Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պատրաստ է ընդունել իր աշխատավայր կառույցի նկատմամբ դիտողությունները, բայց մասնակի։ Օրինակ, տարբեր հանրային հարցերի շուրջ լսումների կազմակերպման գործընթացը չի վիճում, որ ֆորմալ է արվում։ Բայց Երեւանի քաղաքապետարանի կայքում «Ակտիվ քաղաքացի» հարթակ ունենալը պարտադիր չէ․ «Հետեւաբար, եթե չկա քաղաքական կամք՝ հանրային ներգրավվածության համար, այս հարթակն ինչի՞ համար է ստեղծվել»։ Ասում է՝ կա նաեւ բջջային հավելված, որը զուգահեռվում է թեժ գծի հետ ու մարդու, քաղաքացու ձայնը լսելի է դարձնում․ թե ի՞նչ լուծումներ են տրվում՝ քննարկելի է, իհարկե։
Իր այս վերապահումները փոխքաղաքապետը բարձրաձայնեց «Երեւանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու մասնակցայնությունը» թեմայով քննարկման ժամանակ։ Քննարկման նպատակն էր ներկայացնել Երեւանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության եւ մասնակցային կառավարման վերաբերյալ ԹԻՀԿ կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Նաեւ՝ առաջարկություններ անել՝ առկա խնդիրների լուծման ուղղությամբ։
Զեկույցը 80 էջ է, առաջիկայում կհրապարակվի։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը որոշ դրույթներ հրապարակեց․ աշխարհի 120 երկրներից 116-ում իրավիճակը տխուր է՝ բյուջեների թափանցիկության եւ վերահսկողության առումով։ Հայաստանը 116 երկրների շարքում է։
Կարդացեք նաև
Ըստ նրա, Հայաստանում մասնակցայնության օրենսդրական բազան եւ իրավական հիմքն ավելի բարձր է, քան իրական պրակտիկան։
Փաստաթղթերին հասանելիությունը Երեւանի քաղաքապետարանի ուժեղ կողմերից է, քննարկումներին հրավերների հասանելիությունը՝ հրապարակային են։ Թույլ կողմերից են՝ ներկայացված փաստաթղթերի ֆորմատը, նախկին փորձի բացակայությունը, քաղաքապետը եւ մյուս պաշտոնյաները մասնակցային բյուջետավորման կարեւորությանը չեն անդրադառնում իրենց ելույթներում, հանրային մասնակցություն չկա բյուջեին՝ հատկապես կատարման փուլում, աշխատակազմի վերապատվաստում արված չէ կամ էպիզոդիկ է արված եւ այլն։
ԹԻՀԿ Կրթական և ընտրական ծրագրերի տնօրեն Արեն Մանուկյանի գնահատմամբ, քաղաքապետարանի շահագրգռվածությունը չկա՝ հանրային մասնակցության ապահովման համար, ուստի շատ բաներ արվում են ֆորմալ․ «Ավելի շատ «գալոչկայի» մասն է»։
ԹԻՀԿ ծրագրերի մասնագետ Մերի Մինասյանն առաջարկները ներկայացրեց՝ կարգավորել համընդհանուր կոալիցիոն որոշումների կայացման գործընթաց, սահմանել հանրային լսումների իրականացման հստակ մեխանիզմներ (քաղաքապետարանի հայեցողությանն են թողնված այժմ), կազմակերպել շահագրգիռ խորհրդակցություններ՝ մասնագիտական եւ թիրախային խմբերի հետ, քաղաքապետարանի կայքում առանձին բաժին ստեղծել՝ քաղաքապետին կից հանրային խորհրդի գործունեությանը ծանոթանալու, քաղաքացու հետ կապն ապահովելու համար։
ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն էլ օգնության հասավ փոխքաղաքապետին՝ նկատելով, որ կան առանձին դրվագներ, որոնք հույս են տալիս, որ քաղաքական կամք կա ու դրա դրսեւորումներից մեկը հենց «Ակտիվ քաղաքացի» հարթակն է, որն օրենքով սահմանված չէ։ Նաեւ՝ «Կանաչ Երեւան» ծրագիրը, բաց կառավարման գործընկերությանը միանալը։ Խնդիրը, ըստ նրա այն է, թե ինչպե՞ս ենք պատկերացնում համագործակցությունը եւ ի՞նչ քայլեր են արվում դրա համար։ Բանախոսի գնահատմամբ, ճիշտ է, 21-րդ դարում ենք գտնվում եւ առցանց հարթակները մեծ հնարավորություններ են ընձեռում, բայց պատշաճ ծանուցումը կարեւոր է։ Նաեւ կարեւոր է՝ պատշաճ ժամանակի տրամադրումը, որպեսզի մարդիկ հասցնեն ծանոթանալ փաստաթղթերին ու հետագա հաշվետվողականություն պահպանել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ