«Ապառաժ». «Մանկությունը՝ նշանառության տակ» շարքի շրջանակում լրագրող Շուշան Փափազյանն ու ֆոտոլրագրող Անի Գևորգյանը փաստագրել են Արցախի վրա Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված երեխաների ճակատագրերը՝ բացահայտելով վիճակագրական թվերի հետևում թաքնված մարդկային զգայական պատմությունները։ 2016-2023 թվականներին արցախյան հակամարտության տարբեր փուլերը՝ սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունը, խլել են բազմաթիվ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքեր։ Զոհված երեխաների վերաբերյալ տվյալներն ամբողջական չեն: Թեև ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 7 երեխա, «Թաթոյան» հիմնադրամի զեկույցում միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման արդյունքում նշվում է 21 քաղաքացիական զոհ, որոնցից 6-ը՝ երեխաներ։ Այս պատմությունները հիշեցնում են, որ վիճակագրության հետևում չապրած մանկությունն է, ընդհատված երազանքներ և խեղված ապագան։
Գայանե Գրիգորյանը մանրամասն նկարագրում է, թե ինչպիսին էր ավագ որդու՝ 12-ամյա Վաղարշակի փոքր հողակտորը։ Տպավորություն է, ասես մայրը չի ցանկանում բաց թողնել որևէ դրվագ։ Այս հիշողության թելը Գայանեին ու ավագ որդուն կապող պահերից է.
«Ամուսնուս հայրական տանը՝ Հերհեր գյուղում, փոքր հողակտոր ունեինք։ Վաղարշակն իր բաժինն ուներ, ծառ ու ծաղիկ էր տնկել։ Մեծ սիրով էր խնամում, ոչ մեկս իրավունք չունեինք իր ծառերին ձեռք տալու։ Իր մահից հետո մենք սկսեցինք խնամել։ Ծառերը սկսեցին բերք տալ։ Դեղձենի ուներ։ Սկզբից չէինք կարողանում բերքը հավաքել, հետո կամաց-կամաց սովորեցինք»։
Գրիգորյանների ընտանիքը ապրում էր Մարտունու շրջանի Ներքին Ճարտար (Զորավան) գյուղում։ Գայանեի ամուսինը՝ Թաթուլը, զինվորական ծառայության մեջ էր այդտեղ: Երեք զավակները՝ Վաղարշակը, Գոռն ու Գևորգը, հաճախում էին դպրոց, ինքն էլ որպես ուսուցչուհի էր աշխատում տեղի դպրոցում։ Կյանքի բնականոն ընթացքը խախտվեց 2016-ի ապրիլյան Քառօրյա պատերազմի օրերին։
Կարդացեք նաև
Ապրիլի 2-ի առավոտյան Ներքին Ճարտարի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հրթիռահրետակոծության հետևանքով դպրոցի ճանապարհին սպանվեց Գայանեի որդին՝ 12-ամյա Վաղարշակը, մյուս որդին՝ 11-ամյա Գևորգը, ծանր վիրավորումներ ստացավ։
«Իր տարիքի համար Վաղարշակը շատ ավելի հասուն էր մտածում։ Մեզ միշտ ասում էր՝ բիզնեսներ է հիմնելու, գյուղը զարգացնի։ Արտաքնապես էլ ընդհանրապես նման չէր իր հասակակիցներին՝ շատ բարձրահասակ էր։ 7-րդ դասարանում էր սովորում, երբ դեպքը եղավ։ Ինձ միշտ ասում էր, որ մեծանա՝ շատ հայտնի է լինելու։ Ես չէի էլ պատկերացնի, որ նա պետք է այսպես հայտնի դառնար…»- ասում է Գայանեն։
Նախքան Քառօրյա պատերազմը զինվորական թաղամասը հակառակորդի նշանառության տակ չի եղել։ Գայանեն պատմում է, որ կրակոցներ հաճախ են հնչել, բայց դպրոցն ու տները չեն թիրախավորել։ Միշտ մտածել է, թե վտանգը մեծ չէ. «Ամեն դեպքում երեխաներին չէինք թողնում բակում մենակ շատ մնան կամ մենակ դպրոց գնան։ Բայց ես երբեք չեմ մտածել մեր տունը լքելու մասին»։
Պատերազմը ապրիլի 2-ին էր սկսվել, բայց շարժ կար՝ մարդիկ գնում էին աշխատանքի, երեխաները՝ դպրոց։ Գայանեն զանգել էր Մարտունի, հարցրել՝ վիճակն ինչպես է։ Պատասխանել էին, թե անհանգստանալու կարիք չկա։
«Առավոտ շուտ էր, մոտավորապես ժամը 8-ն անց կես, ես երեխաների հետ դպրոցի ճանապարհին էի։ Նրանք ինձնից առաջ էին ընկել, հասել էին արդեն բակ։ Ուժեղ ձայն լսեցի, ոնց որ ֆշշոց լիներ։ Ամեն բան մի պահ ծխի մեջ կորավ, մի պահ չհասկացա, թե ինչ կատարվեց։ Վախեցա, վազեցի երեխաներիս ուղղությամբ»։
Գայանեն երեխաներին գտնում է ծխի մեջ։ Գոռը, Գևորգն ու իրենց ընկերը՝ Վարդանը, արյան մեջ էին, գետնին. «Գոռը Վաղարշակին մի կերպ ինձ մոտ բերեց։ Ես գրկել էի նրան, դեռ ողջ էր։ Մտածում էի՝ ինչպես փրկեմ տղայիս։ Բղավում էի, որ մեքենա մոտեցնեն»։
Հավաքվածների մեջ գտնվում է մեկը, որը մեքենա ուներ։ Գայանեն՝ Վաղարշակը գրկում, նստում է այդ մեքենան։ Վարդանի ծնողները հիվանդանոց են տանում մյուս որդիներին։
«Վաղարշակին տարանք զինվորական հոսպիտալ, որ փրկվի։ Վարորդը զինվորական էր, դրա համար էլ այդ ուղղությամբ մեզ տարավ։ Մյուս որդիներս, ընկերոջ՝ Վարդանի ու իր ծնողների հետ, շրջանային հիվանդանոցում էին։ Վաղարշակն անընդհատ ինձ էր նայում, իմ գրկի մեջ էր։ Երբ հանձնեցինք բժիշկներին, ասացին, որ ուշացրել ենք՝ ճանապարհին երեխաս մահացել էր։ Բեկորը զարկերակին էր դիպել։ Ես չէի ուզում հավատալ։ Անջատվել էի։ Ինձ ասում էին՝ Գևորգը լավ չի, որ թողնեմ ու գնամ»։
Որդու զոհվելուց հետո Գայանեն ամեն օր սպասում է նորության. դպրոցի հրթիռակոծության և որդու մահվան գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ են ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի. «Մտածում եմ՝ եթե արդարություն գոյություն ունի, ապա մի լուր կստանանք»։
Շուշան Փափազյան
Անի Գևորգյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: