Մայիսի 28-ին ԵՄ-ն հայտարարեց կայուն եւ անվտանգ Սեւծովյան տարածաշրջանի նոր ռազմավարության մասին, որը ներառում է Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը։
ԵՄ ռազմավարությունն ուղղված է կապերի ու տնտեսական աճի խթանմանը՝ Եվրոպան կապելով Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ դրանից դուրս գտնվող տարածաշրջանների հետ։ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի պայմաններում ռազմավարությունը նպատակ ունի նաեւ ամրապնդել ԵՄ-ի աշխարհաքաղաքական դերը որպես հուսալի դերակատարի Սեւծովյան տարածաշրջանում։
ԵՄ-ն կխորացնի համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ շարունակելով համագործակցությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման ուղղությամբ։ Սեւծովյան տարածաշրջանում ԵՄ ապագա համագործակցությունը կկենտրոնանա հետեւյալ ուղղությունների վրա՝
- անվտանգության, կայունության եւ դիմակայունության զորեղացում.
- կայուն տնտեսական աճի եւ բարեկեցության խթանում.
- շրջակա միջավայրի պաշտպանություն, կլիմայական փոփոխություններին դիմակայելու կարողությունների զարգացում եւ քաղաքացիական պաշտպանություն։
Տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին ԵՄ-ն վերոնշյալ ուղղություններից յուրաքանչյուրի շրջանակում կիրականացնի երեք հիմնական նախաձեռնություն՝ տարածաշրջանի աճի ներուժը բացահայտելու եւ միաժամանակ հակամարտային եւ անվտանգության հրատապ մարտահրավերներին արձագանքելու նպատակով.
Կարդացեք նաև
- «Սեւ ծովի ծովային անվտանգություն» ծրագիրը եւ Սեւ ծովի ծովային անվտանգության կենտրոնի ստեղծումը կամրապնդեն ծովային անվտանգությունն ու պաշտպանվածությունը, կպաշտպանեն կարեւորագույն ծովային ենթակառուցվածքները եւ ծովային միջավայրը: Այն նաեւ կամրապնդի տարածաշրջանային համագործակցությունը ականազերծման հարցում եւ կարձագանքի շրջակա միջավայրի եւ ծովային անվտանգության ռիսկերին:
- Տրանսեվրոպական ցանցերին համահունչ հատուկ Միակցվածության օրակարգը կզարգացնի տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ցանցերը՝ Սեւծովյան տարածաշրջանի՝ որպես Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով Կենտրոնական Ասիայի հետ կապող կենսականորեն կարեւոր միջանցքի ներուժն օգտագործելու համար՝ խթանելով տնտեսական աճը եւ մրցունակությունը:
- Կամրապնդվի ծովեզրյա համայնքների եւ կապույտ տնտեսության ճյուղերի պատրաստվածությունը՝ Սեւծովյան երկրներին հնարավորություն տալով հաղթահարել պատերազմի հետ կապված շրջակա միջավայրի վնասը, արձագանքել կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերին եւ օգտվել կայուն աճի հնարավորություններից:
Ռազմավարությունը կմիավորի ԵՄ բոլոր համապատասխան գործիքներն ու քաղաքականությունները՝ մոբիլիզացնելով ներդրումներ՝ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության եւ «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ոգու հանգույն (ԵՄ հաստատությունները՝ անդամ պետությունների, ինչպես նաեւ եվրոպական ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ):
«Եվրոպական միության ակտիվ դերը կարեւոր է Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության ամրապնդման գործում, հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի պայմաններում։ Մենք սերտորեն կհամագործակցենք մեր հարեւանների հետ՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը խթանելու համար։ Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ուժեղ եւ ավելի բարգավաճ ապագա բոլորի համար», – նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է գործընկեր երկրների հետ անցկացնել ԵՄ նախարարական հանդիպում՝ ԵՄ ռազմավարական մոտեցման շրջանակներում համագործակցությունը խթանելու համար։
EU NEIGHBOURS east