ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Եկեղեցին թիրախավորելու հայտարարություններին ու գործողություններին։
«Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների ամբողջ քաղաքականությունն այս շաբաթ ուղղված է եղել գալիք հնարավոր ձախողումներն արդարացնելու եւ այլոց մեղադրելու համար հիմքեր ստեղծելուն։ Այսօր առավոտվա գրառումը, ինչո՞ւ այդ գրառումը համընկավ այն միջազգային խորհրդաժողովի հետ, որը Մայր Աթոռի նախաձեռնությամբ կայանում է Շվեյցարիայում։ Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանի հայտնի հայտարարությունը համընկավ Արցախի ԱԺ նախագահ ընտրելու հետ։ Ինչո՞ւ է Ադրբեջանը մայիսի 28-ին Հայաստանի սահմանների անմիջական մոտակայքում բացում երրորդ չակերտավոր միջազգային օդանավակայանը։ Եվ ինչո՞ւ հանկարծ Ադրբեջանը երեկ հայտարարեց, որ Խոզնավարում իրենք չեն կրակել։ Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում ՀՀ դեմ հերթական ագրեսիայի համար։ Իսկ Փաշինյանն ու ՔՊ-ականները փոխանակ հիմքեր ստեղծեն՝ պաշտպանելու ՀՀ-ին, մեղավորներ են փորձում կարգել»,- ասաց նա։
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ խաչակրաց արշավանք է իրականացվում։ «Փաշինյանի այդ գրառումն ուղղակի պարզ խուլիգանություն է, երկրի ղեկավարը չի կարող նման ոճի գրառում իրեն թույլ տալ։ Կրթող եւ կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության, խոհանոցային բամբասանքի մակարդակի։ Առնվազն իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պետք է նման վարքագիծը քննարկման առարկա դարձնեն։ Եվ իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների հետեւից գնում են, քրեական գործեր են հարուցում եւ մարդկանց ազատությունից զրկում, նաեւ նրանք անելու բան ունեն, ինչպես նաեւ մեր հայրենակիցները, որոնք փողոցում կամ քվեատուփի առջեւ որոշում կայացնելիս նաեւ սա պիտի հիշեն»,- ասաց Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաեւ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ դրանում տեղ գտած մտքերը որակելով որպես խայտառակ ձեւակերպումներ։ «Սրան ի՞նչ կեղծ ու սին օրակարգեր են, որոնք շրջանառում են այս իշխանությունները՝ փորձելով մեզ զրկել մեր ինքնությունից ու պատմությունից»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այն քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը, ազգին զրկելու է պետությունից։ Թուրքի առաջ ծնկի գալը, թուրքերի բոլոր պահանջները կատարելը, այս ամենը տանում է պետականության եւ ինքնիշխանության կորստի։ «Ֆորմալ առումով ինչ-որ հատված կարող է մնալ, որի վրա գրված կլինի Հայաստանի Հանրապետություն, բայց էությամբ այս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով կզրկվենք ինքնիշխանությունից։ Թուրքերի պահանջով Սահմանադրություն են փոխում, թուրքերի պահանջով հրաժարվում են խոսել Արցախի Հանրապետության մասին, Արցախի բնակչության վերադարձի իրավունքի մասին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ