Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։ Հարցաքննվում էր տուժող ոստիկաններից մեկը։
«Մոտեցանք Ամիրյան փողոց, ճանապարհը փակ էր, խնդրեցինք ճանապարհը բացեն, օրինական պահանջ ենք ներկայացրել, որ ճանապարհը բացեն»,-ասաց ոստիկանը:
Իրեն ուղղված հարցին՝ գործով մեղադրյալներին անձամբ տեսե՞լ է, նա պատասխանեց, որ տեսել է միայն Լեւոն Քոչարյանին, նաեւ ընդամենը հիշում է, որ մարդիկ փակել էին Ամիրյան փողոցը, ինչ-ինչ մարդիկ էլ գոռում էին:
«Եթե ճանաչում եք Լեւոն Քոչարյանին, ո՞րն է եղել նպատակը, որ իրեն մոտենում էիք, ի՞նչ իրավախախտում էր նա կատարել, Սերգեյ Ասատուրովը, Լեւոն Քոչարյանը եւ հավաքի մյուս մասնակիցները ի՞նչ իրավախախտում էին կատարել»,-հարց ուղղվեց տուժող ոստիկանին: Նա նորից կրկնեց, որ ճանապարհ էին փակել:
Կարդացեք նաև
Իսկ ճանապարհ փակելը Հայաստանի Հանրապետությունում իրավախախտո՞ւմ է՝ այս հարցին ի պատասխան էլ ասաց, որ չի կարող պատասխանել: Ընդհանրապես նա բոլոր հարցերի վերաբերյալ կցկտուր պատասխաններ էր տալիս, ասում էր, որ չի հիշում, չի տեսել, չգիտի:
«Ինքս անձնապես ձեզ հիշում եմ հավաքներից, հարցս այսպես ձեւակերպեմ՝ 2023թ․ սեպտեմբերի 22-ի իրադարձություններն իրենց մեջ արտառոց մի բան պարունակե՞լ են, թե՞ չէ: Դուք 20 տարվա ծառայության փորձ ունեք, վստահ եմ, որ ձեր ծառայության ընթացքում եղել են դեպքեր, որոնք ձեր մեջ տպավորվել են, եղել են դեպքեր, որ ուղղակի ծառայության մաս են կազմել: Այդ օրն արտառոց մի բան եղե՞լ է ձեր համար, տարբերվող մի բան»,-ոստիկանին հարցրեց Լեւոն Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը: Ոստիկանը պատասխանեց, որ ամեն նման հավաքի հետ կապված մի բան եղել է, բայց ինքը հատուկ չի առանձնացրել, թե ինչն է արտառոց, ինչը՝ ոչ.:
«Վստահ եմ՝ լինելով սպա, ՀՀ քաղաքացի, չեք կարող չհետեւել իրադարձություններին, 2023թ․ սեպտեմբերի 22-ի այդ հավաքի վերաբերյալ տեղեկություն ունեի՞ք՝ առհասարակ ինչի մասին էր, մենք բազմաթիվ հավաքներ ենք տեսել, հավաք է եղել սոցիալական խնդիրներով, հավաք է եղել՝ այլ խնդիրներով, կհիշե՞ք, թե 2023թ․ սեպտեմբերի 22-ի հավաքին մարդիկ ինչի համար էին դուրս եկել»,-նորից նրան հարց ուղղեց Արամ Վարդեւանյանը:
«Հասկանում եմ ձեր հարցը, բայց չեմ հիշում»,-ասաց տուժող ոստիկանը:
«Ես անկեղծորեն ձեր խոսքերին չեմ ուզում կասկածով վերաբերվել, բայց նաեւ կարծում եմ, որ իմ հայրենակիցը, 20 տարվա ոստիկանության ծառայողը չի կարող անտարբեր լինել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին»,-ասաց փաստաբանը:
Ոստիկանը շարունակում էր պնդել, որ ոչինչ չի հիշում, եղել են հավաքներ, որի ժամանակ իրեն հարվածել են, բայց ինքը չի հիշում, թե ով եւ չի տեսել հարվածողի դեմքը:
Մանրամասն տեսանյութում.
Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկներն արձանագրել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ