միջնորդություն: Բայց ինչքան էլ վստահեմ ու հավատամ պարոն Հարությունյանի խոսքին՝ հաշվի առնելով, որ դա լուրջ փաստաթուղթ է, որը հետագայում քննարկման առարկա պետք է դառնա դատարանի կողմից, ես մինչեւ չծանոթանամ, այն փաստարկներին, որոնք վկայակոչում է իմ պաշտպանյալը՝ կապված Նավասարդյանի վարքագծին եւ այլն, չեմ կարող ներկայացնել»:
Փաստաբանն ասաց նաեւ, որ իր պաշտպանյալն իրեն ասել է, որ ունի դատախազի անաչառությանը վերաբերող ապացույցներ, որոնց ինքը պետք է ծանոթանա:
Կարդացեք նաև
Հարությունյանը նաեւ հայտնել է նոր փաստաբանին, որ դատախազ Նավասարդյանը երեք վկաների Երեւանից տեղափոխել է իր մեքենայով: Փաստաբանի խոսքով՝ ինքը պետք է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դրսի տեսախցիկների արձանագրած տեսագրությունները պահանջի ու ուսումնասիրի, ինչի համար դատարանից խնդրեց ողջամիտ ժամկետ՝ ծանոթանալու ապացույցներին, որ կարողանա ներկայացնել գրավոր միջնորդություն:
Այդ միջնորդությանն առարկեց մեղադրող դատախազը՝ ասելով, որ նիստը ձգձգելու միտում է տեսնում: Ինչ վերաբերում է իրեն ուղղված մեղադրանքներին՝ դատախազն ասաց, որ դրա մասին իր դիրքորոշումը կհայտնի, երբ բացարկի միջնորդությունը լինի:
Տուժողի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանն էլ այսպես արձագանքեց՝ գործ ունենք իրավունքի չարաշահում փաստի հետ. «Քանի որ մշտապես Հարությունյանի կողմից բերված կեղծ հիմնավորումներով փորձում է ձգձգել դատական նիստերը, մինչեւ անցնի վաղեմության ժամկետը: Հարությունյանի նպատակը դա է: Գտնում եմ, որ դա հարիր չէ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձին: Չեմ ցանկանա համեմատել գողություն կատարող, մի քանի անգամ դատված անձի հետ, բայց տվյալ անձը ավելի տղամարդավարի է իրեն պահում դատարանում, քան գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձը»:
Անձնական վիրավորանքներ անելու համար դատարանը նրան սաստեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ