Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունների նախաշեմին կարող են կեղտոտ փողեր շրջանառվել, բայց մենք հասանելիություն չունենք ֆինանսական դետալներին․ օրենսդրական փոփոխություններ են պետք»

Մարտ 03,2026 13:55 Share

Քաղաքացիական հասարակությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բարձրաձայնում է օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը։ Այսօր Մեդիա կենտրոնում հրավիրված «Ի՞նչն է խանգարում լավ Ընտրական օրենսգրքին ապահովել ժողովրդավարական ընտրություններ» խորագրով քննարկման ժամանակ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն անդրադարձավ կուսակցությունների ֆինանսավորման հարցին՝ բարձրաձայնելով առկա խնդիրները։

«Եթե նախկինում նախընտրական հիմնադրամի մուտքի մասին քիչ թե շատ տեղեկատվություն ունենում էինք ընտրությունների նախաշեմին, ապա 2025 թվականին կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ տվյալներն ունենալու ենք միայն այս տարվա մայիսի վերջին, երբ արդեն շատ մոտ են ընտրությունները։ Եվ մենք չենք կարող հավելյալ ինֆորմացիա ստանալ։ 2026 թվականի հունվարից մայիսի ժամանակահատվածի վերաբերյալ մենք ինֆորմացիա կունենանք միայն 2027 թվականին, որը կարծում եմ՝ որեւէ ողջամտության չի դիմանում։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք հասկանում ենք, որ կարող են լինել վտանգներ, օտարերկրյա միջամտություն, կարող են կեղտոտ փողեր շրջանառվել ընտրությունների նախաշեմին, ինչի վրա մենք բոլորովին չենք կասկածում, եւ լինելու են նաեւ կուսակցություններին փոխկապակցված կամ նրանց համար աշխատող երրորդ անձինք, որոնք որեւէ կերպ հաշվետու չեն։ Այս ամբողջը ունենալով՝ մենք լիարժեք հասանելիություն չունենք ֆինանսական դետալներին։ Դա խիստ մտահոգություն է առաջացնում մեզ մոտ։

Եվ, չնայած ընտրություններն արդեն շատ մոտ են, բայց մենք շարունակում ենք պնդել, որ Ազգային ժողովը փոփոխություններ իրականացնի օրենքում։ Պետք է լուծում տրվի, եւ մինչեւ ընտրությունները պետք է ամբողջովին հասանելի լինեն կուսակցությունների նվիրատվությունները։ Կարծում ենք՝ շատ կարեւոր է, որ որոշակի քայլեր ձեռնարկվեն առնվազն կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը երաշխավորելու համար, բայց նաեւ երրորդ անձանց կողմից ֆինանսավորումը կարգավորելու համար։ Եթե մենք շեմեր ենք դրել իրավաբանական անձանց նվիրատվությունների համար եւ դրան զուգահեռ չունենք որեւէ կարգավորում կուսակցությունների հետ փոխկապակցված իրավաբանական անձանց կողմից մեծածավալ գումարներ ծախսելու վերաբերյալ, ապա այդ շեմերը դառնում են անիմաստ»,- ասաց Սոնա Այվազյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանն ասաց, որ թեեւ Ընտրական եւ Քրեական օրենսգրքերով քաղաքական ֆինանսավորման հետ կապված կարգավորումները բավական զարգացում են ունեցել, այդուհանդերձ՝ համակարգը դեռեւս ունի խոցելիություն, ինչը որոշ կուսակցություններ օգտագործում են։

«Եվ մենք այժմ տեսնում ենք, որ արդեն կան սուբյեկտներ, որոնք շրջանցում են ֆինանսավորման հետ կապված կարգավորումները։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի հետ կապված մտահոգություններին, վարչական ռեսուրսի հետ կապված եւս կարգավորումներն իդեալական չեն, կան ռիսկեր։ Բայց մեր նախորդ դիտորդական աշխատանքը ցույց է տալիս, որ վարչական ռեսուրսի ազդեցությունն ընտրությունների արդյունքի վրա անհամեմատ ավելի փոքր է, իսկ որոշ ընտրությունների դեպքում տեսել ենք, որ համարյա զրոյական է։ Մենք նաեւ որպես խնդիր ենք տեսնում օտարերկրյա միջամտությունը, որն արդեն իսկ դրսեւորվում է տաբեր ձեւերով։ Եվ մեր կանխատեսումներով՝ այդ միջամտությունն էապես ավելանալու է ընտրություններին ընդառաջ։ Այս պահին ուժերի անուններ չեմ ուզում տալ, որովհետեւ «Անկախ դիտորդ»-ն սկսելու է իր երկարաժամկետ դիտորդությունն արդեն գալիք երկուշաբթի օրվանից, հավաքագրելու ենք ավելի մանրամասն տեղեկություններ»,- նշեց Իոաննիսյանը։

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ քաղհասարակության խոշորացույցի տակ է ընդդիմությունը, սակայն իշխանությունների հնարավոր գործողություններն ընտրությունների ժամանակ այնքան էլ չեն ուսումնասիրվում, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Իհարկե, ոչ, խոշորացույցի տակ է ոչ թե ընդդիմությունը, խոշորացույցի տակ են բոլոր այն քաղաքական սուբյեկտները, որոնք ապօրինի ֆինանսավորում են ներգրավում կամ քարոզարշավն ապօրինի կերպով են ֆինանսավորում։ Մենք խնդիր ունենք նրա հետ, որ ֆինանսավորման կարգի հետ կապված կարգավորումները շրջանցելու խոցելի տեղեր կան։ Եվ այդ շրջանցելու հնարավորությունները պետք է փակել, խաղի կանոնը խաղի կանոն է։ Եվ այդ խաղի կանոնները շրջանցելու հնարավորությունները պետք է փակվեն, այդ թվում՝ Քրեական օրենսգրքով»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը նշեց, որ նախկինում եւս կուսակցությունները կարող էին հիմնադրամին վճարել այնքան, ինչքան ուզում էին։ «Այն բացը, որն այժմ կա, այն է, որ կուսակցությունները, որոնք նոր են հիմնադրվել, ստացվում է, որ երբեւէ հաշվետու չեն եղել պետությանը, տվյալ դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Այն ժամանակ եւս այդ բացը կար։ ԿԸՀ նոր կարգավորումներով մենք ծախսերի մասն ենք վերահսկում, ծախսերը կարող են լինել միայն հիմնադրամից, եւ այնքան էլ դժվար չէ դա վերահսկել, ինչպես նկարագրվում է։ Կապված այն հարցի հետ, որ իրավաբանական անձը նվիրատվություն է անում քարոզչության ընթացքում, օրինակ, անվճար տարածք կամ գույք է տալիս, ստացվում է, որ խախտվում է այն սկզբունքը, որ իրավաբանական անձը չպետք է կուսակցությանը ֆինանսավորի։ Այս խնդրով մենք զբաղվում ենք, հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Այն հայտարարությունը, թե ստացվում է՝ շեմեր սահմանելն անիմաստ է, մենք չենք կիսում այդ մոտեցումները»,- ասաց Սմբատյանը։

ԿԸՀ քարտուղարը նշեց, որ բոլոր քաղաքացիներն ազատ են ցանկացած եղանակով քարոզչություն անել, ավելին, բոլոր քաղաքացիներն ազատ են քարոզչության համար իրենց առանձնացրած ֆինանսը վճարել կուսակցության հաշվեհամարին, որպեսզի կուսակցությունը պլանավորի իր քարոզչությունը։

Դանիել Իոաննիսյանն ի պատասխան ասաց․ «Այժմ կան երրորդ անձինք՝ իրավաբանական անձինք, որոնք ֆինանսավորում են այս կամ այն կուսակցության գրասենյակի վարձակալմանը, այս կամ այն կուսակցության կողմից դռնեդուռ քարոզչություն իրականացնելը, թռուցիկներ տպագրելը, ավտոբուսներ վարձակալելը։ Սրանք մենք տեսնում ենք, սրանք իրողություններ են, որոնք այս պահին տեղի են ունենում հանրապետությունում։ Եվ մեր հարցն այն է, թե ի՞նչ ենք մենք անում, որովհետեւ սա ամբողջությամբ հակասում է Կուսակցությունների մասին օրենքի կարգավորումներին»։

«Գուցե այս պահին տեղի է ունենում, բայց այս պահին չկա նախընտրական քարոզչություն, եւ ընդհանրապես պետության վերահսկողությունն այս պահին կուսակցության առօրյա գործունեության վերահսկողությանն է վերաբերում։ Ինչ վերաբերում է արդեն նախընտրական քարոզչության ժամանակահատվածին, այսինքն՝ մայիսի 8-ից հետո, ես կխնդրեմ, որ ցանկացած այդպիսի դեպք ուղակեք ԿԸՀ։ Եվ ԿԸՀ-ն անհետեւանք չի թողնի ցանկացած այդպիսի դեպք։ Մենք եւս կարծում ենք, որ իրավաբանական անձը չի կարող նախընտրական քարոզչության ընթացքում նվիրատվություն անել կուսակցությանը, այդ թվում՝ նվիրատվություն անել հիմնադրամին։ Օրենսդրական լուծումը չկա, բայց մենք դա մեզ համար առանձնացրել ենք, հասցեագրել ենք այդ խնդիրը, որպեսզի լուծենք մինչեւ այն պահը, երբ նախընտրական քարոզչության ծախսերը կսկսեն իրականացվել»,- արձագանքեց Արմեն Սմբատյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031